«Մովսես Հակոբյանի բացահայտածն իրականության անգամ մեկ տոկոսը չէ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա վստահեցրեց՝ սկսվելիք պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանն իմացել է սեպտեմբերի 27-ից մեկուկես ամիս առաջ:
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ միտումնավոր չի կատարվել կանոնավոր զորահավաք: Այս առնչությամբ նա մանրամասնեց. «Սա մտածված էր: Տեղի է ունեցել հայոց պատմության մեջ ամենամեծ խմբակային դավաճանությունը, որի գլխին կանգնած են եղել Նիկոլ Փաշինյանը և մյուս բոլոր կառույցները»:
Գառնիկ Իսագուլյանի համար միշտ անհասկանալի է եղել՝ ով է կառավարել ամբողջ պատերազմական գործողությունները: Նրա համոզմամբ՝ դա արել են Սամվել Բաբայանն ու Աննա Հակոբյանը:
Կարդացեք նաև
Գառնիկ Իսագուլյանի համար նաև անհասկանալի է, թե ինչու 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանն ու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն արժանացան ազգային հերոսի կոչման: Նա պարզաբանեց. «5-րդ կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը, որը պատմության ընթացքում մեծագույն պարտությունն է գրանցել, ազգային հերոսի կոչում է ստանում: Ամբողջ հարավային ճակատի պարտությունը եղել է նաև նրա պատճառով: Նա իմ առաջին զինվորն է եղել, որին Երվանդ Թամազյանի հետ ես տարել եմ Արցախ 1989-ին: Ջոկատը եղել է Մեծ թաղլարում, ինքն այդ զինվորներից է: Ոչ մի բազային կրթություն չի ունեցել, իսկ թե ինչու եմ Արցախ տարել, շատերը լավ գիտեն: 24 տանկային զրահամեքենաներից 18-ն ուղղակի ադրբեջանցիները վերցրին, 4-ը խոցվեց, 2-ը հետ բերվեց: Ինձ համար անհասկանալի է, որ ամենամեծ պարտությունից հետո՝ զորքը 60 կմ նահանջից, 1700 զինվորից 13000-ին զոհող Անդրանիկ Փիլոյանը ո՞նց է ամսի 22-ին ստանում ՀՀ ազգային հերոսի կոչում, հիմա էլ ստացել է նախարարի պաշտոն: Մարդ, որը չունի բարձրագույն կրթություն, որ գրանցել է հայոց պատմության ամենամեծ պարտությունը, տվել է զինտեխնիկայի ու զորքի ամենամեծ կորուստը, հանկարծ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստանում է ՀՀ ազգային հերոսի կոչում»:
Նա նշեց՝ Տիրան Խաչատրյանը դեմ ոչինչ չունի, բայց ուզում է հասկանալ նա՞ ինչու է ստացել ազգային հերոսի կոչում. «Տիրանի գործունեությունն առաջին պատերազմի ժամանակ անգնահատելի է: Տիրա′ն, Ճուռը քո մոտիկ ընկերն է եղել, զոհվեց այս պատերազմում: Ազնիվ եղեք և բացահայտեք այն բոլոր դավաճանական գործողությունները, որոնք արել են ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Եթե որևէ հայ կարող է Նիկոլ Փաշինյանի ձեռքից ընդունել ազգային հերոսի կոչումը, ապա դա խայտառակություն է: Անդրանիկ Փիլոյանը լռելու համար ստացավ հերոսի կոչում, դո՞ւ ինչի համար, Տիրա′ն: Դու հիմա էլ դաշնակցական ես, փայլուն ճանապարհ ես անցել, հանուն ընկերներիդ հիշատակի խնդրում եմ ասես ճշմարտությունը, թե ինչ է տեղի ունեցել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ