Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Պուտինը Դեր Զորն ահաբեկիչներից ազատագրած Մուրադովին գործուղեց Լեռնային Ղարաբաղ

Նոյեմբեր 23,2020 10:00

Ադրբեջանին հանձնված տարածքները Էրդողանն ու Ալիեւը սիրիացի վարձկաններով կբնակեցնե՞ն

Ադրբեջանի տարածքում գտնվող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի շուրջ բանակցությունները մեկնարկել են նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարությունից անմիջապես հետ, նույնիսկ այս հարցով ռուսական պատվիրակություն էր մեկնել Անկարա, սակայն երկօրյա քննարկումներից հետո ռուս-թուրքական բանակցություններն ընդհատվել էին առանց վերջնական որոշման։ Կենտրոնի աշխատանքներին նաեւ թուրք զինվորականների մասնակցության վերաբերյալ նոյեմբերի 11-ին ՌԴ պաշպանության նախարարը հուշագիր ստորագրեց թուրք գործընկերոջ հետ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը շատ արագ որոշում կայացրել՝ թուրք զինվորականներին իրավունք տալով ծառայություն իրականացնել Ադրբեջանի տարածքում:

Տպավորություն կա, որ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում էին այս ընթացքում փոխզիջումների գալ ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեության շուրջ: Օրերս ՌԴ պաշտպանության նախարարը Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Մոսկվան եւ Անկարան շուտով կավարտեն քննարկումները` Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոնի տեղակայման վայրի եւ իրականացնելիք խնդիրների շուրջ: Շոյգուն միայն նշել է, թե ռուս-թուրքական այս համագործակցության նպատակն է երաշխավորել կայունությունը եւ նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը. «Համատեղ կենտրոն ստեղծելու որոշումը թույլ կտա հուսալի վերահսկողություն իրականացնել եւ դիտարկել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաեւ ամուր հիմք ստեղծել՝ տեւականորեն ձգվող այս հակամարտության կարգավորման համար»։

Հայտնի է, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, ստույգ տեղը, սակայն, դեռ հստակ չէ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այն հավաքագրելու է կրակի դադարեցման, ինչպես նաեւ նոյեմբերի 10-ին ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող տեղեկություններ, արձանագրելու է հնարավոր խախտումները՝ մշտադիտարկման, անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա։ Ավելին, վերջերս «Ինտերֆաքսը» հաղորդել է, թե ռուս-թուրքական այդ կենտրոնը ոչ միայն արձանագրելու է խախտումները, այլեւ զբաղվելու է դրանց վերաբերող դիմում-բողոքների քննությամբ։ Ըստ էության, սա հրադադարի շուրջ ստորագրված եռակողմ հայտարարության հինգերորդ կետում սահմանված դրույթն է, որով նախատեսվում էր մոնիտորինգի կենտրոն հիմնել՝ ձեռք բերված համաձայնությունների կատարումը վերահսկելու համար։

Ուշադրություն դարձնենք՝ հայտարարությունը ստորագրեցին Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը, բայց այդ հայտարարության համապատասխան դրույթով մոնիտորինգ պատրաստվում են իրականացնել ՌԴ-ն ու Թուրքիան: Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մինչ այժմ մերժել է սահմանին, շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման՝ միջնորդների պահանջը, սակայն այժմ, բնականաբար, Թուրքիայի մասնակցությունը նրա համար լիովին ընդունելի է դարձրել գաղափարը, ավելին՝ բավարարել է պաշտոնական Բաքվի՝ «Թուրքիան էլ պետք է մասնակցություն ունենա ղարաբաղյան կարգավորման գործընթացին» շարունակ ներկայացվող պահանջը: Թուրքիայից արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ թուրք զինվորականները Ադրբեջան կմեկնեն մեկ տարով:

Նոյեմբեր 21-ին Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն հայտնեց, որ թուրք զինվորականների՝ Ադրբեջանում տեղակայման համար ամեն ինչ պատրաստ է. «Մենք ավարտել ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Խորհրդարանի կողմից ընդունված որոշման համաձայն, թուրք զինվորականները իրենց ծառայությունը Ադրբեջանում կսկսեն որքան հնարավոր է շուտ»: Իսկ հաջորդ օրը NTV հեռուստաընկերության եթերում Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման շուրջ բանակցությունները շարունակվում են. «Երկխոսության առաջին փուլը ավարտվել է։ Ռուսական կողմը տեղյակ է Անկարայի մոտեցումներին։ Բանակցություններին մասնակցում են ԱԳՆ-ի, ՊՆ-ի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Առաջիկա օրերին կհստակեցվեն կենտրոնի տեղակայման վայրը եւ դրա գործունեության սկզբունքները։ Կհստակեցվի նաեւ, թե ով ինչի համար է պատասխանատու։ Այսպես թե այնպես թուրք զինվորականները ներկայացված են լինելու Ղարաբաղում գործող այդ կենտրոնում»։ Թուրք պաշտոնյան հարկ է համարել նաեւ հավելել. «Ոչ ՆԱՏՕ-ն եւ ոչ էլ ԵՄ-ն այդպես էլ չկարողացան հանդես գալ ԼՂ-ի հիմնախնդրի լուծման որեւէ իրատեսական առաջարկով։ Փոխարենը Անկարային եւ Մոսկվային հաջողվեց փոխհամաձայնության գալ 30-ամյա հակամարտության լուծման շուրջ»։

Ուշագրավ էր, որ թուրքական կողմի վերոնշյալ հայտարարությունից հետո նույն օրն՝ նոյեմբերի 22-ին ավելի ուշ Պուտինը ստիպված եղավ լրացուցիչ պարզաբանում տալ այն մասին, թե ովքեր են եռակողմ հայտարարության հեղինակները, նշելով, թե դրանք երեքն են՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը:

Այսպես, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ թուրք զինվորականների Ադրբեջան մեկնման համար ամեն ինչ պատրաստ է։ Բայց այստեղ մեծ հարց կա՝ ինչու՞ է պաշտոնական Անկարան այդքան ցանկանում, որպեսզի թուրք զինվորականները մոնիթորինգ իրականացնեն Ադրբեջանում, ինչու՞ է այդքան շտապում, եւ ովքե՞ր են պատրաստվում թուրք զինվորականների անվան տակ հանդես գալ Ադրբեջանին վերադարձված տարածքներում: Գուցե Ադրբեջան տեղափոխված վարձկան ահաբեկիչնե՞րը…

Երեկվանից ռուս ռազմական լրագրողների կողմից նետվել է հրապարակ վարկածը, որ Թուրքիայի միջոցով Ադրբեջան տեղափոխված վարձկանները ոչ միայն մնալու են Ադրբեջանում, այլեւ տեղափոխվելու են Ադրբեջանին վերադարձված տարածքներ եւ նրանց թիվը, չի բացառվում, որ ավելանա: Երեկ էլ Sky News Arabia-ն է տեղեկություններ հայտնել, թե Թուրքիան, որը հարյուրավոր սիրիացի վարձկաններ էր ուղարկել Ղարաբաղի առաջնագծում կռվելու համար, այժմ իբր ուղարկում է նրանց ընտանիքներին, որպեսզի նրանք այդ տարածքներում բնակվեն՝ «տեղահանվածների» կարգավիճակում:

Սա մի սարսափելի գործընթաց կլինի, եթե այս վարկածը հաստատվի եւ իրականություն դառնա: Պարզ չէ, թե Հայաստան պետությունն, առհասարակ, որեւէ մասնակցություն ունեցե՞լ է ռուս-թուրքական մոնիտորինգ իրականացնող կենտրոնի կազմավորման հարցերին: Ակնհայտ է, որ վերոնշյալ հարցով Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան բանակցություններում Հայաստան պետությունն ընդհանրապես չկա, այս հարցով որեւէ մեկնաբանություն չի եղել, պաշտոնական Երեւանին, հավանաբար, այս հարցը չի էլ հետաքրքրում: Նկատվում է, որ պաշտոնական Երեւանին պարզապես ներկայացվում են արդեն իսկ կայացված որոշումներ: Ավելին՝ մեծ հարց է, թե Հայաստանի գործող իշխանությունն ընդհանրապես ունա՞կ է Արցախի անվտանգության պահպանման հարցում առաջարկներ անել, պահանջներ ներկայացնել, կամ առկա պայմանները մերժել՝ իր պայմաններն առաջարկել այն դեպքում, երբ Ադրբեջանին վերադարձված տարածքները ահաբեկիչներով լցնելու մեծ վտանգ գոյություն ունի:

Այս գործընթացում ուշագրավ է, թե Պուտինն ում վստահեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի ծառայությունը: Նոյեմբերի 11-ին, ճիշտ նույն օրը, երբ ՌԴ պաշտպանության նախարարը թուրք գործընկերոջ հետ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքներին նաեւ թուրք զինվորականների մասնակցության վերաբերյալ հուշագիր ստորագրեց, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որը ծնվել է Դաղստանի Չինար գյուղում, մասնակցել է չեչենական երկու պատերազմի, որտեղ իրեն դրսեւորելու համար Արիության երկու մեդալ է ստացել: 2012թ. նա ստացել է գեներալ-մայորի կոչում, 2018թ. նշանակվել է Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ:

Հիշեցնենք, Մուրադովի նշանակումը ադրբեջանական համացանցային քննարկումներում ոգեւորություն էր առաջացրել, իսկ հայաստանյան համացանցային տիրույթում անհանգստացած սկսեցին քննարկել, թե նա ազգությամբ ադրբեջանցի է: Մուրադովը ստիպված եղավ հանդես գալ պարզաբանմամբ, նշելով, որ ծնվել է Դաղստանում, ազգությամբ թաբասարանցի է, հարեւան պետության հետ ոչ մի կապ չունի, ապա՝ հավելեց. «Ես ՌԴ քաղաքացի եմ, ՌԴ զինված ուժերի զինծառայող եմ: Ես գեներալ եմ, սպա եմ, եւ ինձ համար ՌԴ օրենքները, մասնավորապես՝ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի եւ իմ ղեկավարների բոլոր հրամաններն ու հրամանագրերը կատարման անհրաժեշտ հրամաններ են: Որպես սպա՝ ինձ համար ազգություն չկա, ես կատարում եմ ինձ առաջադրված առաջադրանքները»:

2016թ. Մուրադովը Դոնբասում կրակի դադարեցման վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչն էր։ Մուրադովի կենսագրության մի հատված առավել քան հետաքրքրական է: Նա կռվել է Սիրիայում, մասնակցել է Դեր Զորի ու Պալմիրայի ազատագրման ռազմական գործողություններին: 2017թ. Ռուստամ Մուրադովը Սիրիայում ռազմական խորհրդականի ծառայությունում ղեկավարել է ռուսական զորքերը Դեր Զորում, եւ Սիրիայում ծառայության համար էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2017թ. դեկտեմբերի 28-ին նրան շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում: Մուրադովը 2019թ. հունվարի 12-ին նշանակվել է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, 2020-ին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի ծառայությունը Մուրադովին վստահելու հարցում Պուտինի ընտրությունը վստահաբար պատահականություն չէ: Մուրադովը Սիրիայում կառավարական ուժերին աջակցել է իսլամիստներից նորանոր տարածքներ ազատագրելու հարցում: Հիշեցնենք, 2017թ. սեպտեմբերին Սիրիայի կառավարական ուժերը հայտարարեցին, որ ռուսների աջակցությամբ ճեղքել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերն ու վերացրել Դեր Զորի՝ շուրջ երեք տարի շարունակվող շրջափակումը, իսկ Դեր Զորը Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» վերջին եւ կարեւոր հենակետերից մեկն էր, որի ազատագրումը կառավարական ուժերը համարեցին վճռորոշ նշանակության՝ ահաբեկչության դեմ պայքարում: Երեք տարի առաջ՝ սեպտեմբերի 6-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ասադին շնորհավորեց գործողության հաջող ավարտի առթիվ՝ բարձր գնահատելով այդ հաղթանակը, այն անվանելով «ռազմավարական»:

Պուտինը, ըստ էության, Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի ծառայություն է վստահել մի մարդու, որը զբաղված է եղել Սիրիան «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատելու ռազմական գործողություններով: Նշանակում է, ՌԴ նախագահն ամենեւին էլ չի բացառում, որ դրա անհրաժեշտությունը կարող է առաջանալ նաեւ Լեռնային Ղարաբաղում, չէ՞ որ Արցախի դեմ պատերազմելու համար Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկան ահաբեկիչները չեն անհետացել Ադրբեջանից, իսկ եթե նրանք Ադրբեջանում են՝ նշանակում է իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի համար, այլեւ կոնկրետ Պուտինի խաղաղասիրական իմիջի համար, եթե փորձեն սադրանքներ հրահրել եւ ձախողել նոյեմբերի 9-ին ձեռքբերված պայմանավորվածությունները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30