Հետաքննող լրագրողի՝ Լինդսի Սնելի խոսքով, սակայն, Ադրբեջանի իշխանությունները և նրանց թուրք դաշնակիցները առայժմ չեն շտապում հրաժարվել վարձկանների ծառայություններից։ Ավելին, ըստ Սնելի, սիրիացի վարձկանների թիվը Ադրբեջանում առաջիկայում կարող է նաև աճել,- հայտնում է «Ազատությունը»։
«Սիրիական ազգային բանակին» մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սիրիացի [վարձկանները] դեռ Ադրբեջանում են։ Բացի այդ, լուրեր են պտտվում նոր զինյալներ ուղարկելու հնարավորության մասին։ Այդ խոսակցությունների համաձայն՝ սիրիացիները Ադրբեջանում պետք է որոշ օբյեկտներ հսկեն, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում օժանդակեն թուրքական ռազմակայանների գործունեությանը», – գրում է Սնելը։
Վերջին օրերին արաբական որոշ լրատվամիջոցներում նույնիսկ տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Բաքուն և Անկարան, իբր, պատրաստվում են Ադրբեջան տեղափոխել այստեղ կռվող սիրիացի վարձկանների ընտանիքներին՝ նրանց հնարավորություն տալով մշտական բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում։
Լինդսի Սնելի համոզմամբ, այդուհանդերձ, դա քիչ հավանական է՝ նախևառաջ վարձկաններին շրջապատող գաղտնիության քողի պատճառով։
Կարդացեք նաև
«Սիրիացի վարձկաններին անգամ չեն թույլատրում առանց ուղեկցության լքել [տեղակայման վայրերը]: Նրանց մեծամասնությունը նույնիսկ սմարթֆոն չունի», – գրել է Սնելը։
Անցած շաբաթ, ի դեպ, Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը» ամփոփել է վարձկանների՝ Ղարաբաղյան պատերազմի մասնակցության ծավալները։ Կենտրոնի մասնագետները եզրակացրել են,որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը շարունակված պատերազմին հայկական ուժերի դեմ ընդհանուր առմամբ 2 հազար 580 սիրիացի զինյալ է կռվել։ Նրանցից առնվազն 293-ը զոհվել են, ևս 342 վարձկան ինչ-ինչ պատճառներով վաղաժամ խզել է պայմանագիրը՝ պատերազմական գործողությունների կեսից վերադառնալով Սիրիա։
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: