Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում այս գիշեր հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները մարդասիրական օգնություն են տրամադրել Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերի բնակիչներին:
Հաղորդագրությունում ասված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը նպաստում է կյանքի պայմանների բարելավմանն ու սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանը: Բնակիչների եւ տեղական ինքնակառավարման մարմինների դիմումի հիմքով ռուս խաղաղապահները մարդասիրական օգնության շրջանակում խմելու ջուր են հասցրել Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրեր՝ Խնաբադ, Նախիջեւանիկ, Վարդաձոր, որոնցում ջրամատակարարման խնդիր կա: Նշվում է, որ այս համայնքներում տեւական ժամական ջրամատակարարման խնդիր է եղել, իսկ խմելու ջրի ջրհորները՝ դատարկ:
Բացի այդ, խաղաղապահ առաքելության ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնելու ճանապարհային երթեւեկությունը, սոցիալական օբյեկտների եւ բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջեռուցումը: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ապահովվում է սնունդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների անվտանգ մատակարարումը հեռավոր բնակավայրեր:
«Խաղաղապահ ուժերը նախատեսված են նաեւ տեղի բնակչությանն օգնելու համար: Մեր ղեկավարությանը հասցեագրվել էր Ասկերանի շրջանի ադմինիստրացիայի դիմումը՝ խմելու մաքուր ջրի բացակայության հարցով: Այդ պատճառով մենք եկել ենք օգնելու»,-խաղաղապահ առաքելության մայոր Դմիտրի Պաշկինի խոսքերն է մեջբերում ՌԴ ՊՆ-ն: Նրա խոսքով՝ խաղաղապահները պարբերաբար օգնելու են բնակչությանը խմելու ջուր հասցնելու հարցում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ