Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորներ կան, որոնց ընդամենը 3-4 օր առաջ գերի են վերցրել Հադրութի, Ջեբրայիլի տարածքներից. անհետ կորածների ծնողները պնդում են, որ նախարարին զգուշացրել են, բայց քայլեր չեն ձեռնարկվել

Նոյեմբեր 23,2020 14:38

«45 օր նույն բանն եք ասում, կանչե՛ք, թող գան պատասխանեն, 200 կիլոմետր ճամփա եմ եկել, որ մի լուր իմանամ, ինչի՞ եք մեր ճամփան փակում: Ո՞ւր է թոռս: Սիրտս վառվում է»,-այսօր դիմելով պաշտպանության նախարարության շենքը պահպանող ոստիկաններին՝ ասում էին անհետ կորած զինվորների ծնողները: Այսօր առավոտից ՊՆ շենքի մոտ լարված իրավիճակ էր: Անհետ կորած զինվորների ծնողները, հարազատները պահանջում էին հանդիպում նախարարի հետ:

Նրանց խոսքով, ոչ մի կուսակցության անդամ չեն, պարզապես որդեկորույս ծնողներ են, որոնք իրենց երեխաներից մի լուր են ուզում իմանալ:

«Մենք չենք եկել ասում՝ մեզ աթոռ տվեք, պաշտոն տվեք, մենք ասում ենք՝ մեր երեխաներին տվեք»,-պահանջում էին ծնողները: Նրանցից մեկն ասաց, որ երկու տղային տվել է հայրենիքին, որոնք ժամկետային զինծառայող են եղել՝ Ջեբրայիլում եւ այսօր երկու որդին էլ չկան: Նա վարչապետից պահանջեց քայլեր ձեռնարկել՝ երեխաներին գտնել. «Հոկտեմբերի 9-ից լուր չկա, երկու ամիս է՝ տանում՝ բերում են, էսօր էլ ասում են՝ ձեր երեխաներին գցել ենք անհայտ կորածների ցուցակ: Իրանց երեխաներին տարան, փափուկ տեղերում պահեցին, վաղն իրենց թոռներով են ուրախանալու, մենք ումո՞վ ուրախանանք»:

Ծնողների խոսքով, որեւէ մեկը լրջորեն չի զբաղվում անհետ կորածների հարցով, իրենք ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերից են տեղեկանում երեխաների մասին, որոնց մի մասը վիրավոր է, մի մասը՝ մահացած կամ գերի: Զոհվածների եւ անհետ կորածների հարազատների կարծիքով, մեր երկրի ղեկավարությունը ոչ էլ ուզում է այդ երեխաներին վերադարձնել, որովհետեւ շատ գաղտնիքներ կան, որոնք զինվորները կբացահայտեն՝ այդ գործողությունները ոնց են եղել: Երկու որդիներին կորցրած ծնողը, որը տեղեկություն ուներ, թե որդիներից մեկի դիակը որ գյուղում է, կառավարությունից պահանջեց իրեն երկու ադրբեջանցի տալ, որպեսզի վրեժը լուծի՝ հանգստանա:

Ծնողներին հանդիպելու եկավ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա ասաց, որ այսօր կառավարությունում քննարկվելու են այդ բոլոր հարցերի լուծման ուղիները: Նրա խոսքով, ներկա են լինելու բոլոր ուժային կառույցների ղեկավարները: Պարոն Քոչարյանն առաջարկեց ծնողներից 10-15 մարդ ընտրել եւ հանդիպել ուժային կառույցների ղեկավարների հետ, որոնք կասեն՝ հարցի լուծման ճանապարհները. «Պաշտպանության նախարարը, Արտակարգ իրավիճակի նախարարը կներկայացնեն, հաջորդ քայլը՝ կներկայացնեն Կարմիր խաչի եւ ռուսական զորքի ներկայացուցիչները»:

Ծնողները վրդովեցին, որ հարցը նոր են քննարկում, ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հարցը նոր չէ քննարկվում, այլ վաղը ներկայացվելու է՝ ինչ են անում:

Ծնողներից մեկը լուսանկարներ ցույց տվեց Անդրանիկ Քոչարյանին եւ ասաց, որ այդ զինվորներին ընդամենը 3-4 օր առաջ գերի են վերցրել Հադրութի, Ջեբրայիլի տարածքներից. «Ամիս ու կես է պաշտպանության նախարարին խնդրում ենք, որ միջոցներ ձեռնարկեն, ԱԻՆ-ի մեքենան մտցնեն տարածք, հայտարարեն, որ հայ երեխաները դուրս գան: Ողջերին բերեն, վիրավորներին դուրս հանեն: Երեք անգամ հանդիպել ենք, երեք անգամ խոստումներ է տվել ու չի արել»:

Անդրադառնալով ցույց անող 17 կուսակցությունների պահանջին, ծնողներից մեկն ասաց, որ իրական ընդդիմադիրներն իրենք են, ոչ թե Ազատության հրապարակում հավաքված կուսակցությունները, որոնք կառավարության հրաժարականն են պահանջում: Նրանք կոչ արեցին իրենց երեխաների անունը չշահարկել ու կառավարության հրաժարականի պահանջը դրա հետ չպայմանավորել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30