Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսեցին չի թալանում Բերձորը․ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյան

Նոյեմբեր 23,2020 18:40

«Խիստ դատապարտելի է բոլոր նրանց արարքը, ովքեր նույնիսկ այս պահին են փորձում մարդկանց դժբախտությունն անտեսել եւ անգամ այս իրավիճակում օգուտ քաղել։ Եթե որեւէ հայ մարդ համարձակվել է գնալ Արցախ եւ հայի տուն թալանել, անաստված մեկը պիտի լինի»,– Aravot.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։ Նշենք, որ 168․am–ի  հրապարակման մեջ բերձորցի Լիլիթ Խաչատրյանն ահազանգել էր, որ գորիսեցիները թալանում են Բերձորի տները։

Իրինա Յոլյանը ցավով է կարդացել այդ ահազանգը։ «Ինչ խոսք, որեւէ մեկի նման արարքը ներում չունի, բայց գորիսեցիներն այն մարդիկ են, ովքեր պատերազմի առաջին օրվանից 10000–ից ավելի արցախցի են հյուրընկալել ու մինչ օրս սիրով ու պատասխանատվությամբ հոգում են հազարավոր ընտանիքների կարիքները»,–նշեց փոխքաղաքապետը։ Նրա խոսքով, ամբողջ համայնքապետարանը այլ կառույցների հետ միասին, անգամ գիշերն աշխատում է, որպեսզի հյուրընկալված ընտանիքների խնդիրները լուծվեն։

Հնարավորինս ամեն ինչ արվում է, որպեսզի այս դժվարին օրերին Գորիսում գտնվող արցախցիները հոգատար ու ապահով միջավայրում լինեն, եւ ըստ Իրինա Յոլյանի՝ իրենց հաջողվել է։ Գորիսի բոլոր հյուրանոցներն այս օրերին արցախցիների համար անվճար են աշխատում, հացի փռերն են անվճար հաց ապահովում եւ պատերազմի օրերին 24 ժամ աշխատել են, որպեսզի նաեւ Ստեփանակերտին հաց մատակարարեն։

«Խնդրանքս` այս ամենի ֆոնին որեւէ նվիրված ու սրտացավ գորիսեցու արածը ջուրը չլցնել, եթե անգամ մեկ անհատական դեպքի եք ականատես եղել՝ դա Գորիսը չէ։ Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Գորիսը Արցախի թիկունքն ամուր է պահել եւ հիմա էլ նվիրումով կանգնած է։ Իսկ նրանք, ովքեր իրենց խիղճն են կորցրել բոլորիս համար այս ծանր օրերին, հույս ունեմ՝ արժանի պատիժը կստանան»,–վերջում ասաց Իրինա Յոլյանը։

Ի դեպ, ըստ մեր զրուցակցի ունեցած տեղեկությունների, մինչեւ այս պահը թե՛ Գորիսի, թե՛ Քաշաթաղի ոստիկանական բաժանմունքներում գողությունների մասին ոչ մի պաշտոնական ահազանգ կամ դեպք չի արձանագրվել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30