Արցախի հանրապետության ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, լեյտենանտ Հունան Թադևոսյանը մեզ տեղեկացրեց, որ նոյեմբերի 16-ից Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատանքներին միացել են նաև Ռուսաստանի փրկարարները:
Հունան Թադևոսյանի խոսքով՝ այս օրերին Արցախի մայրաքաղաքում և մյուս բնակավայրերում կատարվում են ականազերծման աշխատանքներ: Այդ աշխատանքներին գործուն մասնակցություն ունեն ռուս սակրավորները, իսկ մյուս ջոկատները կատարում են այլ փրկարարական աշխատանքներ։
-ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի առաջարկով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ բաղկացած 6 աշխատանքային խմբից։ Պատերազմական գործողություններից վնասված շենք-շինությունների ու ենթակառուցվածքների վերանորոգման, վերակառուցման նպատակով կատարվում է վնասների գույքագրում և չափագրում,-մեր զրույցում ասել է Թադևոսյանը։
ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ հայկական և ադրբեջանական կողմերի համաձայնությամբ, փրկարարներն իրականացնում են զոհված զինծառայողների մարմինների որոնում, իսկ դիերի փոխանակման գործը համակարգում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
Կարդացեք նաև
Հ. Գ. Արցախ վերադարձած ընտանիքներին ծառայությունը տրամադրում է պարեն ու անհրաժեշտ պարագաներ: Միայնակ ու սահմանափակ կարողություն ունեցող քաղաքացիներին օգնություն հասցվում է առաքումով։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները` ԱՀ ԱԻՊԾ-ի