Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ադրբեջանն այսօր կազմակերպել է ավելի քան 120 դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների այցը Ֆիզուլի քաղաք:
Ադրբեջանի իշխանությունների նպատակն է՝ ցույց տալ «հայերի և Հայաստան Հանրապետության կողմից ամբողջությամբ ավերված» Ֆիզուլի քաղաքը՝ ներկայացնելով մեզ որպես ագրեսոր, իսկ Ադրբեջանին՝ որպես 30 տարի շարունակ տուժած կողմ:
Ավելին՝ այս այցի կազմակերպումն անհրաժեշտ է դիտարկել նաև Հայաստանից ավելի քան 50 միլիարդ դոլարի պատճառված վնասի հատուցում պահանջելու վերաբերյալ Իլհամ Ալիևի մտադրության իրականացման և դրա միջազգայնացման շրջանակներում:
Կարդացեք նաև
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները նման այցեր էին կազմակերպել նաև դեպի Գյանջա և Բարդա քաղաքներ:
Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանություններն այս ընթացքում:
Որևէ գիտակից մարդ կարող է պարզաբանել, թե՝
1. ինչո՞ւ մինչ օրս Հայաստանում հավատարամագրված դիվանագետներին, ռազմական կցորդներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին չեն ներկայացվել մեր կողմից գերեվարված երկու սիրիացի վարձկանները,
2. ինչո՞ւ Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար չի կազմակերպվել որևէ այց դեպի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ և Վարդենիս քաղաք, ինչպես նաև ՀՀ այլ բնակավայրեր, որոնք անմիջականորեն տուժել են Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում,
3. բացառությամբ Մարդու իրավուքների պաշտպանի եւ իր աշխատակազմի փայլուն աշխատանքի, արդյո՞ք որևէ պետական մարմին Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացրել է գերեվարված և մահացած ՀՀ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների գործած վայրագությունները:
Այսօր հրապարակվեց ևս մեկ տեսաձայնագրություն, որում Վազգենաշեն գյուղում մարդիկ թողնում են իրենց տները և բեռնում իրերը՝ ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում:
Արդյո՞ք առկա է անպաշտպանության, ազգային խայտառակության և ամոթի ավելի ցայտուն օրինակ:
Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները: