Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամաչե՛ք Ձեր երեսպաշտությունից». Նաիրա Զոհրաբյանը՝ Սոֆյա Հովսեփյանին

Նոյեմբեր 23,2020 15:07

«Իմքայլական» պատգամավորներ կան, ովքեր բաց ճակատով կանգնում և ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ինչ արել է, անում է և հետագայում անելու է՝ մենք սատարում ենք: Բայց կան Սոֆյա Հովսեփյանի տիպի պատգամավորներ, ովքեր փորձում են երեսպաշտությամբ, դեմագոգիայով, էժանագին բոնուսներ հավաքելով, իբր դատապարտել դավաճանական համաձայնագիրը, բայց իրականում շատ ավելի ջերմեռանդորեն են սատարում իշխանությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ իր եւ իր ղեկավարած հանձնաժողովի հասցեին հնչեցրած քննադատությանը:

Ֆեյսբուքյան իր էջում Սոֆյա Հովսեփյանը գրել է, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում անցած երկուսուկես տարիների ընթացքում, «բառիս ուղիղ իմաստով, ոչ մի կարևոր գործ չեն արել, բացի մի շարք ոչ պետականամետ ծրագրեր առաջ տանելով: Այսօր իրենք լուռ են, իրենք չեն թակում հազարավոր դռներ ու չեն պահանջում գերիների փոխանակման հարցի օր շուտ կարգավորումը»:

«Օրը 24 ժամ, ես՝ որպես պատգամավոր, զբաղված եմ ռազմագերիներով, գերիներով, մեր խոշտանգված զինվորներով, տեղահանված քաղաքացիներով: Օրը 24 ժամ միջազգային բոլոր կառույցների հետ ամեն րոպեական կապի մեջ եմ: Հենց այս պահին կրկին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ կապի մեջ եմ, նրան ուղարկում եմ և քննարկում ենք վերջին օրերի մեր գերիների տեսանյութերը, որոնք ազերի տականքներն են տարածում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս աշխատանքը շատ դեպքերում այնպիսին է, որ դրա մասին անընդհատ հայտարարելը ուղղակիորեն կվնասի գործին:

«Ե՛վ հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը, և՛ հանձնաժողովի «իմքայլական պատգամավորներն ամեն ինչ անում են: Իմ կողմից միջազգային կառույցներին ուղղված բոլոր գրությունները եղել են բացառապես հանձնաժողովի անունից: Կան բաներ, որոնք ենթակա չեն հրապարակման՝ գերիներին և քաղաքացիական անձանց չվնասելու համար: Այս ամբողջ ծավալի աշխատանքը տանելիս՝ մենք չենք գրում ՀՀ քաղաքացի Նաիրա Զոհրաբյան, ՀՀ քաղաքացի Անի Սամսոնյան կամ ՀՀ քաղաքացի Շաքե Իսայան: Մենք այս ամենն անում ենք հանձնաժողովի անունից, և անհարմար է այս իրավիճակում փորձել դեմագոգիայով զբաղվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է Սոֆյա Հովսեփյանին տրամադրել, եթե ինքը ցանկություն ունի, բոլոր նամակները, ուղերձները, տեսանյութերը:

«Ես միջազգային կառույցներին, ներառյալ Կարմիր Խաչին, ուղարկել և շարունակում եմ ուղարկել ամեն ինչ: Այսօր էլ իմ ուշադրության կենտրոնում է և իմ էջում էլ տեղադրված է Էրիկ Խաչատրյանի դեպքը, որի ծնողի հետ խոսել եմ և կապի մեջ եմ: Հիմա պաշտոնապես դիմել եմ Կարմիր Խաչին և նրանց հետ փորձում ենք հասկանալ Էրիկի և նրա հետ գերեվարված 2-3 մեր զինվորների ճակատագիրը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց նաեւ, որ Արցախի խորհրդարանի իր գործընկերների միջոցով դիմել է ռուս խաղաղապահների ղեկավար Ռուստամ Մուրատովին՝ նրա հետ հանդիպելու համար: Վերջինս այս պահին Արցախում չէ: Առաջիկա օրերին, երբ նա կլինի Արցախում, Նաիրա Զոհրաբյանը կմեկնի Արցախ՝ Մուրատովի հետ մեր տեղահանված անձանց անվտանգության և այլ իրավունքները քննարկելու համար. «Այսօր դիմել եմ նաև Ռուսաստանի Պետական Դումայի փոխնախագահ Տոլստոյին՝ քննարկելու համար այն խնդիրը, որ ռուս խաղաղապահները տեղակայվեն նաև այն գյուղերում, որտեղից մեր հայրենակիցները դեռևս չեն հասցրել իրենց գույքը տեղափոխել, որովհետև տիրում է կատարյալ քաոս: Չկա որևէ պատասխանատու, ով մարդկանց կասի, թե ո՞ր գյուղը, ո՞ր օրը պիտի ազատվի: Մենք տեսանք Վազգենաշենի դեպքը, և դա եզակի գյուղ չէր, երբ թուրքերը նվաստացնում էին մեր տեղահանվող հայրենակիցներին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30