Արդեն մի քանի օր է, որ «Դալմա Գարդեն մոլում» իրենց սեփական արտադրանքն են ներկայացնում արցախցի արտադրողները:
Գայանե Մարգարյանը «Նշխարք» ձեռագործ աշխատանքների հիմնադիրն ու արցախյան ծաղկաթեյերի ներկայացուցիչն է: Նա ծնունդով Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից է, որը հիմա գտնվում է թշնամու ձեռքում:
«Մենք եկել ենք այստեղ ներկայացնելու մեր աշխատանքների շարունակությունը: Սկիզբը ծավալվել է Արցախում: Նշխարքը ներկայացնում է հայկական տարազով տարբեր նմուշներ՝ տիկնիկներ, գինիների տուփեր, սփռոցներ և այլն: Այսպիսով` մենք ցանկանում ենք աշխարհին ցույց տալ, որ մենք նույնպես կարողանում ենք ունենալ սեփական արտադրություն և անընդհատ խնդրում և հորդորում ենք ճանաչել ազգայինն ու ձեռք բերել միայն հայկականը, ավելի շատ նախընտրել արցախյանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Գայանեն:
Արդեն երեք տարի է, որ ազգային գաղափարներով գործող «Նշխարքը» գործունեություն է ծավալում՝ ընդլայնելով աշխարհագրությունը: Արցախից մինչև Ռուսաստան անգամ Նշխարքը հաճախորդներ ունի: Հիմնադիրի խոսքով՝ իրենց հույսերն ու սպասումներն արդարացել են:
Նաև նոր նախաձեռնության մասին հնարավորություն եղավ խոսենք: Գայանեն պատմում է, որ մի քանի ամիս է ծաղկաթեյերի արտադրություն են սկսել՝ համադրելով օգտակարն ու գեղեցիկը:
«Ծաղիկները մշակել ենք, կենսաքիմիական հատկություններին ենք ծանոթացել, հետո ստեղծել ենք համադրելի փնջեր և հիմա ներկայացնում ենք յոթ փունջ, որի հիմքում նույնպես ընկած է ազգայինը: Յուրաքանչյուր փունջ անվանել ենք հայկական անուններով՝ Նռանե, Սյունե, Սոսե, Սաթի փունջը, Ասպրամի փունջը, Սոնայի փունջը և Անիի փունջը: Այս հայկական անուններով մենք նախ փորձում ենք սպառողին մոտեցնել հայկական անունները, որ բացի թեյը սիրելուց, նաև սիրվեն հայկական անունները: Եթե կարողանանք նպաստել այդ անունների տարածմանը, ապա մենք լիովին կհասկանանք, թե մեր առաքելությունն ինչումն է»:
Ծաղկաթեյերի տուփերը նույնպես ասելիք ունեն. Յուրաքանչյուր հատվածում գրված է արցախյան բարբառով հանելուկներ՝ այն բաղադրիչների մասին, որոնք գտնվում են այդ տուփի մեջ:
Գայանեն ասում է, որ մասնագիտությամբ կենսաբան է, և այդ իսկ պատճառով էլ նախընտրել է, որ ստեղծի այնպիսի թեյեր, որոնք ոչ միայն պարզապես մարդիկ կխմեն և լավ համ ու հոտ կունենա, այլ նաև կօգնի առողջությանը:
«Առանձնացրել ենք դիմադրողականությունը բարձրացնող փունջ, ունենք փունջ, որը հանգստացնող է, բարձր ճնշում ունեցողներին ցուցված խաղկաթեյ էլ ունենք: Ինչպես նաև երկրորդնային շաքարախտ ունեցող մարդկանց համար փունջ ունենք, ինչպես նաև մրգային և նռան ծաղիկներով համեմված թեյեր ունենք, որոնց ցուցված են բոլորին»,- մեզ հետ զրույցում ավելացրել է նա:
Վերջում խոսեցինք պատերազմի թողած դառը հետքերից: Գայանեն ցավով է նշում, որ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերվել մեր հողակտորին, որը մեզ համար սուրբ Հայրենիք է, այլ ոչ թե լոկ տարածք, որը զիջել են թշնամուն:
«Եվ այսօր արցախցին իր ցավն ու ամոթը, որը ստացել է ապաշնորհ ղեկավարության կողմից՝ այսօր իր ցավը խեղդում է սեփական աշխատանքով: Մենք շարունակելու ենք արարել, ստեղծել, և ի հեճուկս ազգադավերի՝ միշտ արցախյանն ենք ներկայացնելու ու Արցախի անունը ջնջել փորձողներին ցույց ենք տալու, որը Արցախը եղել է, կա ու կլինի»,- ամփոփեց Գայանե Մարգարյանը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ