Կիրակի՝ նոյեմբերի 22-ին Կապանում կազմակերպվել էր մոմավառություն-քայլերթ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների։ Մարզպետարանի մերձակա հրապարակից մասնակիցները ոտքով քայլեցին զոհվածների հուշահամալիր՝ Բաղաբուրջ։
Երթի կազմակերպիչներն անհատներ էին՝ քաղաքացիական նախաձեռնությամբ, ու վերջիններս պատկան մարմիններին տեղյակ չէին պահել օրենքով սահմանված կարգով ապահովելու մասնակիցների անվտանգությունը։
Թերեւս այդ պատճառով քայլերթի մասնակիցների կուռ շարքերը հաճախ խաթարվում էին ավտոմեքենաներից, որոնց ուղեւորները եւս գնում էին հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին։
Քավ լիցի, թող մի քանի ավտոմեքենաներով զոհվածների որդեկորույս մայրերն ու հարազատները լինեին, որոնք այս ծանր պահին չէին կարող քայլել։ Նրանց հասկանում ենք։
Իսկ ուրիշնե՞րը։ Ընդունենք, որ կարգուկանոնը պահպանող չկար՝ տեխնիկական պատճառներով, բա ո՞ւր մնաց մեր խոհեմությունը, մեր հարգա՞նքը, մեր կազմակերպվածությո՞ւնը, մեր խոնարհո՞ւմը։ Պատեհ թե անպատեհ առիթներով այդ նույն մարդիկ խոսում են հայի եզակի տեսակի մասին, որ այսօր նույնիսկ բարկանում էին քայլողների վրա, որ ճանապարհից դուրս չեն գալիս ու իրենց երթեւեկին խանգարում են։
Կարդացեք նաև
Գուցե «հայրենասերները» շտապո՞ւմ էին րոպե առաջ տեղ հասնել, որպեսզի սոցցանցերը լցնեն իրենց ձեւական հարգանքի տուրք մատուցելու լուսանկարներով։
Նկատենք, որ երթի մասնակիցների մեծ մասը աշակերտներ եւ ուսանողներ էին։ Իսկ ավտոմեքենաներով եկողների մեջ նաեւ իրենց ուսուցիչներն ու դասախոսներն էին։ Կանգ առեք, մարդի՛կ։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Հայի վերջին խելքը» պատմվածքը հիշեցի։ «Սրտացավության պակասից եմ վախենում։ Ցավի առուծախից եմ վախենում։
Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո՝ էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։
Վախենում եմ մեր խելքի չգալուց»,-դեռեւս 1989 թվականին գրել էր նա։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ