ՌԴ պաշտպանության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ ՌԴ ինժեներական ստորաբաժանումների զինծառայողները շարունակում են աշխատանքները՝ ինժեներահետախուզական եւ ականազերծման ուղղությամբ ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում:
Ռուսաստանյան ինժեներական ստորաբաժանումները մասնակցում են ինժեներահետախուզական եւ ականազերծման աշխատանքներին՝ խաղաղապահ դիտակետերի եւ հանրային ճանապարհների միջեւ ընկած հատվածներում, կատարում ուսումնասիրություններ եւ ականազերծման աշխատանքներ՝ բնակելի վայրերի եւ հանրային նշանակության ենթակառուցվածքների մոտակայքում:
Ըստ նույն աղբյուրի, հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխվում են պոլիգոն եւ ոչնչացվում պայթեցման մեթոդով: Այն զինամթերքը, որ հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում: Պայթուցիկ նյութերի առկայության առումով տեղանքի հետախուզման աշխատանքների փուլերից մեկը այն դիրքերի ուսումնասիրությունն է, որոնց վրա կկառուցվեն ստացիոնար դիրքեր ռուս խաղաղապահների ծառայության իրականացման համար:
Նշվում է, որ ականազերծմանը մասնակցող զինծառայողներն ապահոված են սակրավորների համար նախատեսված ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքով, պայթուցիկ նյութերի եւ ականների որոնման համար անհրաժեշտ միջոցներով:
Կարդացեք նաև
ՌԴ պաշտպանության նախարարության կայքը տեղեկացնում է, որ ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին՝ բնականոն կյանքի վերադառնալու առումով: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային երթեւեկությունը, բնակելի տների եւ հանրային կառույցների էներգամատակարարումը, ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ