Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ուզում ենք միայնակ մնալ նաև բանակցային սեղանի շուրջ, իհարկե, Փաշինյանը կարող է մնալ». Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

Նոյեմբեր 24,2020 11:28

Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում իշխանությունների պատկերացումներն ու «իրականությունը» ոչ մի կապ չեն ունեցել այն իրականության հետ, որում գտնվում է Հայաստանը: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իրենք ինչ-որ գործողություններ էին իրականացնում, որոնք պատերազմի հանգեցրին: Պատերազմի՝ այն պայմաններում, երբ մենք, փաստորեն, առանց դաշնակիցների էինք մնացել: Հիշենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ նա, դիմելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, փաստացի ասաց՝ թող իրենք հարմարվեն թավշյա հեղափոխության իրականությանը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի խոսքով, թեպետ պատերազմը հակառակը ցույց տվեց, բայց, այնուամենայնիվ, իշխանությունն այսօր էլ իր օրակարգն ունի:

«Անգամ այս խայտառակ փաստաթղթից, հազարավոր զոհերից ու տարածքային կորուստներից հետո փորձում են պահպանել այդ «իրականությունը». այսինքն, մենք կրկին հանգում ենք մի կետի, երբ իշխանությունների ունեցած պատկերացումները չեն համապատասխանում իրապես առկա իրականությանը: Բայց, մեծ հաշվով, Ն. Փաշինյանի իշխանությանն ուղղակի հաշված օրեր են մնացել: Ընդդիմությունը և հասարակության ճնշող մեծամասնությունը հաղթելու է, այս վարչակազմը հեռանալու է՝ իր անփառունակ հետքը թողնելով Հայոց պատմության դասագրքերում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով իշխանության հեռացման պահանջների վերաբերյալ շրջանառության մեջ դրվող որոշակի թեզերի՝ քաղաքագետը նկատեց. «Ակնհայտ էր, որ իշխանությունն անգամ պատերազմից հետո է փորձելու մանիպուլ յացիոն ինչ-որ մեթոդներ կիրառել: Իրականում դա միակ բանն է, որ իրենց մոտ հաջողվում է: Բայց, իհարկե, վերջնարդյունք չի ունենալու, չի ստացվելու: Օրինակ՝ ընդդիմությունը շատ լավ է գիտակցում, որ այս պահին «մենք պետք է փոխենք այդ փաստաթուղթը» ասելը նոր պատերազմ է նշանակում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ներկայիս իրավիճակում նոր պատերազմը միայն Թուրքիային է ձեռնտու: Եվ տրամաբանական է, որ ընդդիմությունը դրա համար չէ, որ պայքարում է:

Մյուս կողմից՝ ընդդիմությունը շատ տրամաբանական պահանջներ է դնում, շատ տրամաբանական քաղաքական տեքստեր է հնչեցնում առ այն, որ պատերազմի ավարտը և այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, բացի ամեն ինչից, նաև նոր բանակցությունների սկիզբ է: Եվ տրամաբանական է, որ նոր բանակցությունները պետք է վարի այն ուժը, որը ծանրաբեռնված չի լինի ներկայիս կապիտուլյացիոն խայտառակ փաստաթղթի իրողություններով: Բացի այդ, վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք տեսել ենք այս իշխանությունների գիտելիքների պաշարը, Արցախյան հարցին տիրապետելու աստիճանը, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում իրենց պատկերացումները հանգեցրեցին նաև նրան, որ պատերազմի օրերին մենք մենակ էինք մնացել: Ռուսաստանի Դաշնությունը միակն էր, որն իրական օգնություն էր ցուցաբերում պատերազմի օրերին:

Բայց հասկանո՞ւմ եք՝ անմեղսունակություն է հպարտանալ նրանով, որ մենք պայքարում ենք 90 միլիոնանոց Թուրքիայի, Ադրբեջանի և իրենց ահաբեկիչների դեմ: Պատերազմող երկրի համար միայնակ մնալն անմեղսունակություն է: Եթե ուզում ենք միայնակ մնալ նաև բանակցային սեղանի շուրջ, իհարկե, Ն. Փաշինյանը կարող է մնալ, բայց գուցե մենք մեղսունակության կանխավարկածո՞վ ենք նախընտրում լուծել քաղաքական գործընթացը: Եթե այդպես է, ապա տրամաբանական է, որ Հայաստանում իշխանության պետք է այնպիսի քաղաքական ուժ լինի, որը կկարողանա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնել: Բացի այդ, մենք պետք է նոր էջ բացենք Իրանի հետ մեր հարաբերություններում:

Իրենք ևս շահագրգռված են, որ Հայաստանում այնպիսի իշխանություն լինի, որի հետ կարելի է արդյունավետ փոխհարաբերությունների համակարգ կառուցել: Իսկ Ն. Փաշինյանը չի կարող դա անել և չի կարող ոչ թե նրա համար, որ իր հանդեպ հակակրանք կամ նման այլ բան կա, ոչ, խնդիրը շատ պարզ է. երկուսուկես տարին շատ հստակ ապացուցեց, որ այս մարդիկ իրենց պատկերացումներով չեն կարող երկիր ղեկավարել, ու իրենք երկիրը դեպի անդունդն են տանում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իրենք մեղավոր են?,որ վճարողը այդ երաժշտությունն է պատվիրել,իրենք ընդամենը պարել են այդ երաժշտության տակ….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30