Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Վարդանանց հրապարակից տունդարձ դեպի Արցախ՝ «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցու անդադար ղողանջների ներքո

Նոյեմբեր 23,2020 16:55

Այսօր վաղ առավոտյան Գյումրու Վարդանանց հրապարակում հուզիչ մի տեսարան էր․ միաժամանակ և՛ ուրախություն, և՛ մտորումներ առաջացնող․ արցախցի մի խումբ ընտանիքներ՝ թվով 58 հոգի, լքում էին Գյումրին։ Նրանք տունդարձի համար և՛ ուրախ էին, որ վերջապես վերադառնում էին հայրենի Արցախ, և՛ շատ տխուր, քանի որ մարդիկ կային կորցրել էին իրենց բնակավայրը ու իրերը կապած՝ գնում էին դեպի անհայտություն։

Մեզ հետ զրույցում տարեց մի կին՝ տիկին Մառլենան, որը Հադրութից էր, թոռի ու հարսի հետ վերադառնում էր Ստեփանակերտ՝ հարսի հայրական տուն։ Իսկ թե հետագայում որտեղ և ինչպես են ապրելու, չգիտեր։ Կինը ցնցված էր գյումրեցիների հյուրընկալությունից, ըստ նրա, այնպիսի ջերմությամբ են ընդունել այս քաղաքում, որ պատերազմի մասին անգամ մի պահ մոռացել էին։

Մարտակերտից Մարո Պետրոսյանն էլ, որը Գյումրիում էր հյուրընկալվել տաս հոգով՝ երկու դուստրերի, թոռների ու որդու հետ, ասաց, որ սրտատրոփ վերադառնում են հայրենի տուն, բայց չգիտեն հետագայում ինչ կլինի իրենց հետ։

«Ինչքա՞ն կարող ենք ապրել ռուս խաղաղապահների հույսին, միայն մեր հարազատներից 10 հոգի զոհվել են՝ հորեղբորս տղան ու թոռը, հորքուրիս տղան, որի դին չենք վերցրել։ 23 հոգի էլ Մարտակերտից անիմաստ տեղը զոհ տվեցինք: Ի՞նչ դարձավ, սաղ հողը տվեցին թուրքերին, մեր տղերքը հողի համար էին կռվում, որ հանձնեի՞ք․․․ Տարան գլուխները կերան, ավելո՞րդ էինք մեր երեխեքը, գլխաքանա՞կ էին, որ կոտորվեցին։ 92 թվականին էլ իմ ամուսինն է զոհվել, բայց այն ժամանակ հայրենիք ազատագրեցինք»,-նեղվեց մեր զրուցակիցը։

Նա նաև նշեց, որ Մարտակերտից դուրս գալու ժամանակ իրերի մի մասը թողել էին այնտեղ՝ սպասումով, որ հետ կգնան։

 

Նրա որդին՝ Մկրտումյան Սամվելն էլ հավելեց՝ «Եթե ռուսն այնտեղ է, անվտանգ կլինի, մեր տունն է, ոչ մեկին չենք թողնելու, Գյումրի էլի կգամ, շատ եմ հարազատացել, բայց հիմա հարազատ Արցախ պիտի վերադառնալ»։

Մեր զրուցակիցն այնպես հուզված էր, որ չկարողացավ զսպել արցունքները։

 

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն էլ տեղեկացրեց, որ սա երկրորդ ուղևորահոսքն են կազմակերպում դեպի Ստեփանակերտ, մարդկանց հասցնում են Ստեփանակերտի հրապարակ ու վերադառնում։

Նախորդ անգամ, ըստ պաշտոնյայի, 65 հոգի են մեկնել Գյումրիից, նորից կցուցակագրեն ու կտեղափոխեն։

Խաչատուր Խնձրցյանը վստահեցրեց, որ անվտանգ տեղ են հասցնում․ Բերձորով հասել են Ստեփանակերտ․ մարզպետի պաշտոնական գրությամբ՝ ուղևորների ցուցակով, այն ուղարկվում է նաև ռուսական կողմին, ռուս խաղաղապահները ուղեկցում են մինչև Ստեփանակերտ։

Արմինե Կարախանյանն էլ, որը «Մենք ձեզ հետ ենք՝ ի գործ, կամավոր» նախաձեռնության ներկայացուցիչ է և որտեղ 40-ից ավելի արցախցի ընտանիքների համար կամավորական հիմունքներով աշխատանք են իրականացնում․ նրանց կացարանով, հագուստով ու սնունդով ապահովում, եկել էր ճանապարհելու 13 հոգանոց մի ընտանիքի։

Արմինե Կարախանյանն ասաց, որ նրանց Մարտակերտի Մարաղա գյուղից են, որն արդեն անցել է թշնամուն, նրանք գնում են Ստեփանակերտ, որպեսզի հետո բնակության տեղափոխվեն Մարտակերտ քաղաք։ Նա ասաց, որ իրենց մոտ հյուրընկալված արցախցիները բոլորն էլ ուզում են վերադառնալ, ասում են․ «Հայաստանը շատ լավ տեղ է, Գյումրին ջերմ քաղաք է, բայց Արցախից քաղցր տեղ երկրագնդի վրա չկա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30