Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին:
«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը:
Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ նրան հարող տարածքները եղել են և կան Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժան մաս»,- ասել է Պուտինը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն պարտավորեցրել ներքաշվել հակամարտության մեջ:
«ՀԱՊԿ պայմանագիրը նախատեսում էր փոխադարձ օգնություն այդ պայմանագրի մասնակից երկրի տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում: Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոչ մեկ ոտնձգություն չի կատարել, և դա մեզ որևէ իրավունք չէր տալիս ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Նա հավելել է, որ Մոսկվան լիարժեք կատարել է իր պարտավորությունները Երևանի հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանն իրեն լքված, մոռացված չի զգացել: Եվ Ռուսաստանն արել է ամեն բան, որպեսզի այդպես չլինի»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ