Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցերեկվա բվի պես կույր էինք, մա՛մ…». մենք պարտավոր ենք ուժ գտնել մեր մեջ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 24,2020 09:13

Առաջնագծից ողջ ու գրեթե անվնաս վերադարձել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Նատալի Գալստյանի որդին՝ կոնսերվատորիայի սաներից Էդվարդ Մարգարյանը։ Էդվարդը պատերազմը սկսվելու հաջորդ օրվանից կամավորագրվել ու գնացել էր հայրինքը պաշտպանելու, իսկ Նատալի Գալստյանը, մայրական քնքշանքն ու սերը հոգում պահած, Կոնսերվատորիայի դիմաց բացօթյա համերգ էր կազմակերպում, հնչեցնում էին տարբեր ժամանակներում ռազմի դաշտում գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Համերգի մասնակիցներն իրենց ուժն էին փոխանցում բոլորին՝ զինվորներին, բոլոր մայրերին, հայ ժողովրդին։

Նատալի Գալստյանն ասաց, որ որդին չի սիրում շատ խոսել ու շատ բաներ պատմել, բայց աչքերի մեջ տեսնում է հիասթափություն, որովհետեւ ինչպես իր որդին, այնպես էլ շատ-շատերը մինչեւ վերջին պահը ազնվորեն հավատում էին հաղթանակին․ «Միանշանակ, կարող եմ ասել, որ մեր տղաներն իրենց կռիվը մղել են մինչեւ վերջ, բայց այս իրավիճակում զենքը դնել ու տուն վերադառնալու փաստն իրենց համար շատ ծանր է եղել։ Նրանք չեն համարում, որ պայքարը վերջացել է։ Այս ճակատամարտը՝ միգուցե, բայց այն, որ պատերազմը չի ավարտվել, իրենց համար միանշանակ է։ Միեւնույն է, նրանք պատրաստ են իրենց հողը պահել։ Ես դա տեսնում եմ»,- ասաց նա։

Նատալի Գալստյանն անկեղծացավ՝ ամենաշատն անհանգստացել է, որ հանկարծ տղաների մոտ խոր հիասթափություն չառաջանա, եւ, բարեբախտաբար, դա չկա։

Դիրիժորը նշեց, որ առաջիկայում հայ հանրությանը նոր «վերածնունդ» է սպասվում երաժշտության տեսքով։ Երաժիշտների է հավաքում, նոր ծրագիր ունի։ «Կարծում եմ, որ վերածնունդ պիտի լինի, եւ մենք պարտավոր ենք ուժ գտնել մեր մեջ։ Հանձնվելու տեղ չունենք, իրավունք էլ չունենք։ Մեծահասակ մարդիկ, որ էսպես գլուխները կախ՝ ինչ-որ բաներ են քննարկում, չգիտեմ՝ ինչեր են ուզում անել, ուզում եմ ասել՝ ամեն մեկդ ձեր տեղում ձեր գործն արեք։ Իրավունք չունենք հիասթափվելու, հատկապես՝ իմ սերունդը։ Ես իմ հերթին զգում եմ մեղավորություն, որ մենք չենք կարողացել ճիշտ գնահատականներ տալ որոշ երեւույթների: Պիտի ավելի իմաստուն լինեինք, եւ յուրաքանչյուրս մեր գործը շատ ավելի խորությամբ պիտի հասկանայինք, անեինք։ Չգիտեմ։ Այն, ինչ հիմա է կատարվում, բնական ընթացք է։ Ցավալի թեմա է, որի մասին ես չեմ խոսում, բայց այն, որ կոտրված ենք, դա հաստատ է»,- ասաց Գալստյանը։

Նատալի Գալստյանը որդու վերադարձի մասին գրառում էր կատարել՝ գրառմանը կից հրապարակելով որդու լուսանկարը. «Ցերեկվա բվի պես կույր էինք, մա՛մ…»։ Մեր զրույցում դիրիժորը մեկնաբանեց նաեւ որդու՝ բուն ձեռքին լուսանկարն ու գրառումը․ «Տեսնելով նկարը՝ տղայիս ասացի՝ իմաստուն պիտի լինեինք բվի պես, որոշ երեւույթներ ճիշտ չենք գնահատել։ Տղայիս խոսքերն էլ հետեւյալն էին՝ ուղղակի կուրորեն ենք գնացել մեր հաղթանակի հետեւից։ Այնքա՜ն էինք հավատում, որ չէինք նկատել որոշ երեւույթներ, որ որոշ բաներ ուղղակի կարող էին մեր գլխին գալ»։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30