«Հայաստանը պարտվել է պատերազմում, Հայաստանը շատ վճռական պարտություն է կրել, թերեւս սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղած պարտությունների պատմության մեջ ամենավճռականն էր, եթե ռուսական միջամտությունը չլիներ, զուտ ռազմի դաշտում ստեղծված իրադրության արդյունքում, ամբողջ Արցախը կարող էինք կորցնել, Հայաստանը նույնպես անպաշտպան էր»,- սա քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանի կարծիքն է սեպտեմբերի 27-ին սկսված, 44 օր տեւած եւ խայտառակ համաձայնությամբ ավարտված պատերազմի մասին: Նրա կարծիքը հիմնված է Անվտանգության խորհրդում Սամվել Բաբայանի արած հայտարարությունների եւ Արայիկ Հարությունյանի հրապարակային մի քանի հայտարարությունների վրա:
Քաղաքագետը «Արցախի Պատերազմը եւ հետեւանքները» թեմայով զեկույցով հանդես եկավ ARPA Institutes –ի հրավիրած քննարկման ժամանակ:
Այս ամենում գլխավոր հարցն է՝ ինչո՞ւ պարտվող կողմը չկարողացավ կանխատեսել եւ համապատասխան դիվանագիտական միջոցներ ձեռք առնել՝ պատերազմը կանխելու համար: Հարցին երկու հիմնավորում է բերվում: Առաջին՝ Հայաստանը ոչինչ չէր կարող անել պատերազմը կանխելու ուղղությամբ, քանի որ պատերազմը Թուրքիան եւ Ադրբեջանն էին սկսել եւ այդ երկրների նպատակը հայկական ներկայության իսպառ ոչնչացումն էր Ղարաբաղում: Այդ մասին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ է ասել՝ մի քանի անգամ, պատերազմի ժամանակ: Եվ եթե նպատակը թուրքական էքսպանսիան էր, ապա, այո, Հայաստանը ոչինչ անել չէր կարող: Կա նաեւ տեսակետ, որ Հայաստանի դիրքորոշումը՝ Արցախի անկախության հարցում արդարացի էր եւ այս հարցում զիջումներ չէին կարող արվել՝ պատերազմից խուսափելու համար:
«Ես մերժում եմ այս երկու տեսակետներն էլ. ես չգիտեմ թե թուրքերի եւ Ադրբեջանի գլխում ի՞նչ ֆանտազիաներ կային: Իրական միջազգային քաղաքականությունը մեծ իղձերի վրա հիմնված չէ: Ասել, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի պահանջը՝ Արցախի իսպառ վերացումն էր, ճիշտ չէր»,- ասում էր Արման Գրիգորյանը՝ հիմնավորելով, որ բանակցություններ կային, փաստաթղթեր էին սեղանին դրված, Ադրբեջանը մասնակից էր բանակցություններին, Թուրքիան էլ՝ ինչ-որ առումով, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբում էր ընդգրկված:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, բանակցային սեղանին դրված վերջին փաստաթուղթը Լավրովի պլանն էր՝ դա փուլային լուծման տարբերակ էր:
«Փաստը մնում է փաստ, որ իրականում, վերջին շրջանում, այս փաստաթուղթը, որը ռուսական միջնորդության արդյունք է եղել, մերժել է Հայաստանը, ոչ թե Ադրբեջանը: Այս պատերազմի իմ բացատրությունն այն է, որ սա Փաշինյանի դիվանագիտության ձախողումն է: Ամենամեծ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը եւ նրա կառավարությունը»,-ասում է քաղաքագետը:
Արման Գրիգորյանը փաստում է, որ իշխանության գալուց հետո Փաշինյանը դուրս եկավ բանակցություններից՝ այն պատճառաբանությամբ, որ իրեն Ղարաբաղի ժողովուրդը չի ընտրել, եւ ինքը բանակցելու մանդատ չունի, ապա Հայաստանի դիրքորոշումները կարծրացան՝ եղավ՝ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտնի հայտարարությունը, ԱԳ նախարարը մի քանի անգամ հայտարարեց, որ բանակցություններ չկան, Դավիթ Տոնոյանի դոկտրին կոչվածն առաջ եկավ՝ «եթե նոր տարածքներ լինեն, Հայաստանը նոր տարածքներ կգրավի», Տավուշում ամռանը գրավված մեկ դիրքը բավական մեծ էպիզոդի վերածվեց, ՌԴ-ն բաց տեքստով մեղադրում էր Հայաստանին բանակցային գործընթացը վիժեցնելու մեջ: Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը Սեւրի պայմանագրի 100 ամյակի մասին հայտարարություն արեցին եւ այլն:
Այս ամենը քաղաքագետը համարում է իրական քաղաքականությունից հեռու դիրքորոշումներ, քանի որ իրական քաղաքականությունը ճիշտ դիրքորոշումների վրա հիմնված չի լինում, այլ շահերի հարաբերակցության վրա, ինչի արդյունքում, այդ կարծր դիրքորոշման համար, մենք աջակիցներ չունեինք. «Եվ ինչպես պատերազմի ելքը ցույց տվեց, ուժերի հարաբերակցությունը մեր օգտին չէր, եւ այդ պարագայում նման քաղաքականություն վարելը իռացիոնալության դրսեւորում էր: Դեռ հունիսին ԳՇ-ն, հետախուզությունը, քաղաքական ղեկավարությանը զեկույց էր ներկայացրել, որ պատերազմը շատ մոտ է, եւ արդյունքը մեր օգտին չի լինելու: Այս ամենից հետո անգամ Հայաստանի դիվանագիտությունը չազդվեց»:
Ի՞նչն էր Նիկոլ Փաշինյանի՝ որոշումների կայացման եւ դիվանագիտության մղող ուժը: Քաղաքագետը պարզաբանում է՝ նրա շատ քայլեր, վարքագիծը, հայտարարությունները եւ պատերազմը: Մասնավորաբար, 2019-ի մայիսի 28-ին, առաջին Հանրապետության տարեդարձի օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սարդարապատի ճակատամարտում հայկական կողմի հաղթանակը դրա նկատմամբ հավատի հետեւանք էր, ոչ թե ռազմական, տնտեսական կամ այլ գործոններով պայմանավորված: Ապա, 2019-ի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեզ չեն հետաքրքրում իրատեսական ծրագրերը, մեզ հետաքրքրում են անիրատեսական ծրագրերը: Իսկ պատերազմից 9 օր առաջ, սեպտեմբերի 18-ին հայտարարում էր, որ վճռականություն ունենք սխալներ անելու, եւ եթե մարդը նման վճռականություն չունի, հաղթանակի չի հասնի: Այս ամենը Արման Գրիգորյանին բերել է այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը «շատ բարդ հարաբերություններ ունի նյութական իրականության հետ. կա արհամարհանք եւ Նիկոլ Փաշինյանի ու իր շրջապատի շատ մարդիկ այն տեսակետին են, որ իրականությունը մի բան է, որը կարող ես կերտել քո ցանկություններով եւ իղձերով»: Այս փիլիսոփայության անունը Արման Գրիգորյանը դրել է «գռեհիկ հակամատերիալիզմ»:
«Սա խաղամոլի հոգեբանություն է, եւ դա իր գործը արեց նաեւ պատերազմի ընթացքում»,- ասում է բանախոսը՝ հիշեցնելով, որ երկու անգամ հայկական բանակը հակահարձակման փորձ արեց, որոնք դատապարտված էին պարտության, քանի որ պատերազմի 2-3 օրը հայտնի էր որ հակառակորդի օդուժին չես կարող զրահատեխնիկայի եւ հրետանու հակահարձակմամբ դիմագրավել: Նա հաստատում է, որ ամբողջ պատերազմի ընթացքում մի քանի առաջարկ է եղել, որ Հայաստանը վերադառնա Լավրովի պլանին, դրա մասին ՌԴ նախագահն էլ ասաց եւ հնարավոր կլիներ բանակցային գործընթացին վերադառնալ: Բայց այդ պատերազմում պատերազմը շարունակվեց 44 օր եւ անընդհատ խոսակցություններ կային, որ բեկում է լինելու եւ հայկական կողմը պատերազմը դադարեցրեց այն բանից հետո, երբ տեխնիկա էլ չէր մնացել:
«Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի ներկա ղեկավարը եւ իր թիմը իրականության որեւիցե զգացողություն չունեն, ապրում են պատրանքների աշխարհում»,- կարծում է Արման Գրիգորյանը:
Բանախոսը քննադատեց նաեւ Փաշինյանի լայվերից մեկում արած այն հայտարարությունը, որ ինքը հասկանում էր, որ ուժերի հարաբերակցությունը մեր օգտին չէ, բայց ժողովրդի մոտ չուներ վստահություն՝ փոխզիջումներով հարցը լուծելու համար եւ կկորցներ իշխանությունը: Արման Գրիգորյանը սա համարում է խոստովանություն եւ նկատում, փոխարեն հասարակության հետ երկխոսության գնալու, փոխարեն բացատրելու փորձեր անելու, Փաշինյանը գնացել է ռիսկի, քանի որ կար վախ, որ քաղաքական հակազդեցություններ կարող էին լինել:
Քաղաքագետը, սակայն, այս պատերազմում պարտվելու մեղքը միայն Նիկոլ Փաշինյանի վրա չի բարդում: Ըստ նրա, մեղավոր են նաեւ Լեւոն-Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը մերժած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք որդեգրեցին «ոչ մի թիզ հող», «ստատուս-քվոն անժամանակ ձգելու» քաղաքականությունը, բայց Հայաստանը չպատրաստեցին պատերազմի:
Այս տեսակ պարտությունից հետո Հայաստանի բանակցային դիրքերը, բանախոսի գնահատմամբ, բավական թուլացել են, Հայաստանի կախվածությունը ՌԴ-ից շատ ավելի մեծ է, քան եղել է անկախության որեւէ շրջանում, նաեւ ներքին ապակայունացման լուրջ վտանգ կա: Բայց նաեւ, այս պատերազմը շատ հստակ ձեւով ի ցույց է դրել մեր պետական եւ քաղաքական համակարգի հնացած լինելը: Նա հույս ունի, որ այս պարտությունը թափ է տալու մեր հասարակությանն ու պետությանը եւ ստիպելու է ծանր ու ցավոտ ռեֆորմներով վերափոխումների գնալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ