Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մնում է լիովին մոբիլիզացված ԼՂ-ի հակամարտության տևական լուծմանը հանգելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Նոյեմբեր 23,2020 21:40

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունը

22 նոյեմբերի 2020թ.

Հայաստան. Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ

Հանրապետության Նախագահի և Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարի խնդրանքով Ֆրանսիան համակարգված ջանքեր է գործադրում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների և աջակցության կենտրոնի կողմից ղեկավարվող կոմիտեի շրջանակներում համակարգվող սույն միջոցառումը մոբիլիզացնում է պետությանը, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաներին, «Coordination Sud»-ի շրջանակներում համախմբված մարդասիրական կազմակերպություններին, բիզնես հիմնադրամներին և հիվանդանոցներին: Այն հիմնված է երեք առանցքների վրա:

1/ Վերջին շաբաթների ընթացքում իրականացված առաջին արտակարգ գործողություններին հաջորդիվ, որոնք կայանում էին վիրաբույժներ և բժշկավիրաբուժական սարքավորումներ Հայաստան ուղարկելում, կազմակերպվում են բազմաթիվ մարդասիրական չվերթներ: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության կողմից վարձակալած առաջին բեռնատար չվերթն այսօր [կիրակի] կեսօրին ժամանել է Երևան: Այն Երևան է փոխադրում Ֆրանսիայի իշխանությունների կողմից ստանձնած միջոցներ` շտապ բուժօգնության սարքավորումներ, մասնավորապես, շարժական բուժկետ, որը հնարավորություն է ընձեռում սպասարկելու 500 անձի, ինչպես նաև ծածկոցներ և հիգիենայի պարագաների հավաքածուներ, որոնք բաժանվելու են հակամարտությունից տուժածներին:

Երկրորդ ինքնաթիռն արդեն իսկ նախատեսված է նոյեմբերի 27-ին, որի բեռը կհամախմբի պետական ռեսուրսներ, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաների, մասնավորապես, Ազնավուր հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հավաքագրված նվիրատվություններ, մարդասիրական կազմակերպությունների և բիզնես հիմնադրամների կողմից տրամադրվող մարդասիրական բեռներ:

2/ Ի շարունակություն հոկտեմբեր ամսից միմյանց հաջորդած բժշկական առաքելություններին, աշխատանքի երկրորդ առանցքը վերաբերում է երկու երկրների բուժհաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը: Վերջինս կդյուրացնի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությունը: Ֆրանսիայում արդեն իսկ մոբիլիզացված են Փարիզի և Մարսելի հիվանդանոցներն ու Լիոնի հոսպիտալները:

3/ Երրորդ առանցքը նպատակ ունի աջակցել մարդասիրական կազմակերպությունների կամ ՄԱԿ-ի գործակալությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Ֆրանսիան ուղղակի ֆինանսական աջակցություն կտրամադրի տեղում գործող այս կառույցներին:

Ի վերջո, տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից որոշներն արդեն իսկ ակտիվորեն աջակցում են Հայաստանում իրականացվող նախագծերին, հրավիրվել են իրենց ներդրումն ունենալու այս համակարգի երեք առանցքներում:

Գործարկված մարդասիրական օգնության սույն համակարգն արձագանքում է վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակին:

Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մնում է նաև լիովին մոբիլիզացված սույն հակամարտության տևական լուծմանը հանգելու համար:

 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30