Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենակարևորը մարդկանց հետ ամենօրյա կոմունիկացիան է». վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ

Նոյեմբեր 23,2020 17:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի 6-րդ կետը վերաբերում է հենց վերը նշված հարցերին. «Ընդհանրապես մենք, բնականաբար, առաջիկայում պետք է այս ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք կատարենք: Պետք է հոգ տանել, որ մենք ընտանիքների անդամներին տեղեկացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում:

Երեկ Էջմիածնում մի այսպիսի դրվագային հանդիպում, շփում ունեցա և՛ գերեվարված զինվորականների, և՛ քաղաքացիական անձանց, և՛ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ: Պայմանավորվեցինք, որպեսզի ինտենսիվ աշխատենք, ամբողջացնենք այն տեղեկատվությունը, որ մեր ձեռքին կա և այն անելիքները, որոնք մենք պատկերացնում ենք առաջիկայում: Մասնավորապես, գերեվարված անձանց փոխանակման հետ կապված կա քաղաքական պայմանավորվածություն, պետք է պարզաբանել, թե այդ պայմանավորվածությունն ինչպես, ինչ մեխանիզմով, ինչ ժամկետներում է իրագործվելու, անհետ կորածների հետ կապված պետք է հասկանանք մեխանիզմները»: Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ ունենալ անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ:

«Իհարկե, այս ընթացքում եղել են դեպքեր, բարեբախտաբար, երբ անհետ կորած համարվող անձինք ողջ-առողջ հայտնաբերվել են, իրենք իրենց գտնվելու վայրի մասին հայտնելու հնարավորություն չեն ունեցել և ուղղակի վերադարձել են: Պետք է հույս հայտնել, որ այսպիսի դեպքերն ավելի ու ավելի շատ կլինեն: Այժմ պատրաստվենք, որպեսզի հարազատներին կարողանանք ավելի կոնկրետ և ամբողջական տեղեկատվություն հաղորդել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին ներկայացվել են գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Քննարկվել են անհետ կորածների որոնողական աշխատանքների մեխանիզմները: Անդրադարձ է եղել տուժող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղություններին:

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է վերոնշյալ խնդիրների արագ կարգավորմամբ:

Վարչապետն ընդգծել է, որ առաջնահերթ պետք է մշտական, անընդհատ հաղորդակցություն ապահովել գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց, անհետ կորածների ընտանիքների հետ և այդ նպատակով ձևավորել շուրջօրյա գործող կենտրոն: «Ամենակարևորը մարդկանց հետ ամենօրյա կոմունիկացիան է: Պետական կառույցները պետք է իրենք գնան, հանդիպեն և խոսեն ընտանիքների հետ, հասկանան կարիքները՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով», – ասել է Ն. Փաշինյանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30