«Առավոտը» ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում էր ուղարկել`խնդրելով ներկայացնել իրավիճակը Արցախի մշակութային ժառանգության հետ կապված, մասնավորապես, ի՞նչ քայլեր են արվում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման համար, որպեսզի նոր Ջուղա չկրկնվի, կա՞ն դիմումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կամ այլ պատկան եւ իրավասու միջազգային կառույցների: Եվ ի՞նչ է արվում մեր մշակութային ժառանգության արդեն իսկ սկսված յուրացման դեմ պայքարելու համար: Խոսքը, մասնավորապես, Դադիվանքը աղվանական եկեղեցի հռչակելու մասին է, որն արել է Արցախի այդ մարգարիտին տեր դարձած երկրի մշակույթի նախարարը:
ՀՀ ԱԳՆ-ից ստացվել է հետեւյալ պատասխանը. «Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի հարցը գտնվում է ՀՀ ԱԳՆ մշտական ուշադրության կենտրոնում։
Մասնավորապես, հայկական կողմի մտահոգությունները փոխանցվել են գործընկեր բոլոր կառույցներին եւ երկրներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի եւ ԱՄՆ պետքարտուղար տեղակալ Սթիվեն Բիգանի, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, նաեւ առանձին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում։ Բոլոր նշված դեպքերում զրուցակիցներն ընդգծել են Արցախում վտանգի տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարությունն այս ընթացքում շարունակում է մշտական կապի մեջ լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, մշակույթի արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կառույցների եւ կազմակերպությունների հետ՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների եւ հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից պատրաստվել եւ կազմակերպությանն ու գործընկեր ազգային հանձնաժողովներին են ներկայացրել պատերազմի ընթացքում հայկական մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր թիրախավորման ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր եւ փաստեր։ Միաժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն իրազեկվել է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժողականության հերթական դրսեւորման՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծման մասին։
Կարդացեք նաև
ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ միջազգային պատկան մարմինների ուշադրությանն է ներկայացվել նաեւ հայկական հուշարձանների ինքնության ոչնչացմանն ուղղված ադրբեջանական հետեւողական քաղաքականությունը։ Ընդգծվել է, որ Արցախի տարածքում հայկական քաղաքակրթական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս բոլոր գործողությունները հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիաների բացահայտ խախտում, հակասում են համամարդկային արժեքներին եւ պետք է ենթարկվեն խստագույն դատապարտման։
Հայկական կողմը, միջազգային համապատասխան օղակների հետ համագործակցությամբ, շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։ Ինչպես տեղյակ եք, արդեն իսկ Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահների անմիջական հսկողության ներքո»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.11.2020