Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմը՝ մեր գլխավոր թշնամին

Նոյեմբեր 22,2020 12:00

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հաղթած նախագահ

Պոպուլիստ ասելով՝ հիմնականում ու սովորաբար նկատի ենք ունենում ներքաղաքական ընդդիմադիրներին, ովքեր սովորաբար հրաժարական են պահանջում գործող իշխանություններից: Սովորաբար նրանք վկայակոչում են ժողովրդին, ասելով, որ իշխանություններից հրաժարական պահանջողը ոչ միայն իրենք են, այլեւ՝ ողջ ժողովուրդը: Եվ նրանք չեն սխալվում, քանզի սովորաբար ժողովուրդը միշտ էլ կողմ է իշխանությունների հրաժարականին:

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն այդ իմաստով բացառություն էին. նախ՝ որովհետեւ ողջ թավշյա հեղափոխության ընթացքում ինքն էր իր թիմի հետ իշխանություններից հրաժարական պահանջում եւ իրենց «Իմ քայլով» հաջողությամբ իրականություն դարձրեց իրենց այդ պահանջը:

Հատկապես թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ժողովուրդը հեղափոխական վարչապետից հրաժարական չէր պահանջում, քանզի ժողովուրդը հույս ուներ, որ Փաշինյանը շատ մոտ ապագայում խստագույնս պատժի կարժանացնի բոլոր նախկին իշխանավորներին, ովքեր տարիներ շարունակ թալանել ու հարստահարել էին իրենց իսկ երկիրն ու իրենց իսկ ժողովրդին: Ինչպես արդեն գիտեք, ժողովրդի այդ հույսը չիրականացավ. հարստահարողներից որեւէ մեկը կարգին չպատժվեց:

Այնուհետեւ սկսվեց Ղարաբաղյան վերջին պատերազմը, որի ընթացքում ամենից ավելի հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր պոպուլիզմով զբաղվում ու հանդես գալիս, ինչպես նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, եւ նրանց երկուսի պոպուլիզմն էլ պարուրված էին „Հաղթանակ„ կարգախոսի շղարշով, եւ մեր հաղթանակին գրեթե բոլորս էինք հավատում՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի ընդդիմադիրները, որոնք Փաշինյանից ու Հարությունյանից հրաժարական չէին պահանջում, քանզի իրենք նույնպես հավատում էին մեր հաղթանակին:

Ընդդիմության պոպուլիզմը ծայր առավ ու սկսվեց Շուշիի անկումից ու տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո, եւ անմիջապես սկսվեցին 17 կուսակցությունների՝ հրաժարական պահանջող ելույթները, որոնք նույնպես բերնեբերան լեցուն են պոպուլիզմով: Ցավալին այն է, որ ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունն են պոպուլիստ, այլեւ՝ նրանց հարող լրատվամիջոցները եւ լրագրողները:

Ի միջի այլոց, Արցախի հարցում դիվանագիտական իմաստով մեր նահանջը նմանապես մեր համընդհանուր պոպուլիստական մտածողության ու մոտեցման արդյունք է: Արցախի անկախության տարբերակին մենք տարիներ շարունակ պոպուլիստաբար ու առանց հասկանալու հակադրել ենք Արցախի՝ Հայաստանի հետ միացման մոտեցումն ու տարբերակը, որը ինչպես հիմա ենք հասկանում, հակասում է Արցախի ինքնորոշման ու անկախության տարբերակին:

Վերնագրում նշեցինք ,որ պոպուլիզմն է մեր գլխավոր թշնամին: Շարունակելով՝ նաեւ ակնարկեցինք, որ բոլորս՝ գրեթե բոլորս ենք պոպուլիստ. հատկապես քաղաքական գործիչները՝ թե՛ իշխանամետ եւ թե՛ ընդդիմադիր:

-Մի՞թե անխտիր բոլորն են պոպուլիստ,- անկասկած կհարցնեք դուք: Կպատասխանեմ՝ ոչ, իհարկե, ոչ բոլորը:

-Ովքե՞ր պոպուլիստ չեն,- բնականաբար կհարցնեք դուք:

Կպատասխանեմ ու կասեմ՝ իմ կարծիքով, պոպուլիստ չեն Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու վերջին նախագահ Արմեն Սարգսյանը: Ինչպես նաեւ՝ Վանո Սիրադեղյանն ու Ավետիս Հարությունյանը: Եվ ուրիշներ:

Առաջին նախագահին չհասկանալով՝ տարիներ առաջ պարտված նախագահ անվանեցինք եւ իր հրաժարականը պահանջեցինք: Եվ նա հրաժարական տվեց: Եվ հիմա՝ Շուշին տալուց հետո միայն մտածելով հասկանում ենք, որ մեր Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ թե պարտված նախագահ էր, այլ ընդհակառակը, հաղթած նախագահ:
Հիմա արդեն շատերն են դա հասկանում:

Ով էլ որ դեռ չի հասկացել, հետո հաստատ կհասկանա:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30