Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Մերօրյա հերոսները. Նարեկ Մելիքյան
Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական պայուսակ, իսկ սրտում՝ բժշկի առաքելությունը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկի բուժծառայության պետ Նարեկ Մելիքյանն անմահացավ մարտի դաշտում. հասցրեց փրկել շատերին:
Ադրբեջանաթուրքական ագրեսիան, որն արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ին վերածվեց լայնածավալ պատերազմի, բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ դարձավ: Պատերազմի սաստկությունը բուժծառայողների համար, երբեմն, անհնարին էր դարձնում առաջնագծից վիրավորների դուրսբերումն ու բուժօգնության տրամադրումը. մեր ռազմական բժիշկներն անհնարինը դարձնում էին հնարավոր: Մարտի դաշտում հայրենիքի համար զինվորը կռվում էր թշնամու, ռազմական բժիշկը՝ մահվան դեմ՝ հանուն այն կյանքերի փրկության, որոնք պաշտպանում են հայրենի հողը:
Ռազմական բժիշկ Նարեկ Մելիքյանն անմահացավ Ջրականում (Ջաբրայիլ): Նա հավերժ կմնա առաջնագծի ամենաթեժ հատվածներում վիրավորված և իր կյանքի գնով փրկված մարտիկների հիշողության մեջ:
Կարդացեք նաև
Ավագ եղբոր՝ Մինաս Մելիքյանի խոսքով՝ Նարեկը իրենց պապի հարուստ գրադարանի ամենապարտաճանաչ ընթերցողն էր: Նա փոքր հասակից սիրել է գիրքը և հոգացել պապու գրադարանի մասին: «Պապուն խոստացել էր, որ բժիշկ է դառնալու: Խոստումը կատարեց…»,- հիշում է Մինաս Մելիքյանն՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ բարձր միավորներով ընդունված Նարեկը նույնկերպ շարունակել է ուսումը՝ օրինակելի վարքի և գերազանց առաջադիմությամբ սովորելու համար արժանացել շնորհակալագրերի:
Ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո Նարեկ Մելիքյանը նախընտրում է մասնագիտական ծառայությունն անցնել առաջնագծի՝ Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկում: Ռազմական բժիշկը նպատակ ուներ ծառայությունից հետո վերադառնալ և շարունակել կրթությունն օրդինատուրայում:
Մինաս Մելիքյանի խոսքով՝ Նարեկը ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրել է գիտակցելով, որ պետք է մասնագիտական առաքելությունը կատարի բարդ իրավիճակներում, հաճախ՝ ոչ բարենպաստ պայմաններում. «Սիրում էր դժվարությունները, դրանք հաղթահարում էր ժպիտով…»,- ընդգծում է ավագ եղբայրն՝ ավելացնելով՝ հայրենիքի համար զոհված հերոսները կապրեն այնքան, որքան սերունդները կհիշեն նրանց:
Նարեկ Մելիքյանն անմահացավ՝ տալով իր կյանքը՝ կյանքի համար, կյանքը՝ կյանքի գնով: