Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձմեռ պապիկից արդեն խնդրել եմ՝ շուտ գնանք մեր տուն, հայրիկն էլ մեզ հետ լինի». ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ն անում է հնարավորը, որ պատերազմից տուժած երեխաները կարողանան շարունակել կրթությունը

Նոյեմբեր 23,2020 16:25

ՅՈՒՆԻՍԵՖը Լեռնային Ղարաբաղից Հայաստանի 10 համայնքներ ժամանած երեխաներին նախապատրաստում է դպրոցին

8-ամյա Սերգեյն է՝ Ստեփանակերտից կամ ինչպես ինքը հպարտ հայտարարեց․ «ես արցախցի Սերգեյն եմ»։ Մինչ սեպտեմբերի 27-ը, երբ ԼՂ հակամարտությունը բռնկվեց, դպրոց էր գնում Ստեփանակերտում, սովորում 3-րդ դասարանում։ Բայց արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ դպրոց չի հաճախում, որովհետև իր մայրիկի, քրոջ ու եղբոր հետ ստիպված էին հեռանալ ոչ ապահով Ստեփանակերտից և նախ հաստատվել էին Երևանում, հետո՝ Դիլիջանում։

«Մենք նստեցինք ավտոբուս ու եկանք Երևան։ Մեզ հետ ոչինչ չէինք վերցրել, միայն մի քանի կտոր հագուստ, իսկ գրքերս ու տետրերս մնացել էին տանը, մտածում էինք, որ շուտ ենք վերադառնալու»։

Սերգեյը շատ է սիրում մայրենին ու իր մայրենիի ուսուցչին՝ ընկեր Պետրոսյանին։ Շատ է սիրում կարդալ գրքեր ու հեքիաթներ, դրա համար էլ շատ է տխրել, որ իր գրքերը մնացել էին տանը։

«Անընդհատ տրաքոցներ էր, մեր դպրոցն էլ էր ռմբակոծվել։ Բայց ես չեմ վախենում հետ գնալ, ես կգնամ ու էլի ընկեր Պետրոսյանի հետ լավ հեքիաթներ կկարդանք։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած պայուսակներից անձամբ ընտրեց քաղցր կապույտ գույն ունեցող պայուսակը․ կապույտն իր սիրած գույնն է։ Մեզ ուրախ հայտնեց, որ «Դիլիջանում դպրոցներն արդեն բացվել են ու նոյեմբերի 16-ից արդեն ես էլ եմ դպրոց գնալու»։ Խոստովանեց, որ վաղն ավելի ուրախ է գնալու դպրոց․ «արդեն հա՛մ տետրեր ունեմ, հա՛մ էլ գրիչներ ու մատիտներ»։

Սերգեյը շատ է սիրում իր քաղաքը՝ Ստեփանակերտը, ու թեև Հայաստանում էլ վատ չէ, անհամբեր սպասում է, թե երբ է գնալու իր հարազատ Ստեփանակերտ, երբ է ընտանիքի հետ նորից քայլելու Ստեփանակերտի հրապարակում։ «Լսել եմ, որ մեր բնակարանն է վնասվել, բայց միայն պատուհաններն են կոտրվել։ Կվերանորոգենք»։ Հետո խորը շունչ քաշելով՝ ասաց․ «Ճիշտ է՝ հրապարակն էլ է լավ վնասվել, բայց էտ էլ կվերանորոգենք, ավելի կսիրունացնենք»։

12-ամյա Վիկտորիան իր մոր և եղբոր հետ ժամանակավորապես հաստատվել է Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկում գտնվող մի կացարանում։ Սովորում է 7-րդ դասարանում։ Հաճախում էր Ստեփանակերտի 10-րդ դպրոց։ «Պատերազմի առաջին երկու օրերին ինտերնետում նկարներ տեսա, որ դպրոցս ամբողջովին փլուզվել է։ Շատ տխրեցի, իմ հարազատ դպրոցն այլևս չկա. ախր իմ բոլոր ընկերները ձեռք են բերվել այնտեղ, ախր այնքան սիրուն էր մեր դպրոցը»։

Չնայած դժվար օրերին՝ Վիկտորիան վստահ է, որ շուտով իր դպրոցը կվերակառուցեն, և ինքն ու իր դասընկերները կվերադառնան իրենց հարազատ դպրոց։

«Ամեն օր խոսում ենք Երևանում բնակվող դասընկերներիս հետ։ Միասին տխրում ենք, միասին կատակում ենք․ այսպես մեկս մյուսիս օգնում ենք հաղթահարել այս իրավիճակը։ Միմյանց հույս ենք տալիս, որ հետ ենք գնալու մեր քաղաք ու շարունակելու ենք սովորել մեր դպրոցում»։

Սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտից տեղահանվելիս Վիկտորիան իր հետ միայն հագուստ ու հեռախոսն էր վերցրել, իսկ գրքերն ու պայուսակը թողել էր տանը։ «Ես, որքան գիտեմ, մեր տունը դեռ կանգուն է, պետք է, որ իրերս էլ նորմալ վիճակում լինեն։ Բայց ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացած պայուսակը հետս անպայման կտանեմ։ Ես գրենական պիտույքներ շատ եմ սիրում, նոր պիտույքները միշտ նախապատրաստում են դպրոցին, մի տեսակ ոգևորվում ես»։

Մայրիկին ու հայրիկին ու իր հարազատ դպրոցը շատ սիրող Վիկտորիան երազում է, որ աշխարհում երբևէ պատերազմ չլինի, որ ոչ մի երեխա ստիպված չլինի իր տնից փախչել։ «Չեմ ուզում որևէ երեխա երբևէ տեսնի, թե ինչպես է փլվել իր դպրոցը, չեմ ուզում որևէ մեկը զգա այն, ինչ ես զգացել եմ»

Մեր պատմությունն անավարտ կլիներ, եթե չխոսեինք Դիլիջանում ժամանակավորապես հաստատված 5-ամյա Լիայի մասին։ Նա քրոջ, մայրիկի և տատիկի հետ Դիլիջան է եկել ԼՂ-ում գտնվող Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղից։ Իրենց գյուղում մանկապարտեզ չկար, դրա համար էլ նա մանկապարտեզ չի հաճախել, բայց թվերը լավ գիտի, մայրիկն է սովորեցրել։

Սեպտեմբերի 30-ին, հասկանալով որ արդեն շատ վտանգավոր է, տեսնելով, որ երեխաները գիշերը չեն քնում, յուրաքանչյուր աղմուկից վախենում են, անընդհատ լացում են, մայրիկը և տատիկը վերցնում են երեխաներին, նստում Երևան եկող ավտոբուսն ու հետևում թողնում իրենց ողջ ունեցվածքը։

Այժմ, երբ մարտական գործողությունները հանդարտվել են, սպասում են՝ ամեն ինչ մի փոքր կայունանա ու երբ արդեն զգան, որ գյուղում ապահով է, հետ կվերադառնան իրենց հայրենի գյուղ։

Լիան քչախոս էր ու շատ ամաչկոտ, բայց մեզ հետ ընկերացավ ու պատմեց, որ մայրիկի հետ արդեն նամակ են գրել Ձմեռ պապիկին, և անգամ հայտնեց, թե ինչ են գրել․ «Գիտես՝ ամեն ինչ լավ է լինելու, ես ձմեռ պապիկից արդեն խնդրել եմ, որ շուտ գնանք մեր տուն և հայրիկն էլ մեզ հետ լինի»։

2020 թվականն աշխարհում բոլոր երեխաների համար դժվար տարի էր, իսկ առավել ևս՝ Հայաստանի փոքրիկների համար։ Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը և ամեն օր, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի երեխաներին անհրաժեշտ աջակցություն տրամադրի։ Ներդնելով հօգուտ երեխաների կարիքների, մենք ներդնում ենք հօգուտ խաղաղության, սոցիալական միասնության և երկարաժամկետ առումով հօգուտ Հայաստանի զարգացման։ Միավորվե՛նք այս կարիքները բավարարելու համար և Սերգեյի, Վիկտորիայի, Լիայի, ինչպես նաև աշխարհի բոլոր մանուկների համար ավելի լավ ապագա կառուցենք։

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ն անում է հնարավորը, որպեսզի ԼՂ հակամարտությունից տուժած երեխաները կարողանան շարունակել կրթությունը և սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանան։ Մենք դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, ինչպես նաև կորոնավիրուսային վարակը կանխարգելող պաշտպանական միջոցներ ենք տրամադրել 3000 երեխայի, այդ թվում՝ համայնքային դպրոցներին 100 պլանշետ՝ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հիմնելու է 11 վաղ մանկական ուսումնառության անկյուններ և 15 կրթական սենյակներ ժամանակավոր կացարաններում։

Ժաննա ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30