«Մովսես Հակոբյանի հայտարարությունները կարեւոր էին եւ լույս սփռեցին այս կարեւոր ժամանակահատվածում: Մովսես Հակոբյանը, ըստ էության, այս պատերազմական ժամանակաշրջանի հանցավոր մտադրությունների մասին խոսեց, բայց որպեսզի հասկանանք, թե ինչու հասանք այս վիճակին, պատմական անդրադարձ անենք»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ոստիկանության նախկին պաշտոնյա, գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Նրա բնորոշմամբ. «Սեւերի» եւ «սպիտակների» բաժանելը պատահական քաղաքական հայտարարություն չէր: Որպեսզի այս իշխանությունը կարողանար հանցավոր մտադրությունն իրականացնել, վարկաբեկեցին արցախյան պատերազմի բոլոր հերոսներին, նախկին նախագահներին, կեղծ օրակարգ առաջ բերեցին՝ «թալանչիներ», եւ որեւէ քրեական գործ իր տրամաբանական ավարտին չհասավ այս ընթացքում»:
Սայաթ Շիրինյանի խոսքով. «Այսօր էլ շարունակվում են ստոր մտադրությունները: Դարձյալ մարդկանց գցում են մոլորության մեջ՝ հայտարարելով, որ ապօրինի գույքը պետք է բռնագանձվի: Հասկանալի է, որ հանցավոր խումբ է ձեւավորվել Նիկոլ Փաշինյանի շուրջ, եւ միայն Փաշինյանին մեղադրելը սխալ կլինի: Այդ բանդայի մեջ գործունեություն են ունեցել ներկա մյուս իշխանավորները: Պաշտպանության նախարարն այսօր հանգիստ խղճով թողնում գնում է եւ մի հայտարարություն չի անում, միայն ասում է, թե պատասխանատու է…բայց ինչի՞ համար ես պատասխանատու: Բանը հասել է նրան, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մի նայեք, թե ինչքան եմ տվել, նայեք, թե ինչքան եմ պահել… այս հանցավոր մտադրությունը, որն ուներ այս իշխանությունը, բացահայտում է ՌԴ նախագահը: Նա ասաց, որ Շուշիի վերաբերյալ որեւէ խոսք չի եղել եւ հնարավոր էր պատերազմն ավելի շուտ կանգնեցնել: Եվ դու, Փաշինյան, եթե հաշվի չէիր առնելու ժողովրդի կարծիքը, կարող էիր ամսի 18-19-ին կանգնեցնել պատերազմը, եւ չէինք ունենա այսքան զոհեր եւ վիրավորվեր: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը, այլեւ պառակտեց հասարակությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ