Կիրակի՝ նոյեմբերի 22-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում կազմակերպվել էր մոմավառություն՝ ի հիշատակ արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների։
Սյունիքի մարզպետարանի մերձակա հրապարակից կապանցիները մոմերով քայլերթով շարժվեցին դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ ամփոփված են հայրենիքի պաշտպանության համար նահատակվածները։
Կապանի թիվ 3 դպրոցի աշակերտուհիներ 13-ամյա Ռիմայի եւ 14-ամյա Նարինեի հայրը՝ Էդգար Մարտիրոսյանը հակօդային պաշտպանության զորամասում է ծառայում։ Ռիման հաշվել է՝ ուղիղ 52 օր է, ինչ հայրը տուն չի եկել։ Քույրիկները կարոտել են իրենց հորը, բայց ըմբռնումով են մոտենում։ «Ես չնայած աղջիկ եմ, բայց շատ կցանկանայի ծառայել»,–ասաց Ռիման։
«Հպարտանում եմ, որ հայրս այնտեղ է, պաշտպանում է մեր ամբողջ սահմանը, որպեսզի ոչ մի երիտասարդ, 18 տարեկան տղա չզոհվի, եւ ընդհանրապես այսուհետ ոչ մի տուժող չլինի»,–ասում է Նարինեն։
Կարդացեք նաև
Լիլիթ Մուրադյանի բարեկամը՝ Շավարշ Մուրադյանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված սեպտեմբերյան պատերազմի առաջին զոհերից է։ Ամերիկյան համալսարանում էր սովորում, ապրիլյան քառօրյայի մասնակից էր։ «Իմ եղբայրը, նրա զինակիցները զոհվեցին, որպեսզի մենք կարողանանք ապրել, ապրենք նրանց կյանքի գնով։ Ու այս քայլերթ-մոմավառությունը հարգանքի տուրք է նրանց։ Պիտի հիշենք նրանց, ժպիտով ապրենք ու շենացնենք մեր երկիրը»,- ասաց Լիլիթ Մուրադյանը։
Կապանի թիվ 5 դպրոցի ուսուցչուհի Անուշ Ալթունյանը արմատներով Հադրութից է։ Նրա եղբայրը՝ Գագիկ Ալթունյանը, զոհվել է 1991-1993 թթ․ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ։ Անուշի տղան այսօր ծառայում է բանակում։ «Ինչ կարող եմ ասել, բոլորի մայրերի մաղթանքն այսօր միայն խաղաղություն է, խաղաղություն լինի աշխարհում»,–հուզված ասաց նա։
Քայլերթի մասնակիցները, հասնելով Բաղաբուրջի հուշահամալիր, վառվող մոմերը դրեցին զոհվածների շիրիմներին՝ առ Աստված լռելյայն աղոթելով նրանց հոգիների համար․․․
Արմեն ԴԱՎԹՅԱՆ