Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտվողներին չեն սիրում

Նոյեմբեր 24,2020 10:00

Եկեք մի պահ վերանանք այսօրվա հետ կապված քաղաքական բանավեճերից եւ պատկերացնենք, թե ինչ է մեզ սպասում հետագա ամիսներին եւ 2021 թվականին: Անվտանգության առումով սպառնալիքները սարսափելի են՝ պատերազմում պարտվելու պատճառով մենք մեր անվտանգության ապահովումն ամբողջությամբ հանձնել ենք Ռուսաստանին: Ի տարբերություն մոլի հակառուսների եւ մոլի ռուսասերների՝ ես չեմ ցանկանում այդ պետության հասցեին ասել ո՛չ լավը, ո՛չ վատը: Ռուսաստանն ունի իր շահերը, որոնք առաջ է տանում՝ այդ երկրի ղեկավարությունն է այժմ որոշում, երբ, ինչպես եւ որ չափով է մեզ պաշտպանում: Եթե շահերը դրդեն որեւէ նոր գործարքի գնալ Թուրքիայի հետ՝ ինչ-որ բաներ զիջել այստեղ եւ ինչ-որ բաներ ստանալ որեւէ այլ տեղում, դա տեղի կունենա, եւ այստեղ որեւէ մեկից չարժե նեղանալ կամ բողոքել աշխարհի անարդարությունից: Կցանկանա՞ արդյոք Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայտառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում եւ որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան:

Տնտեսության ոլորտում մեզ սպասում է ահավոր ճգնաժամ: Առանց պատերազմի եւ անգամ առանց կորոնավիրուսի էլ տնտեսության մեջ մեր գործերը վատ էին՝ ի հեճուկս պաշտոնական քարոզչության: Չի կարող լուրջ գործարարը գումարներ ներդնել անկայուն մի երկրում, որտեղ իրավական եւ, մասնավորապես, դատական համակարգը ենթարկվում է մշտական հարձակումների գործադիր իշխանության կողմից: Դե, հիմա պատկերացրեք, թե ո՞ր խելագար բիզնեսմենն է ներդրումներ անելու ջախջախված, պարտված, պատերազմի վերսկսման մշտական վտանգի առաջ կանգնած երկրի տնտեսության մեջ, որի ղեկավարությունը ցուցաբերել է պետությունը ղեկավարելու կատարյալ անկարողություն:

Հումանիտար առումով աղետն ակնհայտ է՝ տասնյակ հազարավոր փախստականներ, որոնց կարիքները աղքատ եւ անկազմակերպ պետությունը չի կարողանա հոգալ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ստանալու ենք մարդասիրական օգնություն: Երբ կորոնավիրուսը վերջանա եւ սահմանները բացվեն, միանգամայն կանխատեսելի է զանգվածային արտագաղթ՝ ոչ միայն փախստականների, այլեւ ՀՀ այն քաղաքացիների, որոնք չեն կարողանա իրենց ընտանիքները պահել, իրենց խաբված են զգում եւ այստեղ ապագա չեն տեսնում իրենց երեխաների համար:

Դիվանագիտական ոլորտում ոչ ոք լուրջ բանակցություններ չի վարի իր երկրի ամոթալի պարտությունն «ապահոված» ղեկավարի հետ՝ այն ղեկավարի, որը հանուն պոպուլիստական դիվիդենտների եւ գեղեցիկ հռետորաբանության տապալել է բանակցությունները:

Եվ վերջապես, բարոյահոգեբանական առումով մեր երեխաներին ու թոռներին դժվար կլինի շփվել այլ ազգերի հետ: Դեռ երկար ժամանակ կմնա հետեւյալ բարդույթը՝ օտարները կասեն կամ կմտածեն՝ «դուք էն ազգը չե՞ք, որին ադրբեջանցիներն ու թուրքերը ջախջախել են»: Այդ բարդույթը կար նաեւ Մեծ Եղեռնի պատճառով, բայց այն ժամանակ մենք չունեինք պետություն ու պետության ղեկավար, որը պատասխանատու էր աղետի համար:

…Ես դեմ եմ «դավաճան», «նզովք», «անեծք» բառերին, բնականաբար՝ նաեւ անձնական վիրավորանքներին: Դրանք քաղաքական տեքստերի հետ կապ չունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ես լավ առաջարկ ունեմ՝ԱՄՆ-ում ցուցակագրում են Մարս մոլորակ անվերադարձ թռչել ցանկացողներին՝ազգովի ցուցակագրվենք և բնակություն հաստատենք այնտեղ,գուցե մինչև թուրքերի գալը մեկ-երկու դար հանգիստ կապրենք….

  2. henri says:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/24/1154221/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից
    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  3. henri says:

    Ցաւօք այն ինչ կը զգուշանայինք յայտարարելու ,մտածելով որ գուցէ քուլիսային հարցեր մշակուած են մեզի անծանօթ քիչ մը ևս համբերենք ,-նոյեմբեր 9-ին յայտնի եղաւ որ կացութիւնը կարծուածէն շատ աւելի աղէտալի է և պէտք է փութով երկիրը փրկել ամբողջական կործանումէ ։    Չգիտեմ ով կրնայ միջամտել -/Բժիշկներու յանձնախումբ մը – բանակը ՞ – Քաղաքագէտ հասուն անձնաւորութիւններ, Հանրապետութեան Նախագահը՞- Երկրի առողջ միտքերէ կազմուած կոմիտէ ՞ մը / Վերջապէս կարելի չէ  սպասել .Ձեր վերլուծութիւնը ,պ»Աբրահամեան ոչ միայն ճիշդ է  այլ շատ մտահոգիչ ։

  4. Լավատես says:

    ՝Պարտվողներին չեն սիրում՝, էլի թող չսիրեն, էդ չսիրողները ոչ թե մե՛զ պետք է սիրեն ու պաշտպանեն, այլ պետք է սիրեն ու պաշտպանեն մարդասիրության, ազգասիրության սկզբունքը՝ մարդու իրավունքն ու ազգի ինքնորոշման սկզբունքը, իսկ մեր մեղքն այն է, որ քաղաքական կույսի նման մտնելով համաշխարհային քաղաքական հասարակաց տուն, զարմանում ենք քաղաքակիրթ երկրների անբարոյականության վրա: Իսկ մենք ի՞նչ ենք արել աշխարհի բարոյականությունը բարձրացնելու համար, եթե բան չենք արել, էլ ի՞նչ ենք սպասում նրանցից: Իսկական ժամանակն է՝ ինքնամաքրվել, մեր ջահելությունը մարտի դաշտում ցույց տվեց իր մաքրությունը, եկեք վստահենք նրանց պետության կառուցման ու կառավարման գործում՝ իսկ աշխարհի մեծերով նրանց թեւութիկունք լինենք՝ սովորեցնենք ու ապահովենք նրանց աշխարհի ամենաառաջավոր ու ամենաարդիական միջոցներով, սփյուռքի փողը պետք չի, այլ շնորհքն է պետք:
    … Կարծեմ, Մանթաշովի մասին էին պատմում, թե երբ ուսանողներ էին գալիս մոտը, բոլորին փող էր տալիս, բայց մի ուսանող եկավ ու սրան էլ էր ուզում փող տալ, ուսանողը հրաժարվում է, թե ինձ փող պետք չի, ինձ քո խորհուրդն է պետք, ինչին Մանթաշովն ասաց, թե շատ թանկ բան է ուզածդ: Մեր ջահելությանը փող մի տվեք, այլ էդ թանկ բանից տվեք:

  5. Մարգար Մախսուդյան says:

    Ազատ խոսքի ջատագովներ, մեկնաբանությունս ինչո՞ւ հեռացրիք։ Պարտիայի գծին դեմ է՞ր․․․

    • Հարգելի պրն Մախսուդյան, տեխնիկական խնդիր է եղել: Խնդրում ենք՝ նորից գրել մեկնաբանությունը:

      • Մարգար Մախսուդյան says:

        Հարգելի տիկին Իսրայելյան, որպեսզի որևէ նոր մեկնաբանություն գրելն իմաստ ունենա, առնվազն պետք է իմանամ, թե Առավոտի /և ոչ միայն Առավոտի/ քանի աշխատակից իրավասություն ունի արդեն տեղադրված մեկնաբանությունը անհետ կորցնել։

  6. Իրատես says:

    Պարոն Աբրահամյան. նախ Ռուսաստանը չի ընտրում ում հետ բանակցի ու մենակ իրենցով աշխարհը չի վերջանում։ Դեռ պար չի իրենց խաղարարար միսիան աշխարհհ կընդունի՞, թե ոչ։ Կկարողանա՞ Ռուսաստանը դիմադրել այլ խաղաղարարների տեղակայմանը։ Մի մտահոգվեք, Յասեր Արաֆաթի հետ էլ էին բանակցում։ Ոչ մի ամոթ չկա աշխարհի ուժեղագույն բանակի շտաբի դեմ պայքարում պարտվելուց, ռազմավարական դաշնակցի մարտավարական չեզոքության պայմաններում։ Էնպես որ իզուր մեր հոգու նուրբ լարերին մի կպեք։ Ռուսների վճռական պահին թուրքերց վախենալու «մանդռաժ»ին դիմացել ենք, մի երկու գավառամիտի խայթոցներին էլ կդիմանանք, ոչինչ։ Համամիտ եմ հարգելի Լավատեսին։ Սփյուռքից փող պահանջելն ապագա չի։ Մի խումբ մենեջերներ հրավիրեք, հրապուրեք, որ իրենց նորմալ աշխատելու փորձը բերեն։

  7. Լավրենտ says:

    Հետաքրքիր է, դուք երբեք այսպես միանշանակ չեք արտահայտվել.

    • Հ.Շ. says:

      Որովհետեւ անոնցմէ է, որոնք հիմա խղճի հարց ունին: Քանզի երկար ժամանակ «խնայեցին», պարբերաբար պաշտպանեցին՝ այս վարչակարգը, եւ հետեւաբար հիմա իրենք ալ կը կրեն պատասխանատւութեան բաժին, տեղի ունեցած Հայոց Մեծ Աղէտի կապակցութեամբ: Անցած սխալը ջանալ սրբագրելու համար, հիմա յախուռն բաներ են գրում, բայց այլեւս ի՞նչ օգուտ, երբ որ արդէն յոռեգոյն կանխատեսումները, ծայրագոյն վնասները դարձան հաստատ, անդառնալի իրականութիւն:

      Ասկէ ետք, լրջօրէն՝ թող Փաշինյանն ալ մնա՜, իր լրիւ խմբակն ալ, այլեւս գոյութիւն չունեցող «պետութեան» երեւակայական ղեկին ետեւ: Եղածը, արդէն եղաւ: Աւելի վատ բան, չի կրնար պատահիլ: Երեք տարի ալ թող պահեն ուրեմն, իրենց տաքուկ աթոռները: Թերեւս այդ կը լինի աւելի լաւ պատիժ, իրենց համար ալ… : Իսկ զիրենք ընտրողները, կամ անոնք որոնք, ատենին՝ բաւարար չափով չարտայայտուեցան ասոնց դէմ, անոնք ալ թող ճաշակեն հետեւանքները իրենց սխալին, ամէն օր թող տեսնեն անհետացած «երկրի» մը արուեստական իշխանաւորների դէմքերը, լսեն իրենց խօսքերը: «Բարի գալուստ, դժոխք», նշանաւոր Արծրունի խօսքերով…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30