Նոյեմբերի 10-ին Արցախի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընդունած հայտարարությունը պարտության մասին կապիտուլյացիայի փաստաթուղթ է: Այս տեսակետին է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ: Հայտարարությունը, ըստ նրա, հետևանք է հայկական պետությունների, հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունների մի շարք գործողությունների չիրականացման: Ո՛չ հանրությունը, ո՛չ քաղաքական ուժերը չեն տեղեկացվել, թե հավանական պատերազմին դիմակայելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում կամ տարվում են արդյոք:
-Ասացիք, որ հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է իմանային, թե պատերազմի ընթացքում իրականում ինչ է կատարվում թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատներում։ Վարչապետ Փաշինյանը պատերազմի ընթացքում արտախորհրդարանական ուժերի հետ մի քանի հանդիպումներ է ունեցել, որին նաև Ձեր կուսակցության ներկայացուցիչն է մասնակցել։ Փաստորեն, այդ հանդիպումների ժամանա՞կ էլ չի ներկայացվել, թե իրականում ինչ է կատարվում։
-Խոսքը ոչ թե պատերազմի ժամանակ եղած իրավիճակի մասին պատշաճ տեղեկություն տրամադրելու, այլ մինչև պատերազմը, խաղաղ ժամանակներում հանրությանն իրազեկելու մասին էր: Կարծում եմ՝ ժամանակն է, որ փոխենք պետական գաղտնիքի մասին մեր պատկերացումներն ու մարդկանց հետ ավելի բաց, ավելի անկեղծ աշխատենք: Ոչ թե ամեն ինչ փակենք, ու ոչ ոք ոչինչ չիմանա, այլ մարդիկ իմանան՝ բանակում ինչ է կատարվում, դիվանագիտական հարթակում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ու ինչ աշխատանքներ տարվել դրանց իրականացման ուղղությամբ և այլն:
Փաստորեն, հանրությանը պետական բոլոր օղակներով հրամցվում էր, թե մեր բանակն աշխարհի ամենամարտունակների տասնյակում, հիսնյակում կամ հարյուրյակում է, բայց պատերազմի երկրորդ, երրորդ օրն արդեն զինվորականներին անհրաժեշտ ռադիոկապը, ջերմատեսիլ սարքերն ու բժշկական լանցետները քաղաքացիներն էին ճարում: Ախր դրանք բաներ են, որ պահեստներում տոննաներով պետք է լինեն:
Կարդացեք նաև
Վերադառնալով Ձեր հարցին՝ հստակեցնեմ, որ ռազմաճակատում տիրող իրավիճակին տիրապետել ենք ներքին խողովակներով, կապերով, դիրքերում գտնվող ու կազմակերպչական աշխատանքներ իրականացնող մեր ընկերների միջոցով։ Հիմնական կռվանը հետևյալն է՝ ինչպես մեկնաբանել ստացվող տեղեկատվությունը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների ու դրանց վերլուծության՝ իրական բեկում մտցնելու հնարավորություն է եղել:
Ինչ վերաբերում է վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումներին, ապա ուզում եմ ընդգծել՝ տարածված ինֆորմացիան, թե նոյեմբերի 10-ի հայտարարությանը քաղաքական ուժերը հոկտեմբերի 15-ին են տեղյակ եղել, բացարձակ սուտ է: Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ ռազմադաշտում տիրող ընդհանուր իրավիճակն է քննարկվել: Այն ժամանակ դեռ Ֆիզուլին հայկական ուժերի վերահսկողության տակ էր, կռիվներ էին գնում Ջաբրայիլում և Հադրութում: Քաղաքական որոշ ուժեր այդ իրավիճակը որպես անելանելի են ընկալել ու նշել, թե ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել: Որոշ ուժեր էլ, օրինակ՝ մենք, ասել ենք, որ հնարավոր է բեկել այդ իրավիճակը: Քննարկվել են նաև Արցախի ճանաչման կամ կարգավիճակի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարցեր։
Երկրորդը շատ ավելի ծանր ու բարդ հանդիպում է եղել։ Վարչապետը հայտնել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իրեն նամակով տեղեկացրել է, որ արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությունը համաձայն է «Լավրովյան պլան» կոչվող կարգավորման տարբերակին: Փաշինյանը հավաքվածներին վստահեցրել է, որ հասարակության տրամադրությունների շոշափում կիրականացնի, ապա նոր պատասխան կտա նրան: Բայց այդ հանդիպման հաջորդ օրն արդեն ռազմաճակատի իրավիճակից ու հանրային, քաղաքական տրամադրություններից, Իլհամ Ալիևի հարցազրույցներից պարզ էր դառնում, որ Ադրբեջանը համաձայն չէ նման տարբերակի:
Թեզը, թե այդ ժամանակ քաղաքական ուժերին հայտնել են, որ հայկական կողմը գնում է կապիտուլյացիայի, իրականությանը չի համապատասխանում: Մեր կուսակցության դիրքորոշումը եղել է հետևյալը. եթե մեր պարտության հիմնական պատճառը «Բայրաքթարներն» են, իսկ Փաշինյանի հանդիպումից անմիջապես հետո պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն ու տեսանյութ է տարածում, որ Պաշտպանության բանակն արդեն կարողանում է «Բայրաքթարներ» խոցել, հետևաբար, պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն կա։
Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից