Հետպատերազմյան շրջանում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը ծանր ժամանակներ են սպասվում: Իրոք, որտեղի՞ց պետք է գտնվեն տնտեսական անհրաժեշտ միջոցներ բանակի ռազմապաշարը վերականգնելու, զինանոցը արդիականացնելու, պատերազմի ավերածությունները վերականգնելու, զոհվածների ու վիրավորների ընտանիքների արժանավայել կյանքը ապահովելու համար: Ավելին, պատերազմի պարտությունը հասարակության մեջ ստեղծում է բացասական տրամադրություններ, որոնք տնտեսական ակտիվության նվազման էական ռիսկեր են պարունակում: Պատերազմի վերսկսման լուրջ վտանգներ զգացող տնտեսական կապիտալը թերեւս մի քանի տարի կպասիվանա Հայաստանում եւ ուղիներ կգտնի երկրից արտագաղթելու: Եվ եթե տնտեսական պատերազմում տանուլ տվեցինք, հաստատ պարտվելու ենք ռազմի դաշտում, ունենալով թույլ թիկունք: Եվ հիմա է, որ հրատապ միջոցներ պետք է ձեռնարկվեն երկրի ճահճացած տնտեսությունը աշխուժացնելու, եւ աշխատասեր ու ստեղծարար հայի համար իր հայրենիքում արժանապատիվ կյանք ու պատերազմական ամուր թիկունք ապահովելու համար:
Իսկ ցանկացած տնտեսություն աշխուժացնելու համար զարգացման միջոցներ են պետք, որը հենց այս պահին, մենք չունենք: Տասնյակ տարիներ սպասեցինք, որ ութ միլիոնանոց սփյուռքը վերջապես ներդրումներ կատարի հայրենիքում, որը ցավոք, կյանքի չկոչվեց եւ սահմանափակվեց ընդամենը նվիրատվություններով: Իսկ հիմա, դա էլ չի լինելու, քանի որ սփյուռքին ոգեւորեցին հաղթելու ստահոտ լուրերով, սփյուռքահայից ստացան վերջին խնայողությունները ու փոխարենը` հրամցրին հիասթափություն եւ պարտության դառը իրողություն:
Իհարկե, գոյություն ունի նաեւ «տնտեսական հոգեվարքից» դուրս գալու մեկ այլ ճանապարհ, երբ արտաքին պետական պարտք ես վերցնում եւ գոնե դրանով իսկ ժամանակավոր կանխում ճգնաժամային ցնցումները: Այս տխուր պրակտիկան, արդեն տասնամյակներ կիրառվում է Հայաստանում, որով մեր հայրենիքը տարեց տարի կորցնում է իր տնտեսական անկախությունը եւ թուլացնում իր դիրքերը ազգերի ընտանիքում:
Եվ ուրեմն, ո՞րն է ելքը եւ ինչպետք է անենք: Սպասվելիք ճգնաժամից դուրս գալու միակ ելքը, որ ես հիմա տեսնում եմ, Ռուսաստանի Ֆեդերացիայի հետ Հայաստանի տնտեսության սերտ ինտեգրացումն է:
Կարդացեք նաև
Արցախյան պատերազմում միամտված փայփայում էինք այն առասպելը, թե մեր բարեկամ, ռազմավարական գործընկեր եւ քրիստոնյա Ռուսաստանը չի թողնի հայ ժողովրդին մեն-մենակ մուսուլմանական աշխարհի ագրեսիայի դեմ: Ցավոք, այդպես չեղավ, եւ պատերազմում բոլոր կողմերը շահեցին, բացի հայերից: Այդ իմաստով, իմ խորին համոզմամբ, այսօր Ռուսաստանը պարտքի զգացում պետք է ունենա տարածաշրջանում իր միակ հավատարիմ հայկական պետության հանդեպ: Որպես աշխատասեր եւ ստեղծարար ժողովուրդ, մենք չենք էլ պատրաստվի փող մուրալու մեր դաշնակցից, այլ ընդամենը ակնկալելու ենք, որ ՌԴ-ն իսկապես հանդես գա դաշնակցային ազնիվ դիրքերից եւ օժանդակի Հայաստանի տնտեսական զարգացմանը: Այս առումով, անհրաժեշտ եմ համարում Հայաստանում հիմնելու հայ-ռուսական համատեղ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց արտադրանքի իրացման շուկան լինելու է հենց Ռուսաստանը: Դրան հավելելով՝ պիտի շեշտեմ, որ կան հաշվարկներ, համաձայն որոնց, եթե ՌԴ-ից Հայաստանին քվոտա տրվի ապահովելու Մոսկվայի գյուղմթերքների սպառման ընդամենը 15%-ը, ապա դրանով բավական կլինի ապահովելու հայրենի գյուղատնտեսական ոլորտի թռիչքաձեւ զարգացումը:
Կարծում եմ, ժամանակն է, որ ընդամենը թղթի վրա գործող Եվրասիական տնտեսական միությունը հայերիս համար դառնա իրականություն, եւ մենք իրոք կարողանանք զարգացնել տնտեսություն՝ գոնե ռուսական շուկայի ուղղվածությամբ: Այս պարագայում, կշահենք նաեւ նրանով, որ Ռուսաստանը Հայաստանում կունենա ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ տնտեսական շահեր, եւ դրանով իսկ, առաջիկայում կբարձրանան մեր հաղթանակի հնարավորությունները:
Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
21.11.2020