Այսօր և էլի հարյուր ու ավելի տարիներ քաղաքականությունը սեղմել է մեր կողերը, իսկ հիմա հասել է մեր պարանոցին՝ պատերազմի տեսքով, և օղակը սեղմվում է, մինչդեռ մենք ջայլամի նման գլուխներս թաղել էինք ավազի մեջ և չէինք ուզում հասկանալ, որ աշխարհն առանց քաղաքականության պարզապես կենդանական աշխարհ է`բնազդներով ապրող…
Մենք`Հայերս, ոչ միայն մշակութաստեղծ ազգ ենք, այլև դարեր շարունակ քաղաքական գործոն ենք եղել Արարչից մեզ բաժին հասած քաղաքակրթական այս խաչմերուկում: Մեզ քաղաքական ասպարեզից դուրս մղեցին այն ժամանակ, երբ մեր հարևանները, հետագայում նաև մեր աշխարհագրական տարածքի վրա հավակնություններ ունեցող ազգերը հասկացան, որ այդ գործոնը եթե վերացնեն, ապա կիրականացնեն իրենց քաղաքական գործոն լինելու մենաշնորհը, մի բան, որ մի քանի դար է դա հաջողվում է մե՛րթ` մեկին, մե՛րթ` մյուսին:
Բոլորի նպատակը մեկն է եղել` «Հայաստանն առանց հայերի»: Ու կարծես այդ ծրագիրը անվերջ է, և երբեմն մի ազգ է լինում առաջատարը, երբեմն միաբանվում ու միավորվում են այդ ծրագրի շուրջ անգամ աշխարհաքաղաքական հակառակորդ պետությունները` յուրաքանչյուրն իր բաժինը տանելու նպատակով: Ցավոք, դա նրանց հաջողվել է:
Այսօր` արցախյան պատերազմում մեր դաժան պարտության ժամանակ դա վերջնականապես հաստատվեց ի վնաս հայերիս. մեր հայրենիքի տարածքները դարձյալ բաժանեցին իրար միջև՝ առանց մեր կամքը հաշվի առնելու, իսկ մենք կարծես գոհ մնացինք, որ մեզ վերջնականապես չոչնչացրեցին: Մինչդեռ մենք՝ հայերս՝ որպես պետություն և աշխարհաքաղաքական միավոր, այս էլ քանի դար, չենք մշակում մեր, ժամանակակից բնորոշմամբ, գոյության, գոյատևման և հզորացման ճանապարհային քարտեզը:
Կարդացեք նաև
Մի առիթով գրել եմ, որ 80-90-ականներին Հայաստանում չունեինք քաղաքագետներ՝բառիս իրավագիտական և քաղաքական իմաստով, այդ պատճառով էլ Արցախի հարցը դրսի ուժերի և մեր ներսի դերակատարների ձեռքով շեղվեց հայանպաստ ընթացքից: Վերջին երկու տասնամյակում Հայաստանում քաղաքագետներն ու քաղաքական վերլուծաբաններն իրենց թվով ու որակով չեն զիջում ոչ ոքի: Դա լա՞վ է, թե՞ վատ:
Լավ է, քանի որ բնական ընտրության օրենքով և քանակը որակի փոխվելու բնական և փիլիսոփայական անխախտ օրենքով, մենք պիտի ունենայինք մշակված և գործի դրված «քաղաքագիտություն» դիսցիպլինը, որը պիտի մշակեր ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգը, և անկախ այն բանից, թե ով է երկրի նախագահը կամ վարչապետը, և ո՞րն է նրա կուսակցական պլատֆորմը, երկիրը պիտի գնար քաղաքական այդ ուղիով: Բայց Հայաստանում այդպես չի եղել, և կարծես հին, թյուր ավանդույթը շարունակվում է: Կա քանակ, չկա որակ, ավելի ճիշտ՝ չկա արդյունք, չկա նրանց անհատական քաղաքական վերլուծությունների օգտակար գործողության գործակիցը:
Այս տարի նոյեմբերի 22-ին լրանում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ՝Հայաստանի պետական սահմանների ճանաչման Իրավարար վճռի 100-ամյակը: Մեր պետությունը պետք է պատրաստվեր հայաստանանպաստ այս փաստաթուղթը միջազգային քաղաքական և դիվանագիտական բարձր ատյաններում ներկայացնելու՝ հիշեցնելով այն ստորագրող պետություններին իրենց անժամանցելի պարտականությունները և Իրավարար վճիռը կյանքի կոչելու պարտավորությունները:
Հասարակությունը, և մեր ժողովուրդի մի հատվածը, բարեբախտաբար, ծանոթ է այդ փաստաթղթի գոյությանը՝ շնորհիվ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանի բազմաթիվ հոդվածների, ռադիո-հեռուստաելույթների և վերջապես այդ պատմական փաստաթղթերի 327 էջանոց և քարտեզների հավաքածուի ամբողջական ժողովածուի՝ 2011թ. հրատարակումով: Այս գիրքը անժխտելի բանալի է մեր ձեռքին՝ հայոց պահանջատիրության մի մասը իրականացնելու: Գիրքը հրատարակման է պատրաստվել Արա Պապյանի ղեկավարած Մոդուս Վիվենդի կենտրոնի կողմից, հրատարակման ծախսերը հոգացել են սփյուռքահայ բարերարներ Վարդան Սիրմաքեշը և Հրաչ Գաբրիելյանը։
Գիրքը լույս է տեսել նախ՝բնագրով՝ անգլերեն, ապա ռուսերեն, պատրաստվում է նաև գրքի հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն թարգմանությունը:
Ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանը քաղաքական-դիվանագիտական ասպարեզ չի բերել միջազգային իրավունքի տեսակետից այս անթերի փաստաթուղթը, որն աներկբայորեն հաստատում է նաև Հայաստանի անվերապահ քաղաքական իրավունքները Արևմտյան Հայաստանի 4 նահանգների և Կիլիկիայի, նաև Լեռնային և Դաշտային Ղարաբաղի ու Նախիջևանի հանդեպ: Դաժան պատերազմից հետո, որը դեռ ավարտված չէ, այս օրերին առավելապես ճիշտ ժամանակն է Իրավարար Վճիռը դնել եվրոպական պետությունների սեղանին, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը և քաղաքական պարտավորվածություն ունեն դրա՝ ուժի մեջ մտնելուն: Անհեթեթ և ադրբեջանամետ բանակցությունները շարունակելու փոխարեն, հենց այս փաստաթուղթը պետք է դրվեր սեղանին՝առանց Ադրբեջանի մասնակցության, քանի որ այդ պետական կազմավորումը ոչ մի իրավական և քաղաքական առնչություն չունի այդ իրավարար վճռի և առհասարակ այս տարածաշրջանի ու նրա պատմության հետ:
Իրավաբանորեն այս պատերազմին չմասնակցած Հայաստանին պարտադրվեց կապիտուլյացիա-սա քաղաքական դավադրություն է Հայաստանի դեմ: Հիմա էլ ուշ չէ ,մենք պետք է օգտվենք օր օրի սրացման գնացող ռուս- թուրքական հարաբերությունների լարվածությունից և աշխարհաքաղաքական անհամաձայնություններից և վեր հանենք Վուդրո Վիլսոնի մշակած Իրավարար Վճիռն ու գործի դնենք այն: Դրանով նաև արցախյան խնդիրը միանձնյա լուծած Ռուսաստանին սթափության կոչ կլնի, ինչո՞ւ ՝չէ, նաև օգնություն՝այս սխալ գործողության հետևանքներից խուսափելու համար, քանի որ Իրավարար վճռի հայանպաստ իրականացումը բխում է նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական, ինչո՞ւ՝ ոչ, նաև նրա տարածքային ամբողջականության պահպանման հեռանկարից…
Եթե ժամանակին` 20-րդ դարի իննսունական թվականներին Հայաստանի քաղաքական վերնախավը այն դներ ՄԱԿ-ի միջազգային դատարանի քննարկմանը, ապա, վստահ եմ , որ ռազմական ընդհարումներից և ոչ մեկը չէր լինի, առավել ևս՝ հավանական նոր բախումներ չէին լինի և հիմա, որ ժամանակավորապես կասեցվեց ռազմական այս հզոր բախումը, հղի են անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն մեր երկու՝ հակամարտող կողմերի, այլև տարածաշրջանի քաղաքական ուժեղ խաղացողների համար: Վերջին շրջանի քաղաքական անկանխատեսելի արագընթաց իրադարձությունները , իսկ հրահրողների համար ծրագրված գործողությունները, գոնե հիմա մեզ պետք է զգաստության կոչեն և մղեն դիվանագիտական ճկուն քայլեր կատարելու: Մինչդեռ Հայաստանում թափով ընթանում և խորանում է երպառակությունը հասարակության ներսում, իշխանությունը պահելու կամ իշխանությանը տիրելու պայքարը, որը խորացնում է երկրի ներսում լարվածությունը… Իսկ տարածաշրջանում քաղաքական լարվածությունը չի թուլանում, հակառակը, հարևան պետությունները շարունակում են ընդարձակել իրենց սպառազինությունը…
Ադրբեջանը միացել է այս տարածաշրջանում շահեր հետապնդող և լարվածություն հրահրող պետություններին, և հենց դա էլ եղավ Արցախի պարտության հիմնական պատճառը:Այս պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը հայտնվել են աշխարհաքաղաքական և ռազմական, հետևաբար նաև տնտեսական շրջափակման մեջ. Իրանի հետ ունեցած Մեղրիի սահմանը այսօր այլևս չի պատկանում միայն Հայաստանին՝որպես իր պետական տարածք և ռազմավարական հաղթաթուղթ:
Այս իրողությունը կարող է լուրջ հարվածել նաև Հայաստանի դաշնակից Իրանին՝ներգրավելով նրա հյուսիսային շրջանների թյուրքախոս պարսիկներին՝ շեղելով Իրանի ուշադրությունը, որը կբերի նրա ներքին ուժերի մասնատման…Իրանին պատերազմի մեջ ներքաշելը և արաբական գարնան սցենարը կիրառելը դարձյալ հիմնականում բխում է այդ տարածքների վրա քաղաքական և աշխարհագրական հավակնություններ ունեցող երկրների՝Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի քաղաքական շահերից: Արաբական երկրների մեծ մասը թուլացել է և՛ քաղաքականապես, և՛ տնտեսապես: Մերձավոր Արևելքի հզոր պետությունը մնում է Իրանը, որն իր աշխարհաքաղաքական շահերով հակառակորդ է Թուրքիային, և Իրանը, կարծում եմ, չի հանդուրժելու Թուրքիայի ՝տարածաշրջանում գերակա դիրքեր ունենալը: Սակայն Իրանին կարող է իրապես սպառնալ «իրանական գարուն», եթե նա չմտածի իր արյունակից թալիշների հետ վերամիավորվելու կամ նրանց ինքնորոշման խնդիրը լուծելու մասին:
Այս քաղաքական ավերածությունները, որ մոտակա կարճ ժամանակահատվածում հավանական կլինեն տարածաշրջանում, իսկ մեզ համար նաև արդեն ռազմական հզոր հարված եղավ, եղավ մարդուժի ահռելի կորուստ, եղավ սահմանների փոփոխություն մեր շուրջը, մինչդեռ մենք, ցավալի է և զարմանալի, որ ապրելով այս վառոդով լի տակառի վրա, անգամ չէինք փորձում հասկանալև հստակեցնել, թե քաղաքական ինչ վեկտոր ենք ընտրելու Հայաստանի Հանրապետության ներկայի և ապագայի համար:
Երկրի, պետության քաղաքական քարտեզը միայն զենքով չէ ,որ գծվում է, և սա ապացուցել է ժամանակը:
Հիմա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար Վճռի մասին:
Որպես տեղեկանք ՝
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը իր կազմած իրավարար վճիռը ստորագրել է Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակից ուժերի (Անտանտի) Գերագույն խորհրդի Մեծ եռյակի` Դաշնային բոլոր ուժերի անունից։ Սույն Իրավարար վճիռը կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է նաև դաշնակից և նրանց իրավահաջորդ բոլոր պետությունների` ներկայումս ՄԱԿ-ի 192 անդամ պետություններից 142-ի` այդ թվում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից չորսի` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մ. Բ. Միացյալ Թագավորության և Չինաստանի համար։
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից մշակված և Իրավարար վճռով հաստատված Հայաստանի պատմական հողերի վերադարձի նախնական քարտեզն ընդգրկում էր «ծովից ծով» տարածք` Սև, Միջերկրական և Կասպից ծովը ներառյալ:
Այսպիսին է եղել Իրավարար վճռի նախնական քարտեզը: Երբ այն դրվել է եվրոպական պետությունների հաստատմանը, պետությունների մի մասն այդ քարտեզը անհամատեղելի է համարել հայոց ցեղասպանությունից հետո հայազրկված Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հետ`փաստարկելով, թե այդ տարածքներում բավարար թվով կամ բնավ հայեր չկան, որպեսզի բնակեցվեն այդ տարածքները…
Փոխանակ դատապարտեին բռնագաղթ կազմակերպած ու երկիրը կոտորածներով հայաթափած թուրքական կառավարությանը, անտրամաբանական փաստարկ է բերվել`այդքան հայ արդեն չի ապրում այդ տարածքներում, և ոչ մի հարց՝ իսկ ու՞ր են այդ բնակավայրերի հայերը:
Եվ դարձյալ մեր փոխարեն ուրիշներն են որոշել մեր հայրենիքի սահմանները, որովհետև մենք մոռացել ենք մեր արքաների` «Սահման քաջաց զենքն է յուրյանց» անխախտ օրենքը:
Ըստ Իրավարար վճռի քարտեզի՝ Նախիջևանն ու Լեռնային և Դաշտային Ղարաբաղը մտնում էին այդ քարտեզի սահմանների մեջ:
Արցախյան հերոսական և հաղթական ազատամարտից հետո պետք է վերջնականապես լուծվեր Արցախի վարչական-քաղաքական պատկանելության հարցը, դեռ ավելին, Ադրբեջանի հրահրած պատերազմի պատճառած վնասները պիտի փոխհատուցվեին ռազմատուգանքի ձևով, և կնքվեր ոչ թե զինադադար, այլ «Կապիտուլյացիա»:
Մինչդեռ 26 տարի անց մեզ պարտադրեցին նոր ու դաժան պատերազմ`այս բոլոր տարիներին կոպտորեն խախտելով զինադադարի մասին միջազգային բոլոր օրենքները: Մեր երկրի քաղաքական վերնախավը`ի դեմս ՀՀ երեք նախագահների և այսօր վարչապետի, պետք է ներկայացնեին այդ փաստաթղթերի փաթեթը ` որպես միակ և միջազգային իրավունքի տեսակետից արժանահավատ փաստաթուղթ ՄԱԿ-ի, Եվրամիության, Յունեսկոյի, Մարդու իրավունքների միջազգային դատարաններին`արցախյան խնդիրը ո՛չ ռազմական, անգամ ոչ բանակցային ճանապարհով լուծելու պահանջով:
Այս խնդրի լուծման բանալիներից մեկն էլ 1921 թ․,Սովետական Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի՝ Ստալինի գլխավորությամբ, ապօրինի որոշումն էր, որով Նախիջևանն ու Արցախ աշխարհը ՝Լեռնային և Դաշտային, տրվեց նորաստեղծ Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը: Եվ այդ օրվանից հիմք դրվեց Արցախի ՝ Հայաստանին վերամիավորվելու պայքարը:
Մեր անկախության 30 տարիներին մենք չարդարացված զոհեր ենք տվել այդ պայքարում. չարդարացված ոչ այն առումով, որ իզուր են մեր զինվորները կռվել ու զոհվել մեր հայրենիքը պաշտպանելու համար, այլ որ այդ պատերազմը չէր լինի իննսունականներին, այսօր էլ չէր վերսկսվի, եթե մեր քաղաքական վերնախավը կարողանար հարաբերական խաղաղության տարիներին քաղաքական և իրավական լուծում տալ դրան… Ա
յս դաժան պատերազմում դարձյալ զոհվեցին մեր հայ երիտասարդները, որոնք դեռ չէին հայրացել, և վաղը նրանց փոխարեն չեն ծնվի ապագա զինվորներ… Մենք բոլորս պատասխանատու էինք նրանց կյանքի համար:
Այո՛, Հայրենիքը պետք է պաշտպանել թշնամու հարձակումներից, բայց բնավ պարտադիր չէ, որ այդ պաշտպանությունը ամեն անգամ վերածվի երիտասարդ սերնդի սպանդի, երբ կա խնդրի լուծման իրավական ճանապարհ…
Մենք ունենք շախմատի` հաղթանակ բերող այն միակ և անբեկանելի ՔԱՅԼԸ` ՇԱԽԸ , որին կհետևի անառարկելի ՄԱՏԸ` ՀԱՂԹԱՆԱԿԸ…Մենք ազգովին շախմատ խաղացող ժողովուրդ ենք:Մի՞թե մեր քաղաքական հմտությունները սահմանափակվում են միայն 64 վանդակների սահմաններում…
Ժամանակն է, որ մենք վերականգնենք մեր` հայերիս ու Հայաստանի քաղաքական գործոն լինելու պատմական ավանդույթները…Աշխարհը շատ արագ է փոխվում, մենք ճոճանակի վրա օրորվելով թափ հավաքելու ժամանակ չունենք, մանավանդ պատերազմում պարտության ապտակ ստալուց հետո… Հաղթում են այն ազգերը, որոնք աշխարհաքաղաքականության ասպարեզում դառնում են ռազմական և քաղաքական գործոն՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա…
Հավատացե՛ք, մենք կարող ենք Հայաստանի համար քաղաքական նոր և բարենպաստ քարտեզ գծել, ընդլայնել այն և պաշտպանել, քանի որ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՆՈՒՅՔԱՆ ԶՈՐԵՂ Է …
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ