ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը անձնական նախաձեռնությամբ է կառավարության շենքի առջեւ ժամը 12:00-ից անժամկետ հացադուլ հայտարարել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ:
Գարիկ Ավետիսյանն Aravot.am-ին ասաց. «Ես այստեղ եմ որպես մտահոգ քաղաքացի: Այս պայմանագրի նվաստացուցիչ կետերից երկրի վիճակի եւ դրանից դուրս գալու ելք տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը եւ վստահության կառավարության ստեղծումը, որը կկարողանա գոնե այս ծանրագույն վիճակում ինչ-որ փոփոխություններ կատարել, դրական բեկում մտցնել եւ ինչ-որ բան փրկել»:
Գեղամ Մանուկյանի պահանջը նույնպես մեկն է՝ Փաշինյանի հրաժարականը: «Համոզված եմ, որ նա հեռանալու է, որովհետեւ երկրի ժողովրդից թաքնվող, ժողովրդին պարտություն բերած վարչապետը, որն իր ապաշնորհ քաղաքականության արդյունքում տանուլ է տվել պատերազմը, տապալել է բոլոր կառավարչական, արտաքին քաղաքական, ազգային, համազգային բոլոր հարցերը, չի կարող պաշտոնավարել մեր երկրում: Հիմա չեմ շտապի մեկնաբանություն անել: Վստահ եմ, որ շատ փաստեր են ջրի երես դուրս գալու, որից հետո արդեն եզրահանգումներ կարելի կլինի անել»,-մեր հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:
Հարցին, թե ՀՅԴ-ն, ընդդիմադիր մյուս կուսակցությունները ողջունո՞ւմ են իր հացադուլը, թե՞ հորդորում են այն դադարեցնել, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Սա իմ անձնական նախաձեռնությունն է»:
Կարդացեք նաև
Նա ասաց նաեւ, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ էլ այստեղ՝ հացադուլի վայրում է լինելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ