«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Այդ մասին նա տեղեկացրել էր ֆեյսբուքի իր էջում:
Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը՝ նա նախ հանդես եկավ հայտարարությամբ` ներկայացնելով համաշխարհային պրակտիկայում հացադուլների ձեւերը, որոնք ուղղված են թշնամու եւ օտարների դեմ:
«Այսօր ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում ոչ թե օտար հարստահարիչի դեմ, այլ մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
«Վարչապետը, որը ստորագրել է միայնակ, առանց խորհրդակցելու որեւէ մեկի հետ, ստորագրել է ստորացուցիչ կապիտուլյացիոն հայտարարություն, ով երկուսուկես տարվա ընթացքում պոռոտախոսությամբ է հանդես եկել, կազմալուծել է պետական կառավարման համակարգը, նվաստացուցիչ պայմաններով ստորագրել է փաստաթուղթ, երբ հնարավորություն ուներ ավելի լավ պայմաններում զինադադար կնքել պատերազմի տարբեր փուլերում: Մեր հայրենիքի մեծագույն մասը թշնամուն հանձնած մարդը պետք է օր առաջ հեռանա»,-ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրենը:
Կարդացեք նաև
Նա վստահ է, որ կորցրածից դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել, եթե Փաշինյանը հեռանա, սակայն շարունակում է կառչած մնալ աթոռին. «Նա պատրաստ է զոհաբերել բոլորին, միայն մնա, ես միանում եմ մեր Գարիկ Ավետիսյանի պահանջին, որը նույնպես հացադուլ է անում կառավարության շենքի մոտ»:
Երբ Գեղամ Մանուկյանը խոսում էր, նրան մոտեցավ մի քաղաքացի ու ասաց, որ 50 օր է՝ ԴՆԹ անալիզ է հանձնել, ցանկանում է եղբոր դիակը տանել թաղել, սակայն նրան ոչ մեկը չի օգնում: Կառավարության շենքի մոտ ինչ-ինչ մարդիկ փորձում էին սադրել հացադուլավորներին ու լրագրողներին:
Գեղամ Մանուկյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի խմբակցության շատ պատգամավորներ եւս էկրաններից այն կողմ, անձնական շփումներում ասում են, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց դա կկայանա միայն այն դեպքում, երբ հրաժարականը դառնա համահայկական պահանջ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրենը կարծում է, որ իր հացադուլը կարող է արդյունավետ քայլ լինել. «Ամեն մեկը պայքարի ինչ-որ միջոց է փնտրում է, սա վերջին միջոցն է, որին դիմում է շարքային քաղաքացի Գեղամ Մանուկյանը»:
Նա շեշտեց, որ հայտարարություն անելու համար հատուկ է ընտրել Արամ Մանուկյանի արձանի մոտ գտնվելը, քանի որ նա Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձգձգում էր Արամ Մանուկյանի արձանի բացումը:
«Դաշնակցական հարյուրավոր կամավորներ, այդ թվում իմ որդին՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնեցին առաջնագիծ եւ շարունակում են մնալ այնտեղ»,-ասաց նա, ապա շարժվեց կառավարության շենքի մոտ:
Նրան սկզբում ոստիկաններն արգելում էին կանգնել կառավարության շենքի առաջ:
Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ լուսանկարվելու համար Արցախ մեկնած ՀՀ պաշտոնյաներին, որոնցից շատերը պատերազմի օրերին ուղղակի հյուրանոցում էին անցկացնում: «Անհնար է, որ Ադրբեջանի իշխանության դեմ այս իշխանությունը նստի ու բանակցի…Երկիրը եւ ժողովուրդը չի պարտվել, պարտվել է այս իշխանությունը»,-շեշտեց նա:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ իմացել է Գեղամ Մանուկյանի հացադուլի որոշման մասին, առաջին անգամ որոշել է հորդորել նրան հրաժարվել այդ մտքից: Ավետիք Իշխանյանի խոսքով, այն անձը, որի հրաժարականն է պահանջում Գեղամ Մանուկյանը, չունի խղճի զգացողություն, նա նույնիսկ հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի եւ հասնի մահվան դուռը: Իրավապաշտպանը հիշեցրեց Մհեր Եղիազարյանի մահը, ասաց` վստահ էր, որ վարչապետը գիտեր նրա հյուծված լինելու մասին, բայց որոշեց ոչ մի քայլ չձեռնարկել.«Նիկոլ Փաշինյանը մի դաժան մարդ է, որի համար մարդկային կյանքը զրո է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ