Նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն։
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, զինվորականներ և բազում հավատացյալ հայորդիներ։
Հոգևոր դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեց առ Աստված պատերազմական գործողությունների ընթացքում զոհված հերոս զորականների հոգիների հանգստության և խաղաղության համար։
Հիշատակի արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց ողջ ժողովրդին։
Կարդացեք նաև
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Ես իսկ եմ հարություն և կյանք.
ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի»
(Հովհ. ԺԱ 25)։
Սիրելի հավատավոր զավակներ,
Առ Աստված աղոթքով համախմբվել ենք այսօր հարգանքի ու երախտիքի մեր տուրքը մատուցելու Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանության համար զոհված մեր հերոսներին և խոնարհվելու նրանց լույս հիշատակի առջև:
Հայոց նոր գոյապայքարում նահատակված արիասիրտ մեր զինվորների ու զորահրամանատարների քաջագործությունները հավերժական վկայություններ են մեծ հայրենանվիրումի ու ազգասիրության։ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում, որ սանձազերծվեց Թուրքիայի սատարումով և վարձկան ահաբեկիչների ներգրավումով, մեր հերոս զավակները խիզախությամբ մարտնչեցին թշնամու անհավասար ուժի դեմ՝ ի գին իրենց կյանքի պաշտպանելով մեր հայրենիքը։
Այսօր մենք բոլորս սիրելի որդեկորույս ծնողների՝ սգակիր հայրերի ու մայրերի, այրիացյալ կանանց ու որբացած մանուկների հետ միասին մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։ Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաև հպարտություն ենք ապրում նրանց անզուգական խիզախության, անօրինակ սխրանքների և պանծալի քաջագործությունների համար: Մեր հերոսները մարտնչեցին ամենայն անձնվիրությամբ, արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և Հայաստան ու Արցախ աշխարհի խաղաղ, ապահով կյանքի և բարօր առաջընթացի տեսիլքով։ Մեր նահատակների լույս հիշատակի առջև մենք այսօր կոչված ենք և պարտք ունենք արժևորելու և իրականություն դարձնելու նրանց նվիրական երազներն ու տեսիլքները։
Սիրելիներ, դարերի հոլովույթում մեր ժողովուրդը բազում անգամներ մահվան հովիտների միջով է անցել, տեսել է ավեր, կոտորածներ, ցեղասպանություն: Սակայն բոլոր փորձությունների մեջ կարողացել ենք հաղթել մահվանը՝ հավատալով հարուցյալ Հիսուս Քրիստոսին և նրա կենարար խոսքին. «Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի»։ Աստծուն ապավինած՝ մեր ցավն ու վիշտը մենք վերածել ենք ուժի ու զորության, մեր կորուստն ու սուգը վերափոխել ենք կամքի ու վճռականության։ Անգամ ցեղասպանությունից հետո, երբ նահատակվեցին մեր ժողովրդի մեկ և կես միլիոն զավակներ և կորցրեցինք պատմական մեր հայրենիքի մեծագույն մասը, երբ եղեռնից մազապուրծ բազում հայորդիներ տարագրվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, մենք կարող եղանք աննկուն ոգով արևելյան Հայաստանի այս փոքրիկ հատվածում վերակերտել մեր պետականությունը, շենացնել հայրենիքը, սփյուռքում գաղթօջախներ հիմնել և դրանք ծաղկեցնել կրթական, մշակութային, բարեսիրական ու ազգային հաստատություններով և եկեղեցիներով։
Այսօր` պատերազմի հետևանքով ունեցած ցավալի կորուստներով և ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով, մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջև։ Այս դժվարին իրադրության մեջ, հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական և խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները։ Յուրաքանչյուրիս, ի մասնավորի պետական և քաղաքական գործիչների պարտքն է պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար՝ հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության և վառ ու լուսավոր ապագայի։
Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զավակների անձնազոհության ու վառ հիշատակի հանդիման հարկ ի վերա մեր կա պահպանել ﬔր ﬕասնականությունը, հեռու ﬓալ ատելություն ու թշնամանք հրահրող խոսքերից ու գործերից և զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու վտանգներից։ Հայրենասիրության, միաբանության, համերաշխության ու հանդուրժողության ոգով լծվենք արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի նոր կյանքի կերտմանը։
Սիրելի հավատավոր զավակներ, այս պահին սրտաբուխ աղոթքը մեր շուրթերին, մեր գնահատանքը և մեր խոնարհումը բերենք հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսևորած մեր բոլոր քաջարի զորահրամանատարներին, զինվորներին և աշխարհազորայիններին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների արիասիրտ զավակներին։ Աղոթենք զոհված մեր հերոս որդիների հոգիների հանգստության համար՝ հայցելով Ամենազոր Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց ընտանիքներին, ծնողներին, հարազատներին և համայն մեր ժողովրդին: Հայրենյաց պաշտպան մեր նահատակները, իրենց անձերը զոհելով հանուն ազգի ու հայրենիքի, անմահացան և արժանի պիտի դառնան երկնային հավիտենական կյանքին՝ ըստ մեր Տիրոջ խոստման. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի»։
Առ Աստված աղոթքով հայցենք բարվոք ապաքինում վիրավորված մեր զինվորներին, նաև Ամենակալ Տիրոջ խնամքն ու զորակցությունը գերեվարված մեր զավակներին՝ մաղթելով ազատություն և բարի վերադարձ հայրենիք։
Թող Աստծո սերը, շնորհները և օգնականությունը հովանի լինեն մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին, այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ