Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Քթոյան. Փոխարժեքի աճը կառավարելիության տիրույթում է, մոտ ժամանակներս ամեն ինչ կվերադառնա նախկին հետագծի մեջ . «Ժամանակ»

Նոյեմբեր 24,2020 09:38

«Ժամանակ»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արմեն Քթոյանը։

– Դոլարի փոխարժեքը հատել է 500 դրամի շեմը, և շատ տնտեսագետներ կան, որոնք նշում են, որ կարճ ժամանակով ունենալու ենք արժութային ճգնաժամ: Ի՞նչ է սպասվում այս առումով մեզ:

– Մի քանի տեսանկյունից պետք է հարցին նայել. Առաջինը՝ արտարժույթի փոխարժեքը առաջարկի ու պահանջարկի արտացոլումն է և փոխարժեքի պահանջարկի գերակշռությունը առաջարկի նկատմամբ: Այսինքն՝ սա ինչ-որ առումով նորմալ շուկայական պրոցես է: Ճգնաժամի տեսանկյունից եթե նայենք, դրամի փոխարժեքի արժեզրկումը ունենում է թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ: Եթե արտահանման տեսանկյունից նայենք, ապա արտահանվող ապրանքները ավելի էժան են դառնում, և արտաքին շուկաներում մեր մրցակցային առավելությունները մի փոքր ավելանում են: Իսկ, օրինակ, ներմուծումը այդ դեպքում թանկանում է, դա էլ ինչ-որ տեսանկյունից հնարավորություն կտա տեղական արտադրողներին ավելի մրցունակ արտադրանք թողարկել:

Այսինքն՝ խոսել այն մասին, որ սա, միանշանակ, բացասական երևույթ է, ես չէի ասի: Մենք պետք է հասկանանք, որ հետպատերազմյան շոկային իրավիճակ է և կա համատարած անվստահության դրսևորում, և դա չի կարող չանդրադառնալ մեր ազգային արժույթի վրա: Մյուս կողմից կարելի է ասել, որ փոխարժեքի աճը կառավարելիության տիրույթում է:

Ինչ վերաբերում է նրան, որ սա կարող է բերել արժութային ճգնաժամի, ապա մենք ունենք ռեսուրսներ, որոնք հնարավորություն են տալիս կառավարել այս պրոցեսը և արտարժույթի նկատմամբ նաև պահանջարկը բավարարել: Հայաստանն, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վարկային պայմանագիր է կնքել, որը նմանօրինակ իրավիճակների համար է: Այսինքն՝ ԱՄՀ-ն տալիս է վարկային գծի ինչ-որ մեծություն և անհրաժեշտության դեպքում, երբ կլինի արտարժույթի պահանջարկ, այդ պահանջարկի բավարարումը, եթե այլ աղբյուրներ չես ունենա այդ պահին, կարող ես ապահովել այդ վարկային գծի միջոցով: Մենք դեռևս ունենք բավարար պահուստային միջոցներ, այսինքն`այս պահին, համենայնդեպս, ինձ համար տեսանելի չէ այն, ինչը կարող է ճգնաժամի հանգեցնել: Ինչ-որ առումով սա հասկանալի պրոցես է և շատ բարդ իրավիճակի արտացոլումն է: Համենայնդեպս այս պահին, իմ կարծիքով, կառավարելի են այս պրոցեսները:

Այսինքն` ազգային արժույթի առնվազն 20-25 տոկոս արժեզրկում չե՞նք ունենա:

– Դժվար է ասել. հիմա այս վիճակի պատճառներից մեկն անվստահությունն է: Հիմա կարևոր է, թե որքան անվստահությունը կխորանա կամ կվերականգնվի: Հաջորդ պատճառն այն է, որ հետպատերազմյան այս շրջանում արտահանման առումով լոգիստիկական շղթաների վերականգնման խնդիր կա: Որքանով այդ շղթաները կվերականգնվեն, տնտեսական պրոցեսները որքան արագ կսկսեն նախկինի նման գործարկվել: Սրանք բոլորը հարցեր են՝ բազմաթիվ անհայտներից կախված ինչ-որ մի իրավիճակ է, հետևաբար, դժվար է միանշանակ գնահատականներ հնչեցնել: Ոչ մի գնահատում այսօր իրատեսական չէ, որովհետև գնահատման ոչ մի մոդել հիմա չի աշխատում: Մենք գտնվում ենք ինչ-որ առումով ֆորսմաժորային, ոչ ստանդարտ իրավիճակում: Հետևաբար՝ ցանկացած կանխատեսում ընդամենը ենթադրություն է, ոչ թե կանխատեսում: Մյուս կողմից չպետք է մոռանալ փոխարժեքի աճի նաև հնարավոր դրական ազդեցությունը: Իհարկե, բացասականն էլ կա, մենք նշանակալի արտաքին պարտք ունենք և առաջիկա 1-2 տարիներին այդ պարտքի բավականին զգալի սպասարկման ժամանակահատված է: Արտարժույթի փոխարժեքի ավելացումը այս առումով պարտքի սպասարկման համար լրացուցիչ բյուջետային բեռ է ձևավորում: Փոխարժեքի ավելացումը, կամայական ապրանքի գնի ավելացումն ինքնին բացասական չէ, եթե կանխատեսելի է, կամ՝ եթե սահուն է տեղի ունենում: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս իրավիճակը կկարգավորվի, և շուկայի պրոցեսները, որոնք կան և իրենց ազդեցությունն ունեն արտարժութային շուկայի վրա, կթուլանան և ամեն ինչ կվերադառնա նախկին հետագծի մեջ:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30