Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ է հիշում Ճապոնիայի`«Ծագող արեւի» երկրի կապիտուլյացիան. դասեր

Նոյեմբեր 23,2020 14:00

Միջազգային իրավունքում կապիտուլյացիան բնորոշվում է այսպես՝ «հաղթող կողմի պայմաններով կամ հրամանատարների համաձայնությամբ ցամաքային, օդային եւ ռազմածովային ուժերի կամ նրանց զորամասերի դիմադրության դադարեցումը ռազմական գործողությունների թատերաբեմում եւ ռազմական շրջաններում եւ պատերազմող պետության զինված ուժերի հանձնումը հաղթող կողմին»։

Կապիտուլյացիայի ժամանակ պարտավորություններ են դրվում (քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլն) պարտված կողմի վրա։ Այն պայմանավորում է ողջ սպառազինության, ռազմական օբյեկտների, ամրոցների, հենակետերի հանձնումը հակառակորդին։Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվեցին Գերմանիան եւ Ճապոնիան:

Կապիտուլյացիան վերջը չէ, այս երկրներն այսօր ամենածաղկուն, հզոր հնարավորություններ ունեցող պետություններ են:
…ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը երկու օր առաջ համալսարանական դեկանների, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցությամբ գիտխորհրդում երկրի իրավիճակի քննարկման ժամանակ ասել է, որ մեր երկիրն այսօր գտնվում է ծանր դրության մեջ: Նրա կարծիքով՝ հայ ժողովուրդն առաջին անգամ է հոգեկան նման ապրումների մեջ Ցեղասպանությունից հետո:

ՀՀ վարչապետի ստորագրած կապիտուլյացիա-համաձայնագրից անցել է տասնմեկ օր, սակայն հետպատերազմական ժամանակավոր հրադադարն ավելորդ ջղաձգություններից ու քաղաքական անհանդուրժողական թունոտ սադրանքներից`աթս-ներից այն կողմ չի անցել:
Մինչդեռ, պատմությունը կապիտուլյացիաների բազմաթիվ օրինակներ ունի, որից պատվով են դուրս եկել իրենց հայրենիքի արժանապատվությունը գնահատող պետությունները:

Ճապոնական դրոշի վրա այսօր էլ պատկերված կարմիր արեւային սկավառակը եւ պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը խորհրդանշում են ծագող արեւը։ Ճապոներեն «Ճապոնիա» բառն արտասանվում է Նիհոն, որը նշանակում է «արեւածագ»։
«Արեւածագ»-պետության Սահմանադրության մեջ 1947 թվականի մայիսի 3-ից ի վեր ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Ճապոնիայի Սահմանադրության, որը զուգահետ անվանում են «Պացիֆիստական», 9-րդ հոդվածով սահմանված է պատերազմ չսկսելու եւ ռազմական բախում չնախաձեռնելու մասին։ Ճապոնիան չի կարող ունենալ անկախ բանակ, նավատորմ եւ ներքին զինվորական ուժեր։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել է պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է՝ ռազմական բյուջեի մեծությամբ, ունեցավ կանոնավոր բանակ, որն օգտագործում է ինքնապաշտպանության եւ խաղաղության պահպանման նպատակով։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 15-ին՝ կապիտուլյացիայի 75-ամյակին երդվել է, որ Ճապոնիան այլեւս երբեք պատերազմների չի մասնակցի. «Մենք կշարունակենք հետեւել այդ երդմանն ու այլեւս երբեք չենք մասնակցի պատերազմների»: Ըստ միջազգային լրատվամիջոցների, վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ճապոնացիների հիշատակին եւ նշել, որ երկիրը վճռականորեն շարունակում է համագործակցել միջազգային հանրության հետ: Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են. Ճապոնիան շարունակում է մնալ միատար սահմանադրական միապետություն, որն ունի կայսր եւ ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի խորհրդարան)։

Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտով, որը ստորագրվեց 1945 թվականի մայիսի 8-ին, հրամկազմը, հանդես գալով Գերմանական Բարձրագույն Հրամանատարության անունից, համաձայնվեց անվերապահորեն հանձնել բոլոր զինված ուժերը՝ ցամաքում, ծովում եւ օդում, ինչպես նաեւ բոլոր այն ուժերը, որոնք այդ ժամանակ գտնվում էին գերմանական հրամանատարության ներքո, Կարմիր Բանակի Գերագույն Գլխավոր Հրամանատարությանը եւ միաժամանակ Դաշնակից էքսպեդիցիոն ուժերի Բաձրագույն Հրամանատարությանը:

«Գերմանական Բարձրագույն Հրամանատարությունը անհապաղ կտա հրամաններ բոլոր գերմանական ցամաքային, ծովային եւ օդային ուժերի հրամանատարներին եւ գերմանական հրամանատարության ներքո գտնվող բոլոր ուժերին դադարեցնել ռազմական գոծողությունները 1945 թվականի մայիսի 8-ին 23:01 րոպեին կենտրոնաեվրոպական ժամանակով, մնալ այն տեղերում, որտեղ որ նրանք գտնվում են հիմա եւ ամբողջությամբ զինաթափվել, հանձնելով ողջ իրենց զենքերը եւ ռազմական ունեցվածքը տեղի դաշնակից հրամանատարներին կամ սպաներին, Դաշնակից Բարձրագույն Հրամանատարության հատուկ ներկայացուցիչներին, չջարդել եւ չհասցնել որեւէ վնաս շոգեքարշերին, նավերին եւ ինքնաթիռներին, նրանց շարժիչներին, իրաններին եւ սարքավորումներին, ինչպես նաեւ մեքենաներին, զենքերին, սարքերին եւ ընդհանուր առմամբ պատերազմի վարման զինատեխնիկական միջոցներին»,-ասվել է կապիտուլյացիայի ակտում:

Ուշադրության արժանի է այն, որ ըստ այդ համաձայնագրի` «Ակտը չի կարող խոչընդոտ հանդիսանալ կապիտուլյացիայի մասին այլ Միավորված Ազգերի կամ նրանց անունից, ընդհանուր փաստաթղթով փոխարինվելուն»:

Օրեր առաջ արցախյան պատերազմի համաձայնագրի կողմերից մեկը`Ռուսաստանը, ճիշտ նույն կերպ արձագանքեց հնարավոր փոփոխությանը, ակնարկելով, որ այն փոփոխության չի ենթարկվի…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Մէկ “փոքր” տարբերութեամբ, որ ոչ գերմանիան ոչ ճափոնը զիրենք բնաջնջել եւ քարտէսէն վերացնել փափաքող նախայարձակ դրացիներ չունէին։

    Ամէն բան ամէն բանի չէ որ կը բաղդատուի։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30