Երեւանի Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտավորները կիրակի՝ նոյեմբերի 22-ին Դադիվանքում էին։ Նրանք մասնակցեցին արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակի պատարագին։ Դադիվանքը, ինչպես միշտ, լեցուն էր հավատացյալներով։
Ուխատավորները, սակայն, նկատում են, որ այն մի փոքր տխուր էր, բայց Դադիվանքի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը բոլորին հույս ու ոգեւորություն էր ներշնչում։
Կարդացեք նաև
Հայաստանի Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես Սրբազանը Սուրբ Դադիի (ըստ ավանդության Դադին եղել է Թադեոս առաքյալի աշակերտ,նահատակվել է քրիստոնեական քարոզչության համար –հեղ․) Անդաստանի կարգ մատուցեց։ Նշենք, որ Անդաստանը աշխարհի չորս ծագերի օրհնության արարողություն է։ Այս կարգի ժամանակ մեր հոգեւոր հայրերն աղոթել են Աստծուն վերահաս պատուհասների ժամանակ:
Ողջ ժողովուրդը, մասնակցելով եկեղեցում կատարվող Անդաստանի արարողությանը, խնդրել է Աստծո օրհնությունն ու ողորմածությունը, եւ Խաչով ու Ավետարանով օրհնվել են աշխարհի չորս կողմերը, որպեսզի արտերը արգասավորվեն ու պտղաբերեն։
«Ես գիտեմ իմ ժողովրդի կամքը, իմ ժողովրդի ուժը, իմ ժողովրդի սերը։ Ես գիտեմ ձեզ, այդ հավատքը, սերը պահեք ձեր մեջ, աստվածային սիրո մեջ ապրեք։ Եվ մի դատեք, պետք չի դատել մեկը մյուսին։ Մենք ունենք մի դատավոր՝ երկնավոր դատավոր Աստվածը։ Այս հողերի կորուստը ոմանց վրա ենք դնում, ո՛չ, մենք ենք պարտվել, բոլորս ենք պարտվել։ Պիտի զորանանք հոգով, սիրով։ Ուզում եմ մեր ազգը շատանա, ովքեր ի վիճակի են, թող ունենան բազում երեխաներ, զորանանք, մեր սիրո ու հավատի ներքո։ Այն ժամանակ մենք կարող ենք խոսել կորցրածի մասին։ Եվ այսօր ցավ եմ ապրում, որ հերթական եղեռնը եղավ։ Սա եղեռն է, չեմ ասում երրորդ, չորրորդ, հերթական եղեռնը։
Թուրքը մնացել է նույնը։ Մենք պիտի փոխվենք, թուրքը չի փոխվի։ Հզորանանք մեր հավատքով, մեր սիրով, Աստծո զորությամբ, որ կարողանանք հաղթել»,-ասաց Տեր Հովհաննեսը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ