Նախօրեին Մաշտոցի պողոտայից բողոքի ցույցի ժամանակ բերման էր ենթարկվել ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանը: Նրան ձերբակալել էին՝ առաջադրելով թավշյա իշխանության «ավանդական» մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածով՝ օրենքով սահմանված կարգի խախտման, հավաքներ կազմակերպելու համար։
Հայկ Մամիջանյանի փաստաբանը բողոքարկել էր կալանավորման մասին միջնորդությունը: Երեկ՝ կեսգիշերին մոտ, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը, եւ Հայկ Մամիջանյանն ազատ արձակվեց:
Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Մամիջանյանն ասաց, որ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Եկող շաբաթ քննչական գործողություններ կիրականացվեն:
Բողոքի ցույցերի մասնակիցների մասսայական ձերբակալությունները, կալանավորումները Հայկ Մամիջանյանը ծիծաղելի է համարում, կարծում է, որ դրանք իշխանության դավաճանական գործունեության շարունակությունն են. «Ստորությունը կայանում է նրանում, որ իրենք փորձում են իրենց գործունեության մեջ ներգրավվել իրավապահ համակարգը: Սակայն ոստիկանները դա անում են նկատելի ընդգծված դժկամությամբ: Լսել եմ, որ շատ քննիչներ դիմումներ են գրում, դուրս են գալիս համակարգից»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ