Լրահոս
Օրվա լրահոսը

«50 օր է՝ խաբար չունենք մեր երեխաներից, նո՞ր եք հանձնաժողով ստեղծում». անհետ կորածների ծնողները՝ վարչապետի օգնականին

Նոյեմբեր 23,2020 17:57

«50 օր է` խաբար չունենք մեր երեխաներից, նո՞ր եք հանձնաժողով ստեղծում», «Վարչապետի ներկայացուցիչ ես, եկել ես հիսուն օր հետո՞: Խնդիրը դուք գիտեք, դուք պարտավոր էիք խնդիրը լուծել: Երեխու հայրը տեսնում է, որ երկու օր առաջ իր երեխուն գերի են վերցնում: Շուտ արած լինեիք՝ հիմա էրեխեն մեզ մոտ կլիներ»,-ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներն այսպես արձագանքեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանի այն հայտարարությանը, թե այսօր ՀՀ վարչապետի մոտ ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել և որոշվել հատուկ անհետ կորած տղաների հարցով փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել:

Նա ասաց՝ հանդիպումների շարք է լինելու Նիկոլ Փաշինյանի հետ: Ծնողներն ասացին՝ այդ գործընթացը պետք է լիներ 40-50 օր առաջ: Նրանք նշեցին՝ մենք ինչ ասելիք ունենք, ասել ենք, բոլորի տվյալները՝ ինչ տվյալների տիրապետում ենք, հավաքել, բերել, տվել ենք: Ծնողներից մեկը վրդովված հայտարարեց. «Եթե 1500-2000 հոգի անհետ կորած կա, 1000-1500 հոգու հետ հանդիպի վարչապետը, մեկ ամիս էլ հանդիպելու ենք: Դա մեր հարցին լուծում չի տա»:

Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանն ասաց, որ երեկ Մատաղիսից, Մարտունիից և դեպի աջ գնացող կետերից մարմիններ են հանել։ Ծնողներն այս առնչությամբ հայտարարեցին՝ Հադրութում ողջ երեխաներ կան, որոնցից հոկտեմբերի 5-ից մինչև հիմա լուր չունեն: Նրանք դժգոհում էին՝ դուք փոխանակ այդ հարցը լուծեք, մեզնի՞ց եք տվյալներ ուզում:

Անհետ կորածների ծնողներին հետ հանդիպելու է եկել նաև Նաիրի Սարգսյանի եղբայր ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ծնողները նրան ասացին՝ իրենց պահանջն է՝ ոչ թե խումբ-խումբ հանդիպել վարչապետի հետ, այլ բոլորով: Նաիրի Սարգսյանը փորձում էր հավաստիացնել, թե աշխատում են այդ ուղղությամբ: Ծնողներից մեկն էլ ասաց՝ հոկտեմբերի 5-ից երկու տղաներիցս լուր չունեմ. տղա ջան, աշխատելը ո՞րն է, եթե ես արդյունք չեմ ստանում: Դուք ձեր կառավարական աթոռներին նստել եք, արհամարհում եք մեզ:

Հայրերից մեկն էլ ասաց. «Խի՞ չեք մտնում երեխեքին հանեք Հադրութից: Մեր երեխեքը հասկացնում են, որ Հադրութում շրջափակման մեջ են: Մեզ զենք տվեք, մենք գնանք հանենք»:

Անհետ կորածների ծնողները վրդովվեցին վարչապետի օգնականի հայտարարություններից: Նրանք ասացին՝ քո հայտարարություններով ավելի ես սրում քո դեմ:

Նշենք, որ երկու եղբայրները՝ Հայկ և Նաիրի Սարգսյանները մուտք են գործել ՀՀ ՊՆ շենք, փորձում են կազմակերպել անհետ կորածների ծնողների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ:

ՊՆ-ի դիմաց տասնյակ ոստիկաններ կան, նրանց թիվը գերազանցում է անհետ կորածների ծնողներին: Նրանք պատ են կազմել, որ հանկարծ ծնողները չկարողանան մոտենալ նախարարության մուտքի դռանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30