Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հիմա իմ նռան այգում եմ, 200 մետրի վրա թուրք զինվորն է կանգնած՝ իր դրոշը դրած». Արցախի Բերդաշեն գյուղի բնակիչ

Նոյեմբեր 23,2020 19:22

«Խաղաղ ձևով են ուզում գյուղը գրավել, ինչպես կողքի գյուղերը՝ Վազգենաշենը և այլն»,- Aravot.am-ի հետ զրույցում ահազանգեց Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանը:

Կամո Աղաջանյանն ասաց՝  թշնամին թուրք գեներալներով, հետևից էլ քաղաքացիական մեքենաների շարասյունով եկել, Բերդաշենի վարչական տարածքն անցել է, առաջացել ու դիրքավորվել: Նա մտահոգություն հայտնեց. «Պետական սահման են որոշում թուրքն ու ռուսը, բայց հայի ներկայացուցիչ չկա հետները. որտեղ ուզեն, այնտեղ էլ կդնեն սահմանը: Գյուղից վեց կիլոմետր ներքև են: Ես հիմա իմ նռան այգում եմ, 200 մետրի վրա թուրք զինվորն է կանգնած՝ իր դրոշը դրած»:

Մեր հարցին՝ իսկ ՀՀ-ի և Արցախի պետական մարմիններն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, Բերդաշենի բնակիչն ասաց. «Որտե՞ղ եք տեսել պետական մարմին, եթե ունենայինք, այս օրին չէինք հասնի: 30 տարի քերել են երկիրը և ժողովրդին գցել այս իրավիճակի մեջ: Մեր հարգարժան վարչապետն էլ վերջակետ է դրել: Թող ականջներին օղ անի ու լավ իմանա, եթե պատմություն գիտի, սև ու սպիտակի վրա գրածը կարդալ գիտի, թող իմանա, որ մենակ միկրաֆոն վերցնելով, գոռգոռալով Գյումրիից քայլելով Երևան գալով վարչապետ դառնալով չէ: Ու մեկ ամիս առաջ ասում էր՝ մենք Դեր Զորի ճամփորդը չենք, ո՞նց այդպես Դեր Զորի ճամփորդը դարձաք, տասը գլուխ էլ անցաք: Եվ Աննա Հակոբյանն էլ թող ականջին օղ անի, որ Մեհրիբան Ալիևան ասել է՝ Աննա Հակոբյան, ես Ստեփանակերտում, Շուշիում չայ եմ  խմելու, տեսա՞ր, որ խմեց: Եթե էդ գաղափարին մնա, հինգ տարի հետո Երևանում է չայ խմելու»:

Կամո Աղաջանյանն ասաց՝ Բերդաշենն ամենամեծ գյուղն է՝ 1600 բնակիչով, բայց պատերազմական իրավիճակներում կանայք, երեխաները, ծերերը, գնացել են Հայաստանի Հանրապետություն: Հիմա վերադառնում են: Իրենց ընտանիքի մասին ասաց. «Այս պահին մենք մեր նռան այգում մեր նուռն ենք քաղում: Ինչքան էլ վտանգավոր է, քո սեփական տունը շատ քաղցր է, բայց պատկան մարմինները թող մտածեն այս մարդկանց անվտանգության մասին: Անձամբ իմ վարելահողից երկու հեկտար արդեն չկա երեկվանից մինչև այսօր. իրենց կողմն են վերցրել»:

Կամո Աղաջանյանն ասաց շարունակելու է իր տանը մնալ. «Ինչքան սաղ մնամ, ես այստեղ ապրելու եմ. մնացածը՝չգիտեմ: Իրենք վերևների հետ են հարցերը լուծել, քարտեզը վերցրած եկել են, իսկ մերոնք ականջները կախ պադվալներում նստել են: Գոնե թող 24 ժամվա մեջ քնելուց առաջ երկու րոպե ազգի մասին մտածեն, որ ողջ ազգին Դեր Զորի ճամփորդ չսարքեն: Թող մի հատ դուրս գա ասի, Դեր Զորի ճամփորդն ենք, թե՞ ավելի բեթար»:

Կամո Աղաջանյանը հորդորեց հայ ազգին քնից արթանանալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30