Լրահոս
Օրվա լրահոսը

Մռավի փեշին

Նոյեմբեր 23,2020 14:30

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ–ի 41-ամյա ցմահ դատապարտյալ ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ստեղծագործում է։ Նա անզատության մեջ է 2002 թվականից։ Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Հակոբին մղեց հայրենասիրական թեմաներով ստեղծագործելու։

Դատապարտյալը սրանով է բարոյահոգեբանական աջակցություն ցույց տալիս առաջնագծում կանգնած զինվորին։ Նա իր ստեղծագործություններից մի քանիսը ուղարկել է «Առավոտ»–ի խմբագրություն։

ՄՌԱՎԻ ՓԵՇԻՆ

Մռավի դոշին՝
Աշուն էր իջել,
Կարմիր աշուն
Մռավի փեշին։
Պայթում էին արկեր
Գնդակներ էին սուլում
Դիրքերում էին տղաները
Ոսոխներն են մոտենում։
Ուղեղները՝ լվացած,
Մահացանը՝ ձեռքերին
Ոգին ներարկած
Մահիկը՝ դրոշին։
Գալիս էին ու գալիս
Վերջը չէր երեւում
Մահերգը՝ մահաբառաչ
Արյունարբու շուրթերին։
Կույր բեկորները
Դաջելով մարմնին
Թշնամական արկը
Գետնեց զինվորին։
Լազուրը կարմրեց
Ձայները լռեցին
Մահվան շողքը
Ծնկեց կողքին։
Ասես թե մեկը
Պատերազմը անջատեց
Ասես թե ամենուր
Ժամանակը կանգնեց։
Արյունոտ աշունն էր
Չոքել՝ Մռավի փեշին
Մռավի հանգստությունն էր
Իջել էր զինվորի սրտին։
Կիսով չափ հողում,
Ծածկված թե թաղված՝
Ասես մոր գրկում,
Ասես մահիճում պառկած՝
Անցյալն էր հիշում
Գարունն էր հիշում,
Գարնան ակնթարթները
Իր կարճ կյանքի։
Առաջին սերը՝
«Միասին հավերժ»
Վերջին նամակը՝
«Կարոտել եմ քեզ…»։
Մոր արցունքները՝
«Վերադարձի՛ր
շուտով…»։
Հոր հրաժեշտը
«Հպարտանում եմ
քեզնով»։
Տատի խրատը՝
«Հաղթիր սիրով…»
Պապի հավատը՝
«Գնա Աստծով»։
Ընկերների մաղթանքը՝
«Դուխով, դուխով»
Հրամանատարի խոսքը՝
Վերջին շնչով
«Կապրենք թե կմեռնենք
Կախված է երկնքից
Իսկ պատվով թե
անպատիվ
Միմիայն մեզնից…»։
Քահանայի հորդորը՝
«Չնմանվենք ոսոխին՝
Կորցնելով խիղճը, հոգին
Եվ որակները
մարդկային»։
Ձայները եկան,
Ցավը խոցեց
Ձայները մոտեցան՝
Բարբաջ լսվեց։
Թախիծը սրտին,
Հողը՝ դեմքին,
Մայրը՝ մտքին,
Աչքերը՝ երկնքին։
Շշնջաց՝ օգնիր,
Խնդրում եմ, Տե՛ր
Ներիր մեր մեղքերը,
Ներիր եւ օգնիր։
«Մի քիչ սպասիր»՝
Նետեց մահին,
«Ապրել թե մեռնել՝
Իմ Տերն է որոշում»
Համբուրեց խաչը,
Նռնակը վերցրեց,
Շոշափեց ձգանը,
Ելավ ու ապրեց…

ՀԱՅՐԵՆԻՔ

Հայրենի աշխարհ՝ մայր Հայաստան
Սուրբ հող՝ պորտը մարդկության
Քարեղեն արգանդ՝ հայերի օրրան
Մազապուրծ փրկված՝ վերջին հանգրվան։
Քարե հաղորդագրություն՝ դարերի խորքից
Պատմության խութերով պապերից հասած
Կոճղ՝ ծաղկած, ավերակներ շենացած
Աղբյուր չցամաքածգ փյունիկ հառած։
Հող՝ քրտինքով, արտասուքով ոռոգված
Մի բաբախող սիրտ՝ մեծ Հայքից մնացած,
Հող՝ կլանած արցունքից հայացած
Հող՝ հայկազունների հարության մասունքարան։
Արժեհամակարգ՝ սուրբ նախնիներից
ժառանգած
Աղոթք առ Աստված, սեր՝ զմիմեանսգ
Թախծոտ հայացք՝ Քրիստոսին հառած
Անբաժան խաչ՝ դարերով կրած։
…Պառակտ՝ աղքատ, տկար, ջլատված
Տերեւ՝ պոկված, քամուն տրված…
…Միահամուռ՝ հարուստ, հզոր ինքնամոռաց
Մեկ մարմին՝ թշնամու առջեւ կանգնած։
Ոսկոր՝ Բելի կոկորդում լռված,
Սեպ՝ նրա մարմինը խրված
Միաձույլ սուր, միակուռ վահան
Սահմաններդ՝ անառիկ, պաշտպաններդ՝
անսասան։
Որ եղել ես, կաս ու պիտի լինես,
Քանի դեռ աշխարհն է կանգնած
Կենաց տարածք՝վերջին բնագիծ,
Ու նահանջի վայրը մեկն է՝ երկինք։

«Առավոտ» օրաթերթ

21.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30