Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էր՝ Աստծո պարգեւ եմ, ու Աստված էլ իրեն տարավ». զոհված կրտսեր սերժանտի քույր

Նոյեմբեր 24,2020 12:30

Հասմիկ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում հուզմունքով, բայց հպարտությամբ է պատմում եղբոր՝ 2000 թվականի դեկտեմբերի 12-ին ծնված եղբոր, կրտսեր սերժանտ Հակոբ Հարությունյանի մասին, որն անմահացավ հոկտեմբերի 31-ին: 20-ամյա Հակոբը Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից էր, բայց Երեւանում էր ապրում: Նա տան կրտսեր զավակն էր, փայփայված երեխա: Վերջին անգամ ծնողներին զանգել հոկտեմբերի 30-ի գիշերը, պատվիրել էր չանհանգստանալ, եթե հանկարծ էլ չկարողանա զանգել:

Հասմիկն ասում է, որ երկու ամիս էր մնացել, որ եղբայրը զորացրվեր: Ասում է՝ Հակոբը աշխույժ, ճարպիկ, բարի երիտասարդ էր, շվի էր նվագում, երազում էր կոնսերվատորիա ընդունվել, այնքան առույգ ու խելացի երեխա էր, որ դպրոց էր գնացել 5 տարեկանից: «Իրեն 5 րոպե դասամիջոցը բավարար չէր էներգիան սպառելու համար: Շատ էր սիրում եկեղեցիներ այցելել, հավատում էր Աստծուն: Շորերի գրպաններում միշտ խաչեր կային: Ասում էր, որ պատերազմն ավարտվի, տուն գա, եկեղեցի է կառուցելու: Ասում էր՝ ինձ անվճար կոնսերվատորիա կընդունեն՝ որպես պատերազմի մասնակից: Ինքը բոլորին շատ հասնող մարդ էր…»,- պատմում է հերոսի քույրը:

Հավելում է. «Հակոբն իմ փոքր եղբայրն է, սպասված ծնունդ է եղել, շատ ուշ է ծնվել, երազել են իրեն, ասում էր՝ ես Աստծո պարգեւ եմ, ու էդպես էլ Աստված իրեն տարավ…Վերջին անգամ, որ գիշերը զանգեց, մամայիս ու պապայիս հետ խոսեց, ասաց՝ դուք մի անհանգստացեք, հերոս տղա ունեք, ինձ ոչ մի բան էլ չի լինի, նաեւ ասաց՝ կարող է` էլ չկարողանամ զանգեմ, դուք ձեզ լավ նայեք»:

Հասմիկ Հարությունյանը նշում է, որ եղբայրը գրպանում աղոթարաններ էր պահում. «Երբ շորերն ուղարկեցին, ծոցագրպանում սրբի նկար կար, զոհվելու ժամանակ վզին խաչ է եղել… Ինքը «Գրադ» զենքի վրա էր: Մի օր զանգեց, ասաց «Գրադս» պայթել է, հիմա ինձ տեղափոխում են հրանոթի վրա, հիմա էլ Մատաղիսի դիրքերը պիտի պահեմ: Վերջին օրերին քեռիիս հետ էլ էր խոսել, ասել էր, որ ամենավտանգավոր դիրքում եմ, բայց մամայիս ու պապայիս չեմ ուզում ասել, որ չնեղվեն: Իր բոլոր երազանքների մասին հեռախոսով ասում էր: Սիրած աղջիկ ուներ…Իր ամենասիրելի արտահայտությունն էր՝ ցավդ տանեմ, ամեն զանգելուց ասում էր՝ դուխներդ չքցեք, մենք սե՞նց պատերազմներ ենք հաղթել, էս ի՞նչ ա, որ չհաղթենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Հարությունյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30