ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը» խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից, հրապարակախոս Ամալյա վան Գենթը հրապարակել է հետևյալ հոդվածը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմին և դրան հաջորդած համաձայնագրին:
Հրադադար. Ադրբեջանը ցնծում է, Հայաստանը հայտնվել է խորը գոյաբանական ճգնաժամի մեջ
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմից մինչ այսօր ծանր մարտերում զոհվել է ավելի քան հինգ հազար մարդ, հարյուր հազար քաղաքացիներ ստիպված են եղել թողնել իրենց տները: Այժմ զենքերը լուռ են. դրանք լռել են նոյեմբերի 10-ից՝ Ռուսաստանի ժամանակով 00:00-ից:
Այս մասին երեքշաբթի գիշերը պայմանավորվել էին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը:
Կարդացեք նաև
Ինը կետից բաղկացած համաձայնագիրը հակամարտության կողմերին հնարավորություն է տալիս փոխանակվելու ռազմագերիներով և դուրս բերելու խրամատներում կամ բաց տարածքում ընկած զինվորների դիերը:
Համաձայնագիրը նախատեսում է նաև հայկական բոլոր զորքերի դուրսբերում ադրբեջանական տարածքից:
Նրանց պետք է փոխարինեն ռուս խաղաղապահները:
Ըստ այդ համաձայնագրի՝ հրադադարը կտևի հինգ տարի:
Մոսկվան և Բաքուն նկատելիորեն գոհ են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի ստորագրումից հետո ակնհայտ գոհ էր. Վ. Պուտինը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ պատերազմը դադարեցնելու այս համաձայնագիրը նաև անհրաժեշտ պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի տևական և համապարփակ լուծման համար:
Վերջինս անմիջապես հայտնեց նաև, որ շուրջ 2000 ռուս խաղաղապահ արդեն ուղևորվում է Լեռնային Ղարաբաղ:
Ռուսաստանի նախագահը գոհ լինելու բոլոր հիմքերն ունի, քանի որ այս համաձայնագրի շնորհիվ նա կարողացավ խլել հակամարտության նախաձեռնությունը, թույլ չտալ Թուրքիային մասնակցել համաձայնագրի ստորագրմանը,ինչպես նաև հաջորդ հինգ տարիների ընթացքում բացառել Արևմուտքի ցանկացած մասնակցություն խնդրի լուծման որոնման հարցում:
Հրադադարի ռեժիմն Ադրբեջանին աննկարագրելի ցնծություն է պարգևել:
Ստորագրումից հետո մայրաքաղաք Բաքվում և այլ քաղաքներում հարյուրավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ շեփորներ փչելով և մինչև առավոտ ուրախանալով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնագիրն անվանեց «պատմական հաղթանակ» իր ազգի համար:
1991-1994 թթ. ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ավելի քան կես միլիոն ադրբեջանցի վտարվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ գավառներից:
Նրանցից շատերը երեսուն տարի անց դեռ ապրում են փախստականների խղճուկ ճամբարներում, իսկ ոմանք նույնիսկ երազում են իրենց «հայրենիք» վերադառնալու մասին:
Ադրբեջանական հեռուստատեսությունն անընդհատ ցուցադրում էր Պուտինի և «նրանց» նկարները:
Ալիևը ստորագրեց փաստաթուղթը և այդպիսով իրականացրեց իր ժողովրդի երազանքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէր ստորագրման արարողությանը, իսկ Ալիևն իր ելույթում ինքնագոհ ասաց, որ «Ադրբեջանի երկաթե բռունցքը» ստիպելու էր Փաշինյանին ստորագրել փաստաթուղթը, թեպետ նա համաձայնագիրը ստորագրեց վախկոտի նման գաղտնի:
«Հզոր» Ալիևը խորապես արհամարհում է հայ հակառակորդին և նրա՝ ժողովրդավար դառնալու փորձերը:
Երեքշաբթի երեկոյան նա անգամ չփորձեց իր արհամարհանքը թաքցնել փաստաթղթի ստորագրումից հետո ակնհայտորեն պարտված հայ հակառակորդի նկատմամբ:
Իսկ ի՞նչ է ստորագրվել
Դեկտեմբերի վերջին Հայաստանը ստիպված է առանց կռվի զիջել Ադրբեջանի նախկին բոլոր մարզերը, որոնք դեռ գտնվում են իր վերահսկողության տակ: Համաձայն 6-րդ կետի՝ Քարվաճառի հանձնումը պետք է ավարտվի մինչև նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինինը`մինչև դեկտեմբերի 1-ը:
Լաչինի մոտակայքում գտնվող կարևոր ճանապարհը, որը մինչև այժմ երաշխավորում էր Մայր Հայաստանից առանձնացված Լեռնային Ղարաբաղի գոյատևումը, հետագայում վերահսկվելու է ռուսական զորքերի կողմից:
Ենթադրվում է, որ բոլոր ուղղություններով երթևեկությունը երաշխավորվելու է Ադրբեջանի կողմից:
Ավելին՝ հայերը պետք է հանձնեն հարավային Աղդամը (2-րդ կետ) ամենաուշը նոյեմբերի վերջին և հնարավորություն տան ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովի վերահսկողության ներքո վերադարձնելու ադրբեջանցի ներքին տեղահանվածներին:
Թուրքիայի համար անսպասելի միջանցքի բացում
Հաղթական տրամադրություն է նաև Թուրքիայում:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի «Ղարաբաղն այժմ Ադրբեջան է» հաղորդագրությունը լայն տարածում գտավ սոցիալական կայքերում, շարունակությունը՝ «Քո ուրախությունը, մեր ուրախությունը պետք է հավերժ լինեն, Ադրբեջա՛ն»:
Իրականում հենց Թուրքիայի միջամտությունն էր, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը փոխեց հօգուտ Ադրբեջանի:
Թուրք սպաները, թուրքական անօդաչու թռչող սարքերը և ջիհադիստ մարտիկները Սիրիայից, որոնց վճարել էր Թուրքիայի նախագահը, վեց շաբաթ միասին շարժվել են ռազմաճակատ՝ վերականգնելու Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»:
Թուրքիան դրա համար պարգևատրվեց անսպասելի «միջանցքով»՝ հայկական տարածքով:
Համաձայնագրի 9-րդ կետը սահմանում է, որ Հայաստանը պետք է «հնարավորություն տա Ադրբեջանի և նրա արևմտյան անկլավ Նախիջևանի միջև Զանգեզուրի հայկական միջանցքով քաղաքացիների, փոխադրամիջոցների և ապրանքների ազատ փոխադրմանը»:
Հայաստանի համար սա իրականում նշանակում է, որ Նախիջևանի հետ ընդհանուր սահման ունեցող Թուրքիան նույնպես ազատ մուտք ունի Կենտրոնական Ասիայի թուրքալեզու հանրապետություններ:
Այս «միջանցքի» ռազմավարական նշանակությունը չի կարելի թերագնահատել. Խորհրդային Միության փլուզումից ի վեր Թուրքիան երազում էր ցամաքային ճանապարհով ազատ մուտք ունենալ դեպի լեգենդար հարուստ, մշակութային կապ ունեցող Կենտրոնական Ասիայի հանրապետություններ:
Զանգեզուրի նեղ հայկական միջանցքը, որն ընկած է Նախիջևանի և Ադրբեջանի միջև, այնուամենայնիվ խանգարում էր այս ոլորտում Անկարայի առավել ազդեցության բոլոր երազանքներին: Թուրքիան ստիպված էր Կենտրոնական Ասիայի հետ իր առևտուրն իրականացնել Ռուսաստանի կամ Իրանի միջոցով:
9-րդ կետն այժմ պահանջում է, որ Հայաստանը երաշխավորի ապրանքների ազատ տեղաշարժը Նախիջևանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ արդեն վերջինիս սեփական հողի վրա:
Անհասկանալի է, թե ինչու Մոսկվան հնարավոր դարձրեց այս կարևոր միջանցքն Անկարայի համար:
Կապիտուլյացիա
Մոսկվայի նախաձեռնած համաձայնագիրը ռումբի նման հարվածեց հայ հասարակությանը:
Հայերը, անկախ իրենց գաղափարական կողմնորոշումից, այս համաձայնագիրն ընկալում են որպես նվաստացուցիչ կապիտուլյացիա:
«Անձամբ ինձ ու մեր ժողովրդի համար տեքստն աննկարագրելիորեն ցավոտ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այնուամենայնիվ, իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց և վերլուծելուց հետո ՀՀ վարչապետը որոշեց ստորագրել այն:
Արդյոք սխա՞լ էր նա գնահատել Բաքվի նպատակները, երբ պատերազմ սկսվելուց հետո աղաչեց իր ժողովրդին «զսպել թուրքերի «Blitzkrieg»-ը» և շարունակել կռվել:
Հարկ է նշել, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանում դժվար թե լինի մի ընտանիք, որը չի սգում պատերազմում զոհված յուրաքանչյուր զինվորի համար:
Արդյոք Մոսկվան ստիպե՞լ է Փաշինյանին ստորագրել կապիտուլյացիան, թե՞ պարզապես հայկական ճակատը փլուզվեց Լեռնային Ղարաբաղի ամրոց Շուշի քաղաքի դիմաց:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը ՀՀ քաղաքացների մեծամասնության հարգանքն է վայելում, հայտարարեց, որ ո՛չ ռուսական կողմը, ո՛չ էլ ՀՀ վարչապետն իրեն չեն տեղեկացրել այս շատ լուրջ համաձայնագրի ստորագրման մասին:
Վերջինս բավականին վրդովված հավելեց, որ ստորագրության մասին իմացել է լրատվամիջոցներից:
Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո անկարգություններ սկսվեցին Հայաստանում:
Երեքշաբթի երեկոյան ամբոխը գրավեց խորհրդարանի շենքը և կատաղությունից կոտրեց կահույքը, դռներն ու պատուհանները, անիծեց կառավարության ղեկավարին՝ անվանելով նրան դավաճան, ծեծի ենթարկեց ԱԺ նախագահին, որին տեղափոխեցին հիվանդանոց:
ՀՀ-ում աստիճանաբար ճամբար է ստեղծվում Պուտինին հավատարիմ հին պահպանողական քաղաքական գործիչների շուրջը, որոնք կառավարության ղեկավարին մեղադրում են Մոսկվայի զայրույթը «անպատասխանատու, արևմտամետ քաղաքականության» պատճառով հարուցելու և դրանով ազգային նվաստացմանը նպաստելու մեջ:
Այս ճամբարը պահանջում է Փաշինյանի հրաժարականը՝ «այստեղ և հիմա»:
Իշխանամետ ճամբարը նույնպես խոսում է «ակնհայտ դավաճանության» մասին, բայց առաջին հերթին նկատի ունի Մոսկվայի դավաճանությունը:
Նա ապացույց է համարում այն փաստը, որ Ռուսաստանը վեց շաբաթ դիտում էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սպանդը, իսկ իր ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, միայն խորհրդանշական աջակցություն տրամադրում:
Նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը «Նիկոլի» շուրջը հավաքված ճամբարը հիմնականում «պատիժ» է համարում այն բանի համար, որ այս քաղաքական գործիչը 2018-ին իր, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությամբ» գայթակղեց ժողովրդին՝ հույսեր տալով հեռավոր Կովկասի խորը ժողովրդավարացման, կոռուպցիայի նվազման, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և օրենքի գերակայության մասին:
Նրանք նաև կարծում են, որ այսկերպ Մոսկվան ազդանշան է տալիս Բելառուսի նման երկրներին, որ նրանց ևս այսօրինակ բան է սպառնում, եթե վերջիններս Հայաստանի նման համարձակվեն ավելի ժողովրդավար և անկախ դառնալ:
Նիկոլ Փաշինյանը կդիմանա՞ այս պայմանագրին՝ պարզ չէ։
Համաձայնագիրը փաստորեն Հայաստանն ընկղմել է խորը գոյաբանական ճգնաժամի մեջ, որի հետևանքներն առայժմ կանխատեսելի չեն:
Երևանի պետական համալսարան
Ռուսաստանը ամեն նչ արեց,որ երրորդ անգամ ևս ասենք,,օրհվնի են սհատը,որ ռսի ոտը դրվեց մեր հողին,,,որպեսզի հետո էլի փոշմանենք…