Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ պիտի մերը լինեն Ադրբեջանի 7 շրջանները… քայլեք Երեւանի փողոցներով… ախր էս երկիրը գույն չունի ու շատ է նման ցնցոտիի. Նիկոլ Փաշինյանի ահասարսուռ մտքերը, որ հիմա ցավեցնում են

Նոյեմբեր 22,2020 19:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մի գիշերվա մեջ ստորագրեց Արցախի հողը հանձնելու համաձայնագիրը, իրականում մի գիշերում չէ, որ եկել է այդ մտքին ու դժվար է հող հանձնելը համարել պահի թելադրանք մի պարզ պատճառով. նա տարիներ շարունակ խոսել է հենց այդ մասին, պարզապես նշանակություն չենք տվել:

Որպես առանցքային ու կարեւոր դրվագ չենք կարող չհիշել 2018-ի մայիսի 1-ի Ազգային ժողովի նիստը, որի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առջեւ դրեցին իր «Հայկական ժամանակ» թերթի համարներից մեկը: Այն ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանն էր, որ հիշեցրեց ՀԺ-ում Փաշինյանի «հոդվածներից» մեկը՝ ԼՂ հարցի կարգավորման մասին ու մեջբերեց նրա խոսքերը. «Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ չվերադարձնենք տարածքները»:

Փաշինյանը այդ օրը հերքեց, ասաց, որ նման հոդված գոյություն չունի. «Եկել եք ԱԺ-ում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Դուք եւ ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ դեզինֆորմացիաների տարածման մեջ: Եթե իմ գործունեությունը կարող է մեկը ներկայացնել՝ որպես ազգային եւ պետական շահերին հակասող, այդ մեկին լուրջ հիասթափություն է սպասվում: Կոչ եմ անում դադարեցնել դեզինֆորմացիաների տարածումը»:

Նա ասաց, որ ՀՀԿ որոշ շրջանակներ իրեն վերագրում են ԼՂՀ հարցի հետ կապված սուտ հայտարարություններ, հատուկ ալգորիթմերով, դա տարածում են ԼՂՀ բնակիչ հանդիսացող օգտատերերի շրջանակներում եւ դա արվում է ազգային զարթոնքը կասեցնելու եւ թշնամանք հարուցելու համար:

Արման Սաղաթելյանը Փաշինյանին հարցրեց, թե ինչպե՞ս է փոխզիջումը պատկերացնում, եթե մտադիր է ներկայացնել երկիրը: Փաշինյանը պատասխանեց, որ «Ելքի» նախընտրական ծրագրում հստակ ամրագրված է, որ փոխզիջման մասին խոսելը այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, այդ մթնոլորտում փոխզիջման մասին խոսելը մի փոքր տարօրինակ է. «Մենք կարող ենք այս պայմաններում խոսել միայն սեփական երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Իսկ փոխզիջման մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ուրիշ որեւէ տարբերակ չկա: Ադրբեջանի՝ ինքնորոշման իրավունքից հրաժարումը որեւէ տեղ չի թողնում փոխզիջման մասին»:

Իսկ թե ինչ էր գրված հիշատակված հոդվածում, որը ներկայացվեց որպես ապացույց, հիմա առավել քան արդիական ու ցավեցնող է: Հոդվածի վերնագիրն է՝ «Հողը սիրելով են պահում, իմացեք», այնտեղ Փաշինյանը ներկայացնում է համակարգչային մի խաղի մասին՝ «Ցիվիլիզացիա» կամ «Կեսար», որտեղ խաղացողին տրվում է մի հողակտոր՝ քաղաքակրթություն ստեղծելու, շինություններ կառուցելու, վարկ վերցնելու, զարգացնելու համար:

Փաշինյանը գրում է, որ խաղի մեջ իրեն ամենաշատը գրավում էր պատերազմը, խաղը տալիս է հնարավորություն պատերազմելու ու նոր տարածքներ գրավելու ու ինքը փորձել է ժամ առաջ նետվել պատերազմի մեջ ու տարածքներ գրավել, սակայն պարզվել է, քանի դեռ քո տարածքները չես զարգացրել, խաղը թույլ չի տալիս պատերազմել:

Այդ խաղը համեմատելով արցախյան հիմնախնդրի հետ՝ նա գրում է. «Հույս էլ չունեմ, թե համակարգչային խաղի եւ մեր իրականության համեմատությունը վիրավորական չի լինելու շատ զգայուն «ազգային արժանապատվություն» ունեցող ոմանց համար: Եվ ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ: Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը եւ հարցը դիտարկենք խաղի կանոնների տեսակետից: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին: Բայց մյուս կողմից ընդունում եմ, որ հնարավոր է զուտ տեսական մի վիճակ, որը մեզ նման հնարավորություն ընձեռի: Խոսքն այն վիճակի մասին է, երբ այդ հողերը մեզ իսկապես անհրաժեշտ են, օբյեկտիվորեն անհրաժեշտ են, կամ էլ մենք սպառել ենք մեր 29 հազարում զարգանալու բոլոր հնարավորությունները, սպառել ենք կառուցողական իմաստով: Քայլեք Երեւանի փողոցներով եւ Երեւանից դուրս եկեք չորս ուղղությամբ ու նայեք. ախր էս երկիրը գույն չունի ու շատ է նման ցնցոտիի, անապատի, անմարդաբնակ տարածքի: Ախր էս երկիրը տեր չունի, եւ մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին: Կամ, որ մեր դեպքում ավելի ճիշտ է ասել, չենք ուզում, որ ուրիշը տեր լինի: Եվ իսկապես, ինչի պիտի մերը լինեն Ադրբեջանի յոթ շրջանները, որ մի քանի գեներալ, որ մի քանի գեներալ երկաթգծի ռելսերը վաճառեն իրանցիների՞ն, որ բնությունը ոչնչացնեն ու որպես գերան արտահանե՞ն, որ գործարանները քանդեն վաճառե՞ն…»:

Նոյեմբերի 16-ին, երբ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին: Բա որ պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում», սա մեծ աղմուկ բարձրացրեց: Իսկ հոդվածում մենք տեսնում ենք, որ Փաշինյանը Հայաստանն է համարում գույն չունեցող, ցնցոտիի ու անապատի նման անմարդաբնակ տարածք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30