Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր, իհարկե, կարիք կա պարզելու Փաշինյանի եւ նրա թիմի հանդեպ վստահության մակարդակը. Էդգար Վարդանյան. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 24,2020 12:36

ՀԺ-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

– Հայաստանում չեն դադարում բողոքի ակցիաները վարչապետի հրաժարականի պահանջով: Ըստ ձեզ՝ արդյոք վարչապետի հրաժարականը կարո՞ղ է լինել իրավիճակից ելք:

– Որպեսզի հասկանանք՝ ինչ նկատի ունեք իրավիճակից ելք ասելով՝ պետք է հասկանանք, թե ինչ իրավիճակ է: Իսկ իրավիճակը հետեւյալն է. ենթարկվելով ադրբեջանա-թուրքական տանդեմի եւ իսլամիստ տեռորիստների հարձակմանը՝ Արցախի բանակը ՀՀ բանակի մասնակցությամբ ինքնապաշտպանվել է, սակայն որոշ ժամանակ անց Արցախը եւ ՀՀ-ը, ունենալով մարդկային եւ տարածքային լուրջ կորուստներ (խոսքը, բնականաբար, Արցախի տարածքի մասին է), համաձայնել են հայտնի պայմաններով հրադադարի, համաձայնել են, քանզի եղել է համոզմունք, որ ռազմական գործողությունների շարունակվելու պարագայում Արցախը կարող է ամբողջությամբ կորսվել: Հրադադարի փաստաթուղթը ստորագրել է Հայաստանը, որովհետեւ Արցախը ճանաչված չէ, եւ Հայաստանը նրա անվտանգության երաշխավորն է:

Այս պարագայում մենք ի՞նչ կարող ենք ակնկալել, կարող ենք ակնկալել, որ Մինսկի խմբի ձեւաչափում ինչ-որ ժամանակ հետո նոր բանակցություններ կարող են վերսկսվել, եւ այդ բանակցությունների ժամանակ հայկական կողմերը պետք է ձգտեն որոշակի հայանպաստ լուծումներ ամրագրել: Օրինակ՝ առաջին հերթին կարգավիճակի հարցը, Արցախի սահմանների ճշգրտման հարցը եւ այլն: Իշխանությունները պետք է ունենան լեգիտիմության մեծ պաշար, որպեսզի արդյունավետ իրականացնեն այդ բանակցությունները: Բայց այս պահին մենք հասկանում ենք, որ հենց այսօր ով էլ լինի իշխանություն, որեւէ բան հայտարարության դրույթների հետ կապված չի կարող փոխել: Այսօր եթե ինչ-որ բան հնարավոր է փոխել, դա Ռուսաստանից է կախված: Ինչ իշխանություն էլ լինի, առնվազն կարճաժամկետ կտրվածքով նույն իրավիճակն է լինելու:

Ամեն դեպքում, հանրությունն այսօր հստակ չգիտի, թե որն է պարտության պատճառը, որքան է դրանում վարչապետի, տարբեր պաշտոնյաների մեղքը. տարբեր մարդիկ, տարբեր խմբեր ունեն իրենց պատկերացումները այս ամենի վերաբերյալ: Իսկ հասարակության մեծամասնության կամքը, ցանկությունը ինչպիսի՞ն են վարչապետի հրաժարականի պահանջի հետ կապված: Այսօր մենք չունենք որեւէ գործիք դա արագ ճշտելու համար: Սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ բավարար վստահություն դեռ չկա, հարցումներ էլ դեռ չկան, որքան գիտեմ ընդամենը մեկ հարցում է եղել, եւ կոնկրետ այս հարցը ներառված չի եղել: Նման պարագայում հանրության վերաբերմունքը պարզելու գործիքներից մեկը կարող է լինել, օրինակ, վստահության հանրաքվեն, որ մարդիկ ասեն՝ վստահում են, թե չենք վստահում Նիկոլ Փաշինյանին: Իսկ այսօր, իհարկե, կարիք կա պարզելու Փաշինյանի եւ նրա թիմի հանդեպ վստահության մակարդակը, քանի որ, անկախ ամեն ինչից, փաստն այն է, որ հայկական կողմերը պարտվել են:

– Ընդդիմությունը առաջարկում է արտահերթ ընտրություններ, դրանք նույն վստահության հանրաքվեն չե՞ն:

– Իհարկե, արտահերթ ընտրությունները յուրօրինակ վստահության հանրաքվե են, լարված մթնոլորտի լիցքաթափման առումով լավ քայլ կլինեն, բայց որպեսզի արտահերթ ընտրությունները իսկապես ընտրություններ լինեն, անհրաժեշտ են անպիսի պայմաններ, որոնք թույլ կտան տարբեր քաղաքական ուժերին հանգիստ մթնոլորտում ներկայացնելու իրենց ծրագրերը: Մենք արդյո՞ք հիմա ունենք այդպիսի մթնոլորտ: Եվ տրամաբական է, որ այդտեղից պետք է սկսել: Երբ նայում ենք ԶԼՄ-ների հրապարակումները, սոցցանցերում առկա քննարկումները, փողոցում առկա գործընթացները, որեւէ բան չի վկայում, որ այդպիսի նպաստավոր մթնոլորտ կա: Բացի այդ, Հայաստանի քաղաքական համակարգը դեռ չի կայացել, չեն կայացել կուսակցությունները: Այդ իսկ պատճառով, եթե ուզում ենք, որ լինեն իրական ընտրություններ, նաեւ ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը կայանան, հստակեցնեն, ձեւավորեն իրենց ասելիքը, թիմերը եւ այլն: Հիմա ինչ-որ առումով ֆորսմաժորային իրավիճակ է, եւ որոշակի ժամանակ է պետք, որ հանրությունը պատրաստվի նոր ընտրություններին: 2018-ի ընտրությունները թեեւ ազատ ընտրություններ էին, սակայն դրանք ընդամենը ամրագրեցին հեղափոխության արդյունքները, դրանք կոնկրետ իրավիճակին համապատասխան ընտրություններ էին:

Հիմա նաեւ տարբեր առաջարկներ են արվում. մի մասն ասում է՝ հենց այսօր պետք է հրաժարական տա վարչապետը, մի մասն ասում է՝ ժամանակավոր կառավարություն պետք է ստեղծվի, ոմանք ասում են՝ անթույլատրելի է, որ «Իմ քայլից» լինի ժամանակավոր վարչապետը, ոմանք ասում են՝ ո՛չ, «Իմ քայլից» պետք է լինի եւ այլն: Իսկ ո՞րն է օպտիմալ կամ, այսպես ասենք, ճիշտ տարբերակը, երբ կան այսպիսի՝ հաճախ իրարամերժ առաջարկներ: Ես չեմ ուզում լուծում առաջարկել, ես խոսում եմ քաղաքագետի դիրքերից, ինչը ենթադրում է իրավիճակի հնարավորինս օբյեկտիվ, գիտական վերլուծություն: Մենք խորհրդարանական պետություն ենք, ժողովուրդի քվեի արդյունքում ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնությունը, մեծամասնությունը ընտրում է վարչապետ: «Իմ քայլը» շատ մեծ քվեով է ընտրվել: Ո՞վ պետք է այսօր որոշի, թե երկրի վարչապետն ով պետք է լինի, եթե ոչ քաղաքական մեծամասնությունը: Եթե մեծամասնությունը փոխվի, «Իմ քայլի» պատգամավորների զգալի մասը դուրս գան խմբակցությունից, եւ «Իմ քայլը» դադարի մեծամասնություն լինել, այս դեպքում կարող ենք արձանագրել, որ կա լուրջ քաղաքական ճգնաժամ, եւ այդ իրավիճակին համապատասխան լուծումներ կփնտրվեն: Բայց մինչ այս պահը քաղաքական մեծամասնությունը չի փոխվել: Մենք նաեւ տեսնում ենք, որ ժողովրդի շատ փոքր մասն է ակտիվ պահանջում վարչապետի հրաժարականը: Փողոցում հավաքվում են 3-5 հազար մարդիկ, նրանք դուրս են գալիս հիմնականում 16 ուժերի կոչով, այսինքն՝ կարող ենք ասել, որ դրանց մեծ մասը 16 ուժերի համակիրներն են: Չկա նաեւ բողոքի որեւէ այլ ձեւաչափ՝ ստորագրահավաք, որեւէ այլ նախաձեռնություն որը ցույց կտար, որ քաղաքացիների մեծ մասը նման պահանջով է հանդես գալիս:

Նաեւ այսպիսի մի հարց՝ եթե նույնիսկ ինչ-որ կերպ պարզվի, որ էսօր հանրության մեծամասնությունը ցանկանում է Փաշինյանի հրաժարականը, դա չի նշանակում, որ այդ մեծամասնությունը ցանկանում է, որ նրա փոխարեն իշխանության գա այդ 16-ի ֆորմատը: Ըստ էության՝ 16-ի հիմնական կորիզը այն ուժերն են, որոնց քաղաքացիների մեծամասնությունը դիտարկել է որպես հակաժողովրդավարական եւ քաղաքացիական դիմադրության լայնամասշտաբ արշավի արդյունքում հեռացրել իշխանությունից:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30