Պաշտպանության նախարարության մոտ այսօր առավոտից տեղի էր ունենում բողոքի ցույց, որին մասնակցում էին անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանց հետ հանդիպմանը եկած ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ «Իմ քայլի» պատգամավոր է, հայտարարեց, թե պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում էին, որ պատասխանատու անձինք ընդունեն իրենց եւ հայտնեն` ո՞ւր են իրենց երեխաները։
Սակայն Անդրանիկ Քոչարյանի այդ հայտարարությունը քիչ անց հերքեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշելով, որ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին ազատելու որոշում այս պահին չկա: «Եթե լինի, պատշաճ ձեւով կտեղեկացնենք»,-ասել էր Մանե Գեւորգյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ