Պայուսակների արտադրանքը Աննան սկսել է սեպտեմբերից։ Մի ամիս չանցած պատերազմը սկսվեց։
12-րդ դասարանի աշակերտուհու համար պատերազմը չփակեց դեպի ապագա տանող դռները, այլ նա ավելի ամրապնդեց իր դիրքն ու փորձը և սկսեց, այսպես ասած, մի նոր փուլ այս ոլորտում։
«Իմ ձեռքի աշխատանքն է։ Կարում եմ պայուսակը և ինքս էլ նկարում։ Թեմատիկ առումով նախընտրել եմ երկինքը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասել է Աննան։
Այս բիզնեսի անունն ընտրել է այսպես` irenicann (ինչպես ինքն է ասում` Ann, որպես իր անուն, իսկ irenic նշանակում է խաղաղություն)։
Հենց խաղաղ մտածողության շղթան էլ ձգվում է դեպի երկինք։ Նա պատկերացնում է, նկարում և ստանում նրբաոճ պայուսակներ։ Այսպես ասած` ով այդ պայուսակով ճանապարհ է գնում, ապա խաղաղության հետ է։
«Շատ եմ սիրում երկինքը։ Այդ հանգստությունը, ամպերի միապաղաղ շարժումները մի այլ կարգի էներգիա են տալիս։ Եվ այդ հանգստությունը պայուսակների միջոցով ցանկանում եմ փոխանցել մարդկանց»,-զրույցի վերջում հավելել է նա։
Հ.գ. Աննան սկզբից չէր պատկերացնում, որ այդքան պատվերներ կլինեն և մարդկանց մեջ մեծ հետաքրքրություն կառաջանա։ Նա նաև երախտապարտ է ծնողներին` ամեն կերպ իրեն աջակցելու համար։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ