«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանը պնդում է, որ իրենց նախաձեռնության անդամները սպառնալիքներին, հաշվեհարդարներին ու սպանության կոչերին դեմ են, դրանք իրենց բնորոշ չեն:
Հիշեցնենք, որ երբ նախօրեին ՄԻՊ-ը անդրադարձել էր օրը ցերեկով դիմակավորված ոստիկանների կողմից քաղաքացիների ձերբակալությանը, այդ հրապարակման տակ հայտնվել էին ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր, դատախազությունն ընթացք էր տվել կատարվածին:
«Չեմ ճանաչում այդ հրապարակման տակ ֆիզիկական հաշվեհարդարի կոչ արած օգտատիրոջը ու ասում եմ, որ ինքը «հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ չէ, ես նախաձեռնության բոլոր անդամներին ճանաչում եմ: Միանշանակ չեմ կիսում նրա հայտնած տեսակետը: Սխալ կարծիք կա, որ մենք ապօրինի գործունեությամբ ենք զբաղված, դա ընդամենը նախկին ռեժիմի թերթերի մեդիա հնարավորություններն են, որ օգտագործվել է, որ մեզ պախարակեն, համեմատեն ահաբեկչական ու ռազմականացված խմբավորումների հետ: Ասում են նաեւ, որ դիմակավորված ոստիկանների մեջ ենք եղել, միանշանակ կեղծ տեղեկություններն են, ընդամենը փորձում են հասարակության մեջ տարածել, որ մեր նկատմամբ բացասական վերաբերմունք լինի: Ես բացառում եմ, որ մեր նախաձեռնության որեւէ անդամ իրեն թույլ տա սպառնալիքներ հնչեցնի ինչ-որ մեկի հասցեին: Անընդունելի եմ համարում: Այո՛, մենք շատ հարցերի կոշտ ենք արձագանքում, բայց սպառնալիքներ, սպանության կոչեր չենք անում »,- ասաց Հայկ Ստեփանյանը:
Դիմակավորված ոստիկանների գործունեությանը վերաբերող հրապարակման տակ մեկնաբանություն էր թողել նաեւ Հայկ Ստեփանյանը. մեր հարցին, թե ՄԻՊ-ի կոչի մեջ ինչն էր կողմնակալություն համարում ու ինչի հետ համաձայն չէր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինձ համար պարզ է, որ այդ մարդը, երբ իրեն ձեռք է տալիս, այդ ժամանակ է արձագանքում, մի քանի դրվագներով ականատես եմ եղել, որ ինքը մարդու իրավունքների դեմ ուղղված շատ լուրջ հանցագործություններին չի արձագանքել եւ արձագանքել է այն թեմաներին, որոնք իրեն ձեռք են տվել: Դրա համար եմ խոսել նրա կողմնակալությունից, իսկ ինչ վերաբերում է դիմակավորված ոստիկանների աշխատանքին , երկրում հայտարարված է ռազմական դրություն, խախտվում է այդ ռազմական դրության պայմանները, ոստիկանությունն ունի իրավունք եւ իր հագուստի դիմակավորված տարբերակ ու դա օրինական գործունեություն է, ի՞նչ կար այդտեղ անօրինական, ինչ-որ մեկի համար նորությո՞ւն է, որ ոստիկանը կարող է լինել դիմակով: Ոստիկանը լինում է դիմակով մեկը նրա համար,որ քաղաքացին, որ ագրեսիվ է տրամադրված, հետո այդ ոստիկանին դեմքով չճանաչի ու չգնա վենդետաներ իրականացնելու, ի՞նչ վատ բան կա դրա մեջ»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե «հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամների գործունեությունը քննադատողները համեմատում են նախորդ իշխանությունների կողմից օգտագործվող թաղի խուժանի գործունեության հետ՝ պնդելով, որ նախաձեռնությունը հովանավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, մեր զրուցակիցը հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով, որ Փաշինյանի կողմից հովանավորվելու վերաբերյալ որեւէ ապացույց մինչեւ հիմա չի ներկայացվել: Ըստ նրա՝ իրենց նախաձեռնությունը ֆինանսավորվում է անդամավճարներով. «Մեր դեմ նախորդ իշխանությունների կողմից մեծ մեդիա արշավ է գնում, որ մեզնից ստեղծեն այդ կերպարը, որ մենք վենդետաներ իրականացնող խմբավորում ենք, հարձակումներ ենք գործում…մեղադրել, որ մենք Սերժ Սարգսյանի նման բանդիտական խմբավորումներ ենք ստեղծում , կներեք, շատ սխալ ձեւակերպում է, կեղծ օրակարգ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ