Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վտանգի կանխազգացում ունեմ», «Էսի պանիկա չի, թուրքերն էլ են արդեն ջոկել, որ մենք պառակտվել ենք». Սեյրան Սարոյանի, Աղվան Վարդանյանի «մարգարեական» զգուշացումները

Նոյեմբեր 22,2020 21:36

2018-ի մայիսի 1-ին, երբ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին վարչապետ էին ընտրում, ուշագրավ ելույթներ ու հարցադրումներ եղան Արցախի հողերի, մեր անվտանգության հետ կապված:

Թեկնածու Փաշինյանի ելույթը լսելուց հետո այն ժամանակ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նրան հարցրեց՝ Արցախյան հիմնահարցում դուք որեւէ հայեցակարգ չներկայացրեցիք՝ ինչպե՞ս եք բանակցելու, ո՞րն է ձեր փոխզիջման գինը, գնալո՞ւ եք փոխզիջումների, թե ոչ, ի՞նչ է լինելու 7 ազատագրված տարածքների ճակատագիրը։ Ասում եք՝ ռազմական բյուջեն կավելացնեք։ Շատ լավ է, որ կավելացնեք՝ ինչպե՞ս։ Ես այդ հարցի պատասխանը չստացա։

Մինչ Փաշինյանը կպատասխաներ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, այն ժամանակ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց. «Ես ձեզ խնդրում եմ, հարգելի հանրապետականներ, խոսում եք Արցախի մասին, խոսում եք տնտեսության մասին, խոսում եք սանկցիաների մասին, ուզում եք Արցախն ավելի պաշտպանված լինի՝ պետք է հիմա քվեարկել Փաշինյանի օգտին, ուզում եք տնտեսությունը զարգանա՝ պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզում եք, որ Հայաստանը սանկցիաների տակ չընկնի՝ պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզում եք տանկերը, որ ասում եք գալիս են, բայց իրականության մեջ չեն էլ գալիս, չգան, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, որովհետեւ կայունությունը, ստաբիլությունը, քաղաքական ճգնաժամի լուծումն է, որ կարող է այ էդ վիճակից հանի մեր երկիրը: Ես չեմ ուզում, որ հանրապետականներից 6 պատգամավոր, 7 պատգամավոր, 8 պատգամավոր պոկվի, գա քվեարկի Փաշինյանի օգտին, ոչ, ոչ, արժանապատիվ կերպով դուք կարող եք հայտարարել, որ հանուն մեր պետության, հանուն Արցախի, հանուն մեր տնտեսության, հանուն էս երիտասարդության, մենք բոլորով քվեարկում ենք Փաշինյանի օգտին, եւ թող գնա իր ծրագիրը գրի, Կառավարությունը ձեւավորի, գա, կշարունակենք մեր երկխոսությունը ու խոսակցությունը»:

Սեյրան Սարոյանն իր ելույթում ասաց. «Ամեն մի քարը, ամեն մի թիզ հող գրավելու համար հարյուրավոր ընկեր ենք կորցրել, էսօր մի հատ ընենց մթնոլորտ ա ստեղծվել մեր հանրապետությունում, ոնց որ աշխարհի վերջն ա: Բացի էն, որ մեղավորներ ենք ման գալիս, կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Գիտեմ, ժողովուրդը էսօր շատ մեծ պրոբլեմներ ունի, իշխանությունից դժգոհ ա, այո՛, մարդիկ կայնան ոտի, փորձեցին իրանց քայլը անեն, քայլը կատարվավ, ասելով, որ մթոմ Սերժ Սարգսյանն ա խանգարում էս ժողովրդին՝ մոռանալով նրա արած գործը, վատը, լավը: Չկա մեկը,որ աշխատի ու սխալներ չունենա, մենք ինչո՞վ կարողացանք օգնել, եթե գիտեինք ճիշտ էթալու ուղիները, պարտավոր էինք բարձրաձայնել ու ասել, եթե գիտեինք: Էսօր մեր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալու, եթե փորձում էիք ամեն ինչը կապել Սերժ Սարգսյանի հետ, էդ մարդն ասեց՝ լավ, ձեզ ըլնի, աթոռն էլ, սաղ էլ ձեզ ըլնի: Փաստորեն, բանից դուրս ա գալիս, որ պաշտոնակռիվ ա էթում արդեն, տենց չի՛ կարելի: Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, իրոք, Նիկոլի նման ընդդիմադիր չկա: Էսօր որ Նիկոլը գնա իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ ա լինելու, մնում եմ մինակ ես, ո՞նց կեղնի: Աշոտյանինց ի՞նչ ընդդիմադիր, այ տնաշեն: Իրոք, հավատացեք, պաշտոնով չի, որ ամեն ինչ կարելի ա անել…. Սաղդ էլ կամպյուտեր ունեք, մի հատ մտեք տեսեք ինչ են անում թուրքերը հիմա Ղարաբաղում: Էսի պանիկա չի, թուրքերն էլ են արդեն ջոկել, որ մենք պառակտվել ենք»:

Առավել «մարգարեական» էր ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքը. «Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը, այսօրվա ելույթը, հարցերի պատասխաններն էլ այդ են վկայում։ Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում, ես վտանգի կանխազգացում ունեմ, այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետեւանքներով։ Վստահ եղեք, ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում, եւ եթե այդ ծալքերն ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ դրանք անդառնալի ողբերգական հետեւանքներ չեն ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության, Արցախի, իմ պետականության համար։ Ես եւս ժողովուրդ եմ, ես եւս ոգեւորված եմ այս շարժմամբ, այս անկախության սերնդով, ուզում եմ կուտակված հսկայական էներգիան ծառայի պետականության հզորացմանը, հանկարծ նոր հուսախաբության, կորուստների դուռ չբացվի։
Այս իրողություններից, այս հաստատումներից մեկնելով, ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել եւ կողմ քվեարկել պրն Փաշինյանին, հակառակ պարագայում երեսպաշտորեն խախտած կլինեմ խղճով ու համոզմունքներով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը։ Անկեղծ ասած, սա ընտրություն էլ չի, ինձ երկու տարբերակ են թողել՝ քվեարկել կամ Նիկոլին կամ Փաշինյանին: Ես կողմ չեմ քվեարկի»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում էր՝ «Մենք ունենք բացառիկ հնարավորություն՝ չհակադրել ժողովրդավարությունն ու անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը՝ ամրապնդել թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Սա է այն նոր սկիզբը, որ մեզ կտանի դեպի մեր երազած արդար Հայաստանը»:

Լսելով այս ելույթները՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը սպառնացող վտանգի դեպքում այս ողջ համազգային եւ համաժողովրդական շարժումը լծվելու է Արցախի եւ Հայաստանի պաշտպանությանը։ Համաժողովրդական շարժման ամբողջ ներուժը ծառայելու է այդ գործին, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որ Հանրապետական խմբակցության որոշ պատգամավորներ առավոտից ՀՀ ԱԺ-ի ամբիոնից տարածում են ադրբեջանական քարոզչության նյութերը եւ տեղեկությունները՝ փորձելով խուճապ առաջացնել Հայաստանի ժողովրդի շրջանում։ Սա ի՞նչ է, եթե ոչ ուղիղ գործակցություն Ադրբեջանի հետ, եւ ի՞նչ է, եթե ոչ օգնության հուսահատ կանչ՝ ուղղված Ադրբեջանին եւ նրա 1-ին դեմք Իլհամ Ալիեւին։ Ես սրան որեւէ ուրիշ որակում չեմ կարող տալ, սա Հանրապետական խմբակցության ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան է: Եթե այստեղ Հանրապետական խմբակցության անդամների շարքում կան մարդիկ, ովքեր մտահոգված են Հայաստանի տնտեսությամբ, Հայաստանի անվտանգությամբ, կայունությամբ, ճգնաժամը լուծելու անհրաժեշտությամբ, նրանք կարող են այդ խնդիրը լուծել հեշտությամբ՝ ընդամենը քիչ հետո քվեարկելով  ժողովրդի թեկնածուի օգտին»:

Թե ինչ եղավ քվեարկությունից հետո, գիտենք բոլորս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30