Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք մի վիճեք ապուշների հետ, դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք ձեզ կճնշեն իրենց փորձառությամբ»

Նոյեմբեր 23,2020 13:30

Հարցազրույց ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, երբ նեղն ենք ընկնում, այդժամ հիշում ենք դարերի փորձությունով անցած հայկական ժողովրդական ասացվածքները, օրինակ՝ «ցռան կովը նախրի անունը կավիրե», «առաջ մտածիր, հետո խոսիր», «հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին», «արեւին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել», «շունը շան թաթ չի կծի», «էս ականջով լսում է, մյուսով դուրս է անում», «լեզուդ չլիներ՝ ագռավներն աչքերդ հանել էին», «խոզի գլուխը խալու վրա չի մնում», «եզը որ ընկավ՝ դանակավորը կշատանա», «սելը ճռռալու փոխարեն սելվորն ա ճռռում», «ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա», «գելի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արա, ոչխարը սարովն անցավ»… «առուն թռի նոր տռի»։ Իհարկե, հիշում ենք նաեւ մեր մեծերի՝ ժամանակին հնչեցրած մտքերը…

– Իրականում խնդիրը հիշելու մեջ չէ, այլ դասեր քաղելու մեջ է։ Եվ եթե անդրադառնանք, օրինակ, թումանյանական հոդվածներին, նամակներին, կտեսնենք, որ դրանք այսօր էլ արդիական են։ Ի վերջո նամակներն ու հոդվածներն ուղղված են եղել հանրությանը։ Փաստենք, որ Թումանյանը չի սահմանափակվել միայն գրելով, նաեւ գործողություններ է իրականացրել։ Փաստեմ միայն սպիտակ դրոշի պատմությունը, երբ գրողը հայ եւ թուրք հասարակության միջեւ խաղաղություն էր քարոզում։ Ինչո՞ւ, մի՞թե Թումանյանը տեղյակ չէր այն ահավոր աղետի մասին, որի անունն է ցեղասպանություն։ Նա մտածում էր իր երկրի ժողովրդի ու ապագայի մասին եւ, որ ամենակարեւորն է՝ բուժումը տեսնում էր ներսից։ Իհարկե, քաջ գիտակցելով, որ ատելությունն ուրիշի հանդեպ վերջիվերջո մեզ է անդրադառնալու եւ մենք սկսելու ենք իրար ատել։ Եվ ի՞նչ… Լսող չեղավ ու չկա։ Կարծում եմ, որ տարածված արտահայտությունը՝ «հայի հետին խելքը», այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Ո՞ւր է՝ այդպես լիներ։ Գոնե հետին խելքով ուժեղ լինեինք կամ իմաստուն։ Մինչդեռ կրկնում ենք նույն սխալները, մեր մեջ թշնամիներ ու դավաճաններ փնտրելով, դրանով կարծես մեզանից վանում մեղավորությունը։

– Այսօր յուրաքանչյուրս ունենք մեր տեսակետը՝ իրարից տարբեր, ո՞րն է Ռուբեն Բաբայան հայի դեղատոմսը այս իրավիճակում։

– Անհրաժեշտ է գտնել այն կարեւոր խնդիրը, որը մեզ կմիավորի, կդադարենք մեղադրել ուրիշներին, լինի դա մտերիմ, հարեւան, բարեկամ… Ընդհանրապես ազգերը ձգտում են կառուցել ամուր պետություն, գիտակցելով, որ միայն դա է իրական պաշտպանը։ Ամուր պետություն ասելով նկատի չունեմ միմիայն ժամանակակից բանակ, այլ նաեւ ժամանակակից տնտեսություն, գիտություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ եւ այլն։ Հնարավոր չէ ապրել 21-րդ դարում հին, ասենք՝ մի քանի հարյուր տարվա ադաթներով։ Այստեղ, իհարկե, ամենամեծ նշանակությունն ունի կրթությունը։ Այս ոլորտում դրական արդյունքի հնարավոր չէ հասնել կիսատ-պռատ գիտելիքներով։ Ի վերջո, անկիրթ մարդկանց հեշտ է կառավարել, բայց դա կբերի աղետալի արդյունքների։ Միայն լավ կրթությամբ կարելի է պատրաստել այսօրվա ժամանակին համապատասխան մասնագետներ։ Բարձրակարգ մասնագետն է երկրի ողնաշարը։

– Խոսում եք լավ կրթության մասին, բայց լինելով թատերական ինստիտուտի պրոֆեսոր, տեղյակ եք, որ վերջին տարիներին 1-2 դիմորդ է եղել թատերագիտական բաժնում, իսկ այս տարի՝ զրո դիմորդ։ Դա ո՞ւմ լուծելու խնդիրն է։

– Դժվար է պատկերացնել ժամանակակից թատերական պրոցես առանց որակյալ թատերագիտության։ Կան ոլորտներ, որտեղ պետությունն ինքը պետք է շահագրգռված լինի եւ ֆինանսավորի, ասենք՝ մասնագիտական ամսագրեր, եթե ուզում է ունենալ 21-րդ դարին համապատասխան թատրոն։ Պարզ է, որ մասնագիտական պարբերականները երբեք լայն լսարան չեն ունեցել եւ չեն ունենա, բայց դրանք անհրաժեշտ են տվյալ ոլորտը զարգացնելու համար։ Այդտեղ է հղկվում միտքը, բացելով նոր հորիզոններ։ Նման պարբերականները, պարզից էլ պարզ է, գովազդատու չեն ունենա, բայց հավատացնում եմ՝ դրանք անհրաժեշտ են այնպես, ինչպես դպրոցները, բուհերը, թատրոնները…

– Պարոն Բաբայան, իսկ ո՞րն է 21-րդ դարին համապատասխան թատրոնը։ Գուցե մեր ընթերցողներից շատերը մտածեն, թե մեր երկրում ճգնաժամի այս պայմաններում միայն դա՞ էր պակաս… Վաղուց արդեն համացանցի միջոցով դիտում ենք Արեւմուտքի թատրոններում իրականացված, այսպես կոչված ժամանակակից ներկայացումներ, որտեղ բացահայտ առկա են ոչ միայն էրոտիկ տեսարանները, այլեւ սեքսը։

– Թատրոնը, ինչպես արվեստի յուրաքանչյուր ձեւ, փոփոխության է ենթարկվում ժամանակի ընթացքում, ինչը ենթադրում է գտնել տվյալ ժամանակաշրջանին հարիր արտահայտչամիջոցներ։ Տեսեք, եթե Ռաֆայելը ստեղծագործեր 19-րդ դ. վերջում- 20-րդ դ. սկզբում, նա երեւի կլիներ իմպրեսիոնիստ։ Միշտ չէ, որ նոր ձեւերը հասարակությունն ընդունում է բրավոներով։ Հիշենք, թե ինչպես անարգանքի սյունին գամեցին Բիզեի «Կարմենը», Շտրաուսի վալսերը… պիտակելով դրանք իբրեւ փողոցային արվեստ։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է թատերագիտությունը։ Ի վերջո լուրջ արվեստը մարսելը հեշտ գործ չէ։ Այն պահանջում է հանդիսականից որոշակի կրթական ցենզ՝ գումարած ազատ մտածողություն։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր նոր բան, այն էլ արվեստում, դժվարությամբ է հարթում իր ճանապարհը։ Մի բան էլ. ավելի լավ է տասն անգամ սխալվել, քան պարզապես կրկնել ուրիշների անցած ուղին։ Իսկ իրական հետեւորդները՝ լավ իմաստով, մշտապես մերժում են իրենց ուսուցչին։ Օրինակ, լեհ ականավոր ռեժիսոր Յեժի Գրատովսկին ասում էր, որ Ստանիսլավսկու իրական աշակերտները՝ Մեյերհոլդը եւ Վախթանգովը մերժում էին իրենց ուսուցչին, դրանով իսկ բացահայտելով նոր հորիզոններ թատերարվեստում։ Իսկ Մարկ Տվենը ասել է՝ երբեք մի վիճեք ապուշների հետ, դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք ձեզ կճնշեն իրենց փորձառությամբ։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

21.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրատես says:

    Մեյր Հոլդնը՞: Չէ մի չէ, Նեգեր Շվարցը։ Գուցե Մեյերհո՞լդը։ Մի հատ գուգլեք։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30