Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե զոհվել, ապա՝ միայն հանուն հայրենիքի, որ մարդը ոչ թե մահանա, այլ հավերժանա»

Նոյեմբեր 23,2020 12:30

Սրանք հայրենիքի պաշտպանության համար ընկած Գոռ Խաչատրյանի խոսքերն են:

«Անհնար էր չժպտալ, երբ նա կողքիդ էր։ Իր ժպիտը միշտ էլ համեստ է եղել, ու այդ համեստության մեջ ուներ պահված այնքան մեծ սիրտ ու մարդկային յուրահատուկ տեսակ։ Գոռն իր ձեռքբերումների ու հաջողությունների մասին չէր սիրում խոսել, միայն համեստորեն ժպտում էր ու լռում…»,- այսպես սկսեց բնութագրել Գոռին իր ընկերներից Քնարիկ Համազասպյանը։

21-ամյա Գոռ Խաչատրյանը Վերին Շենգավիթից էր։ Սովորել է Առաջին արհեստագործական քոլեջում եւ ուզում էր դառնալ գործարար։ Գոռի ընկերները պատմում էին, որ նա լուրջ եւ հանգիստ բնավորություն ուներ, նվիրված էր ընկերներին ու անչափ հոգատար։
«Շատ լավ ընկեր էր Գոռն ու լավ մարդ։ Նպատակ ուներ ստեղծել իր սեփական բիզնեսը։ Երազում էր իր ընկերների հետ շրջել աշխարհով մեկ։ Լավ տիրապետում էր համակարգչին ու հետաքրքրվում դրանով»,- պատմում է իր մանկության ընկեր Հարութ Համազասպյանը։

Գոռի համադասարանցի Դավիթ Ղուկասյանը նշեց, որ Գոռին հասկանալը շատ դեպքերում թվում էր անհնար, սակայն ընկերության տարիների փորձն իրենց դարձրել էր այնքան հարազատ, որ Գոռին հասկանում էր նույնիսկ այն ժամանակ, երբ նա լուռ էր. «Հաճախ լուռ էր, այո, բայց ոչ այն պատճառով, որ չուներ խոսելու թեմա, պարզապես իր լռության մեջ ու մտքերում նպատակների իրականացման պլանավորումն էր։ Փորձում էր գնահատել իր ամեն վայրկյանը՝ ավելիին հասնելու համար։ Եվ հաճախ էր նշում, որ իր մտքի ու գլխի տերն ինքն է, ու այս կյանքում անհնարին ոչինչ չկա»։

Դավիթն ասում է, որ Գոռը շատ նպատակներ ուներ, որոնք պիտի իրագործեր ծառայությունից հետո։ Առաջնայինը ծառայությունն էր, պետք էր հայրենիքի առաջ պարտքը կատարել որպես զինվոր, շենացնել ու պաշտպանել այն հողը, որը վստահված էր լինելու իրեն։
«Քանի որ իր մտքի եւ երեւակայության կառավարողն ինքն էր, Գոռն ուներ մի սկզբունք. նայել ու քայլել միմիայն առաջ, ստեղծել նորը, գտնել լավագույնը ու երբեք չհուսահատվել։ Վստահ էր՝ զորացրվելուց հետո ավելի հստակ ու ավելի ամուր քայլերով կգնա իր նպատակների հետեւից, իսկ հիմա դրանք կսպասեն…»,- նշեց Դավիթ Ղուկասյանը։

Գոռի մասին պատմելիս իր մտերիմ ընկերներից Սարգիս Հովհաննիսյանը սկսեց այս նախադասությամբ. «Գոռը երբեք չէր ընկճվում դժվարություններից, կյանքին նայում էր իրական աչքերով։ Նա փորձում էր միշտ աջակցե լմեզ, անգամ այն ժամանակ, երբ ինքն էլ ուներ դրա կարիքը»։

Գոռի դասղեկը՝ Աննա Գրիգորյանը, պատմեց, որ Գոռը թեեւ շատ զուսպ, բայց միեւնույն ժամանակ կատակասեր տղա էր։ Նա չի հիշում այնպիսի դեպք, որ Գոռին երբեւէ նկատողություն արած լինի։ Մեզ հետ զրույցում դասղեկն առանձնացրեց մի դեպք, որը չէր ջնջվել իր հիշողությունից. «Մեր դպրոցում ունենք զոհված ազատամարտիկ, եւ ամեն տարի դասարանով գնում էինք Եռաբլուր։ Վերջին անգամ հետդարձի ճանապարհին, երբ աշակերտները միմյանց հետ զրուցում եւ մտքեր էին փոխանակում, Գոռը միայն մի նախադասություն ասաց, որ եթե զոհվել, ապա միայն հանուն հայրենիքի, որ մարդը ոչ թե մահանա, այլ հավերժանա…»։

Գոռն իր ընկերների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին։ Խնդրել է լինել իր ընտանիքի կողքին։ Ընկերները Գոռին տված իրենց խոստումը պահելու են եւ հաստատակամ են իրենց ընդհանուր որոշման մեջ՝ իրենց ընկերոջ նպատակներն ու իղձերն անկատար չեն մնալու, նրանք այդ բոլորն իրականություն կդարձնեն…

Սառա ՑԱԿԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30