Լրահոս
Օրվա լրահոսը

«Երփներանգը պարտվեց սեւ ու սպիտակին, պետական գործիչը՝ բլոգերին, իրական Հայաստանը՝ «ֆեյսբուքյան» Հայաստանին». Բագրատ սրբազան

Նոյեմբեր 23,2020 13:25

«Ամեն անգամ խոսելիս պետք է հիշեցնեմ, որ նոյեմբերի տասը մեր օրացույցում պետք է մնա որպես ամոթի ու խայտառակության օր: Մենք պետք է ընդունենք դա, ոչ թե ընդդիմանանք, ավելին՝ հոխորտանք, վրեժի կոչենք, մարդկանց աջ եւ ձախ մեղադրենք, չընդունենք սեփական մեղքը: Ով ինչպես ուզում է՝ թող ընդունի դա: Ուզում են՝ թող վիրավորվեն, կամ ոչ, մեծ-մեծ խոսեն, ծրագրեր կազմեն, կամ ոչ»,-նոյեմբերի 22-ի քարոզխոսության ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Քարոզխոսությունը հրապարակված է Տավուշի թեմի «ֆեյսբուքյան» էջում:

Հիշեցնենք, որ սրբազան հայրը հայտարարել է՝ նոյեմբերի 10-ը մեր օրացույցում պետք է նշվի որպես ամոթի ու խայտառակության օր:

«Մինչեւ մենք չընդունենք պարտության դառնությունն իր հետեւանքներով, չենք հասկանա, թե ինչ է հաղթանակը: Մենք պարտվեցինք մեղքին եւ հիմա էլ շարունակում ենք պարտվել մեղքին: Գործողությունների առումով կան մեղավորներ, բայց դա նաեւ մեր հավաքական վերաբերմունքն է: Մենք պարտվեցինք մեղքին, որովհետեւ երեւի մեր հայրենիքի կորստով գոնե այս պահին վերադարձանք մեր բնական վիճակին՝ որքան էլ դաժան հնչի դա: Վերջին 25 տարվա արյունով եւ արցունքով ձեռքբերածը, աղքատ ապրելու հետ համաձայնած լինելը, միայն թե՝ ամբողջական հայրենիք ունենանք, ամբողջական Արցախ ունենանք, ինչ գնով էլ լինի, համաձայնեցինք դրան: Այդ քսանհինգ տարիները երեւի մեր համար անսովոր էին, որովհետեւ մեր բնությունից դուրս եկած վիճակում էինք երեւի ապրում, որովհետեւ չէինք ուզում ողբալ, լացել, լավ չէինք զգում, երբ գնում էինք հաղթանակած Արցախ, այլ լավ էինք զգում, երբ գնում էինք մեր պարտված, պատմական հայրենիքը: Կանգնում էինք Վանա լճի վրա, լացում, երգեր երգում, նոր երգեր գրում եւ այդպես շարունակ: Երեւի մեր բնական վիճակին վերադարձանք: Երեւի ձեզ այսպես ավելի՞ լավ եք զգում, սիրելի ժողովուրդ»,-հարցադրում արեց Տավուշի թեմի առաջնորդը:

«Որովհետեւ հիմա նոր երգեր կգրվեն, նոր արցունք կթափվի, նոր ողբեր կհյուսվեն: Վերջին 2,5 տարում ոչ մի հայրենասիրական երգ չի գրվել այս երկրում, ոչ մի հաղթանակի նշանակության երգ չի գրվել: Մյուս կողմից, այս բոլոր ժամանակներում մեր բոլոր համայնքներում, աշխարհի բոլոր ծագերում ամենահայտնի, սիրված երգը եղել է «Գետաշեն»-ը. կորստի մասին երգն է եղել մեր ամենասիրած երգը՝ փոքր երեխայից մինչեւ մեծ: Սա ի՞նչ հոգեբանություն է: Երգ գրվել-չգրվելը ցուցիչն է մեր կենսակերպի, մեր մտահոգության: Երեւի թե լացի, կորստի երգերը մեզ ավելի են տալիս ուժ, հպարտություն, քան հաղթանակի երգերը: Սա մեր հոգեւոր ցուցիչն է: Դրա համար մենք պարտվեցինք մեղքին, եւ այս շարքում ճշմարտությունը պարտվեց ստին, ազնվությունը՝ կեղծիքին, երփներանգը՝ սեւ ու սպիտակին, պետական գործիչը բլոգերին, իրական Հայաստանը՝ «ֆեյսբուքյան» Հայաստանին, ուղղամտությունը՝ չարամտությանը, ազգայինը՝ գլոբալիստներին, քրիստոնեականը՝ ապաքրիստոնեականին, սեռը՝ անսեռությանը, ուղղությունը՝ անորոշությանը, պատասխանատվությունը՝ իրավունքին, անպատասխանատվությանը, պատերազմը՝ «փլեյսթեյշնի» գիտակցությանը»,-շարունակեց սրբազան հայրը:

Նրա բնորոշմամբ. «Այս իրավիճակում ոմանց թվում է, թե ոչ մի բան էլ չի եղել…Եղել է: Մենք թաղել ենք տարիների ձեռքբերումը, անցյալը դարձել է անարժեք, անհասկանալի է ներկան եւ դեռ չգիտենք, թե ապագան ինչպես ենք ձեւակերպելու որպես ազգ, պետություն: Չեմ հուսահատեցնում, հակառակը, ուզում եմ երկիր իջեցնել, հողի վրա, ծնկի բերել, խոնարհեցնել մեր գլուխները գետնին՝ ճանաչեցնելու համար ինքներս մեզ: Սա այսօրվա մեր երկրի պատկերն է: Որեւէ մեկը չի կարող ժխտել դա: Որքան էլ դառն է ընդունելը, բայց այդպես է: Մենք ապագայի տեսիլքով ենք ապրում: Դժբախտաբար, անգամ մեր ապագայի մասին պատկերացումն արդեն մեր անցյալում է: Մինչեւ ապագայից չգանք մեր ներկա, չենք հաջողելու, չենք հասկանալու, թե կյանքից ինչ ենք ուզում, մնալու ենք անորոշության եւ կենցաղի մեջ, լավագույն դեպքում՝ այստեղից-այնտեղից մի բան փախցնելու մեջ, տեւական սուտ խոսելու մեջ: Դժբախտաբար, մեր ապագան մեր անցյալում է: Ապագայի մեջ էլ ներկա չունենք»:

Սրբազան հայրը համոզմունք հայտնեց, որ մեղքին պարտվել ենք բոլորով. «Բայց առաջին պատասխանատուն նրանք են, ովքեր կառավարում են մեր կյանքը, ովքեր պատասխանատվություն ունեն մեր կյանքի հանդեպ: Ինձ ոմանք ասում են՝ ինչո՞ւ եք խոսում պարտության մասին…Բա ինչի՞ մասին խոսեմ: Դուք խաբում եք, մենք էլ ձեզ հետ ստե՞նք… եթե չճանաչենք, չգնահատենք ու չհասկանանք, այդպես էլ կշարունակենք ապրել: Մինչեւ գլուխներս չխոնարհենք, մեր հայացքները վեր չեն բարձրանա: Այո, մենք պարտվել ենք մեղքին: Դեռ հակառակը՝ մենք ոչ թե նվազեցնում ենք արժեքը մեր սքանչելի հերոս զավակների, որոնք պատերազմեցին ամեն օր, հաճախ մնացին անորոշության մեջ…լեզուս կպապանձվի, եթե որեւէ կերպ փորձեմ նվազեցնել կամ վիրավորել, կամ ստվեր նետել մեր զավակների անձնազոհության եւ նվիրումի վրա՝ ի հակառակ նրանց, ովքեր փորձում են դա այսօր անել հրապարակում եւ տաբեր այլ վայրերում: Մենք դա թույլ չենք տա»:

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը վստահեցրեց, որ մենք շատ ավելի պայծառ օրեր ենք ունենալու. «Մենք դեռ վերադարձնելիք ունենք կյանքին: Մենք նզովված չենք կարող գնալ այս կյանքից: Մենք հայրենիք ունենք վերադարձնելու, զավակներ, ընտանիքներ, եւ, վերջապես, կյանք ունենք վերադարձնելու, այն ավելի ուժեղ եւ աստվածասեր, խոնարհ, գործող դարձնելու, եւ ոչ թե գործի պատրանք ստեղծելու: Մենք ապրում ենք մեր եղբայրների արյան հաշվին, այդ պատասխանատվության ներքո, եւ ամեն մարդ պետք է գիտակցի դա: Երբեք չկորցնեք վերհառնելու հույսը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30